Իսահակին տրված խոստումը
1. Եվ երկրում սով ընկավ, ոչ այն սովը, որ եղավ Աբրահամի օրերին: Եվ Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ:
2. Եվ Տերը երևաց նրան ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ:
3. Պանդուխտ պիտի լինես այս երկրում, և Ես քեզ հետ կլինեմ ու քեզ կօրհնեմ, որովհետև քեզ ու քո սերնդին եմ տալու բոլոր այդ երկրները ու պիտի հաստատեմ այն խոստումը, որ տվեցի քո հայր Աբրահամին:
4. Եվ կբազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ ու բոլոր այդ երկրները քո սերնդին կտամ, և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն,
5. Որովհետև Աբրահամը լսեց Իմ խոսքը ու պահեց Իմ հրամանները, Իմ պատվիրանները, Իմ կանոնները և Իմ օրենքները»:
Իսահակը բնակվում է Գերարում
6. Եվ Իսահակը բնակվեց Գերարում:
7. Եվ տեղի մարդիկ հարցրեցին նրան իր կնոջ մասին, և նա ասաց, թե իմ քույրն է, որովհետև զգուշացավ ասել, թե իմ կինն է: Մտածեց՝ գուցե այստեղի մարդիկ իրեն կսպանեն Ռեբեկայի պատճառով, որովհետև նա տեսքով գեղեցիկ կին էր:
8. Եվ երկար ժամանակ նա մնաց այնտեղ: Փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց ու տեսավ, որ ահա Իսահակը խաղ էր տալիս էր իր կնոջ՝ Ռեբեկայի հետ:
9. Եվ Աբիմելեքը կանչեց Իսահակին ու ասաց. «Ահա նա հենց քո կինն է, բայց ինչո՞ւ ասացիր, թե նա իմ քույրն է»: Եվ Ւսահակը պատասխանեց նրան. «Որովհետև մտածեցի՝ գուցե նրա պատճառով մեռնեմ»:
10. Եվ Աբիմելեքն ասաց. «Այս ի՞նչ արեցիր, քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու մեզ հանցանքի մեջ գցեիր»:
11. Եվ ապա Աբիմելեքը հրամայեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ դիպչի այս մարդուն կամ նրա կնոջը, մահվամբ կպատժվի»:
Հաջողություն և անհաջողություն
12. Եվ Իսահակը ցանեց այդ երկրում և այդ տարի հարյուրի չափ արդյունք ստացավ: Եվ Տերն օրհնեց նրան:
13. Եվ մեծ մարդ դարձավ, գնալով հարստացավ և մեծահարուստ դարձավ:
14. Եվ ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ: Փղշտացիները նախանձեցին նրան:
15. Եվ նրա հոր՝ Աբրահամի օրոք նրա ծառաների փորած բոլոր ջրհորերը փակեցին ու դրանք հողով լցրեցին։
16. Եվ Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև դու մեզանից շատ ավելի զորավոր եղար»:
17. Եվ Իսահակը հեռացավ այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում ու բնակվեց այնտեղ:
18. Եվ Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորերը, որոնք փորել էին իր հոր օրոք, բայց փղշտացիները փակել էին Աբրահամի մեռնելուց հետո: Եվ դրանք կոչեց այն նույն անուններով, ինչ անուններ դրել էր իր հայրը:
19. Եվ Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ մի կենդանի ջրի հոր գտան:
20. Եվ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»: Եվ այդ ջրհորի անունը Էսեք դրեց, որովհետև նրանք կռվեցին միմյանց հետ:
21. Եվ մի ուրիշ հոր փորեցին և դրա համար էլ կռվեցին: Եվ դրա անունը Սիթնա դրեցին:
22. Եվ այնտեղից գնաց ու մի ուրիշ հոր փորեց, ու դրա համար չկռվեցին: Եվ դրա անունը Ռոհոբոթ դրեց ու ասաց. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և մենք երկրի վրա կբազմանանք»:
23. Եվ Իսահակն այնտեղից Բերսաբեե գնաց:
24. Այդ գիշեր Տերը երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ: Հանուն Իմ ծառա Աբրահամի՝ Ես կօրհնեմ ու կբազմացնեմ քո սերունդը»:
25. Եվ Իսահակն այնտեղ զոհասեղան շինեց ու Տիրոջ անունը կանչեց: Այնտեղ վրան խփեց, ու Իսահակի ծառաներն այդ տեղում ջրհոր փորեցին:
26. Եվ Աբիմելեքն իր բարեկամ Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ Գերարից նրա մոտ գնաց:
27. Եվ Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք ու ինձ հեռացրիք ձեր մոտից»:
28. Եվ նրանք պատասխանեցին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, և ասացինք՝թող երդում լինի մեր միջև, այսինքն մեր ու քո միջև և ուխտ կնքենք քեզ հետ,
29. Որ մեզ վատ բան չանես, ինչպես որ մենք քեզ ոչինչ չենք արել, որովհետև քո հանդեպ բարի ենք եղել և քեզ ճանապարհել ենք խաղաղությամբ: Արդ, դու Տիրոջ օրհնյալն ես»:
30. Եվ Իսահակը նրանց համար խնջույք արեց, և նրանք կերան ու խմեցին:
31. Եվ վաղ առավոտյան վեր կացան ու իրար երդում տվեցին: Եվ Իսահակը ճանապարհեց նրանց, ու նրանք գնացին խաղաղությամբ:
32. Եվ այդ օրը եկան Իսահակի ծառաները և նրան պատմեցին այն ջրհորի մասին, որ փորում էին ու ասացին, թե ջուր են գտել:
33. Եվ ջրհորը Սաբեե անվանեց: Այդ պատճառով այդ քաղաքի անունը Բերսաբեե է կոչվում ցայսօր:
34. Եվ Եսավը քառասուն տարեկան էր, երբ քետացի Բեերի դուստր Հուդիթին և քետացի Ելոնի դուստր Բասեմաթին իրեն կին առավ:
35. Եվ սրանք Իսահակի և Ռեբեկայի համար հոգու դառնություն եղան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: