Սառայի մահը և թաղումը
1. Եվ Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի: Այսքան էին Սառայի կյանքի տարիները:
2. Եվ Սառան մեռավ Կարիաթարբայում՝ Քեբրոնում, որ գտնվում է Քանանի երկրում: Եվ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի մահը:
3. Եվ Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից ու խոսեց Քետի որդիների հետ՝ ասելով.
4. «Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ: Ինձ գերեզմանի տեղ տվեք ձեզ մոտ, որ ես իմ ձեռքով թաղեմ իմ մեռելին»:
5. Եվ Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով.
6. «Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ իբրև Աստծո մի իշխան ես: Թաղի՛ր քո մեռելին մեր գերեզմանների ամենալավ տեղում: Մեզանից ոչ ոք չի մերժի քեզ տալ իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»:
7. Եվ Աբրահամը վեր կացավ ու գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի որդիների առաջ:
8. Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե դուք համաձայն եք, որ իմ մեռելին ես անձամբ թաղեմ, ապա լսե՛ք ինձ: Բարեխոսե՛ք Սահառի որդի Եփրոնի մոտ,
9. Որ ինձ հատկացնի իրեն պատկանող Մաքփելայի այրը, որն արտի եզրին է, և այն տա իր արժեցող գնով, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեզ մոտ»:
10. Եվ Եփրոնը նստած էր Քետի որդիների մեջ: Եվ քետացի Եփրոնը, ի լուր Քետի որդիների և այն բոլոր մարդկանց, որ մտնում էին քաղաքի դռներով, պատասխանեց Աբրահամին ու ասաց.
11. «Ո՛չ, տե՛ր իմ, լսի՛ր ինձ: Քեզ եմ տալիս արտը և այրը, որ նրա մեջ է: Այն քեզ եմ տալիս և իմ ժողովրդի որդիների աչքի առջև եմ տալիս: Թաղի՛ր քո մեռելին»:
12. Եվ Աբրահամը գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդի առաջ:
13. Եվ ի լուր այդ երկրի ժողովրդի՝ խոսեց Եփրոնի հետ ու ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ, ես տալիս եմ արտի գինը: Վերցրո՛ւ այն, և ես այնտեղ կթաղեմ իմ մեռելին»:
14. Եվ Եփրոնը պատասխանեց Աբրահամին ու ասաց.
15. «Լսի՛ր ինձ, տե՛ր իմ: Հողակտորն արժե չորս հարյուր սիկղ արծաթ: Դա ի՞նչ է իմ ու քո միջև, թաղի՛ր քո մեռելին»:
16. Եվ Աբրահամը լսեց Եփրոնին. Աբրահամը կշռեց արծաթը, տվեց Եփրոնին, ինչպես ասել էր Քետի որդիների առջև, այսինքն չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշռով:
17. Եվ Եփրոնի արտը, որ գտնվում է Մաքփելայում՝ Մամբրեի դիմաց, արտի մեջ գտնվող այրը, արտի և նրա շրջակա սահմանների բոլոր ծառերը
18. Հաստատվեցին որպես Աբրահամի սեփականություն Քետի որդիների և այն բոլորի աչքի առջև, որ մտնում էին նրա քաղաքի դռներով:
19. Եվ դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմաց գտնվող Մաքփելայի արտի այրում, որ գտնվում է Քեբրոնում՝ Քանանի երկրում:
20. Եվ արտն այրի հետ միասին Քետի որդիների կողմից համարվեց որպես Աբրահամի սեփականություն գերեզմանի համար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: