Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 20

Աբիմելեքը տանում է Սառային և հետո ընծաներով վերադարձնում
   
1. Եվ Աբրահամն այնտեղից դեպի հարավ գնաց ու բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու Գերարում պանդուխտ եղավ:
2. Եվ Աբրահամն իր կնոջ՝ Սառայի համար ասաց. «Նա իմ քույրն է»: Եվ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային:
3. Բայց Աստված գիշերը երազում այցելեց Աբիմելեքին և ասաց նրան. «Ահա դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա մի մարդու կին է»:
4. Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե կորստյան կմատնես անմեղ ազգին:
5. Մի՞թե նա ինքը չասաց, թե նա իմ քույրն է, և հենց սա էլ ասաց, թե նա իմ եղբայրն է: Ես այս բանն արեցի ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով»:
6. Եվ Աստված երազում ասաց նրան. «Ես էլ գիտեմ, որ ուղիղ սրտով արեցիր: Ես թույլ չտվեցի նաև, որ Իմ դեմ մեղք գործես, որի համար չթողեցի, որ մոտենաս նրան:
7. Եվ հիմա կնոջն իր ամուսնուն վերադարձրու, որովհետև նա մարգարե է, և թող նա աղոթի քեզ համար, որ ողջ մնաս: Իսկ եթե դու նրան չվերադարձնես, ապա իմացի՛ր, որ անպատճառ կմեռնեք ամենքդ»:
8. Եվ Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու այս ամենը պատմեց նրանց: Եվ մարդիկ շատ վախեցան:
9. Եվ Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր: Ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ ու իմ թագավորության վրա մեծ մեղք բարդեցիր: Դու ինձ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր անի»:
10. Եվ Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ինչո՞ւ այս բանն արեցիր»:
11. Եվ Աբրահամն ասաց. «Ես մտածեցի, որ այստեղ իսկապես չեն վախենում Աստծուց, ու ինձ կսպանեն կնոջս պատճառով:
12. Բայց նա, արդարև, իմ քույրն է. նա հորս դուստրն է, բայց ոչ մորս դուստրը: Եւ նա իմ կինը դարձավ։
13. Եվ երբ Աստված իմ հոր տանից ինձ պանդխտության տարավ, ասացի նրան. “Թող քո կողմից ինձ երախտիք լինի, որ ուր էլ գնանք, ասես, թե քո եղբայրն եմ”»:
14. Եվ Աբիմելեքը ոչխարներ, արջառներ, ծառաներ և աղախիններ տվեց Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային, վերադարձրեց իրեն:
15. Եվ Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրն առջևդ է, բնակվիր այնտեղ, ուր կցանկանաս»:
16. Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի եղբորդ: Քանի որ հանդիմանվեցիր, թող դա քեզ համար աչքերի քող լինի այն ամենի համար, ինչ եղավ քեզ հետ»:
17. Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջը և նրա աղախիններին, ու նրանք սկսեցին ծնել,
18. Որովհետև Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով Տերը փակել էր Աբիմելեքի ընտանիքի բոլորի արգանդները: