Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 27

Հակոբը խորամանկությամբ օրհնություն է ստանում:
   
1. Եվ երբ Իսահակը ծերացավ, ու նրա աչքերը տկարացան, կանչեց իր ավագ որդի Եսավին ու ասաց. «Որդի՛»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
2. Եվ Իսահակն ասաց. «Ահա ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը:
3. Եվ հիմա վերցրո՛ւ քո զենքները՝ կապարճը և աղեղը, գնա՛ դաշտ և ինձ համար որս արա:
4. Ինձ համար պատրաստիր իմ սիրած խորտիկներն ու բեր, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ, քանի դեռ ողջ եմ»:
5. Եվ Ռեբեկան լսեց, թե ինչ ասաց Իսահակը Եսավին: Եվ Եսավը գնաց դաշտ՝ որսի:
6. Եվ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ՝ ասելով. «Ահա լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբայր Եսավի հետ ու ասում.
7. “Ինձ համար որս բեր և ինձ համար խորտիկներ պատրաստիր, որ ուտեմ և իմ մեռնելուց առաջ Տիրոջ առջև օրհնեմ քեզ”:
8. Եվ հիմա, որդի՛ս, լսի՛ր ինձ, թե ինչ եմ քեզ պատվիրում:
9. Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ուլ բեր: Ես դրանցից քո հոր համար իր սիրած խորտիկները կպատրաստեմ:
10. Դու այն կտանես քո հորը, նա կուտի և իր մեռնելուց առաջ կօրհնի քեզ»:
11. Եվ Հակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Ահա իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ:
12. Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա լինեմ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»:
13. Եվ մայրն ասաց նրան. «Քո անեծքն ինձ վրա լինի, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնա ինձ համար բե՛ր դրանք»:
14. Եվ նա գնաց, բերեց ուլերը ու տվեց մորը, և նրա մայրը պատրաստեց նրա հոր սիրած խորտիկները:
15. Եվ Ռեբեկան վերցրեց իր ավագ որդու ամենալավ հանդերձները, որոնք տանը՝ իր մոտ էին, ու հագցրեց իր կրտսեր որդի Հակոբին:
16. Եվ ուլերի մորթիները հագցրեց նրա ձեռքերին ու լերկ վզին:
17. Եվ խորտիկներն ու հացը, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը:
18. Եվ նա գնաց իր հոր մոտ ու ասաց. «Հա՛յր իմ»: Եվ հայրը պատասխանեց. «Այստեղ եմ»: Եվ հարցրեց. «Դու ո՞վ ես»:
19. Եվ Հակոբն ասաց իր հորը. «Ես քո անդրանիկ որդին եմ՝ Եսավը: Ես արեցի, ինչ որ պատվիրեցիր: Վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո հոգին օրհնի ինձ»:
20. Եվ Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ինչպե՞ս շուտ որս գտար»: Եվ նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»:
21. Եվ Իսահակն ասաց Հակոբին. «Որդի՛ս, մոտեցի՛ր, թող քեզ շոշափեմ, որ իմանամ, թե արդյոք դու իմ որդի Եսավն ես, թե՞ ոչ»:
22. Եվ Հակոբը մոտեցավ իր հայր Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը՝ Եսավինը»:
23. Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի պես մազոտ էին: Եվ օրհնեց նրան:
24. Եվ ասաց. «Այդ դո՞ւ ես, իմ որդի Եսավ»:
25. Եվ նա պատասխանեց. «Ե՛ս եմ»: Եվ ասաց. «Մոտեցրո՛ւ, որ ուտեմ իմ որդու որսից, որպեսզի քեզ օրհնի իմ հոգին»: Եվ նա մոտեցրեց, ու հայրը կերավ: Նրա համար գինի բերեց, և նա խմեց:
26. Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»:
27. Եվ նա մոտեցավ ու համբուրեց նրան: Հայրն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Սա իմ որդու հոտն է այն արտի հոտի նման, որն օրհնեց Տերը:
28. Թող Աստված քեզ տա երկնքի ցողից ու հողի պարարտությունից, թող քեզ ցորենի և գինու առատություն տա:
29. Թող քեզ ծառայեն ազգերը, ու երկրպագեն ժողովուրդները: Թող իշխան լինես քո եղբոր վրա, և թող քեզ երկրպագեն քո մոր որդիները: Թող անիծյալ լինեն քեզ անիծողները, և օրհնյալ լինեն քեզ օրհնողները»:
30. Երբ Իսահակը վերջացրեց Հակոբին օրհնելը, Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի մոտից, ու նրա եղբայր Եսավը եկավ որսից:
31. Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց հոր մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, կեր քո որդու որսից, որ քո հոգին օրհնի ինձ»:
32. Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»: Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»:
33. Եվ Իսահակը հույժ սարսափեց ու ասաց. «Հապա այն ո՞վ էր, որ ինձ համար բերեց իր որսից: Ես քո գալուց առաջ ամենից կերա ու օրհնեցի նրան: Ուրեմն թող նա էլ օրհնված լինի»:
34. Եվ երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, բարձր աղաղակեց, դառնապես լաց եղավ ու ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հայր իմ, ի՛նձ էլ»:
35. Եվ նա ասաց. «Քո եղբայրն եկավ և նենգությամբ առավ քո օրհնությունը»:
36. Եսավն ասաց. «Զուր չէ, որ նրան Հակոբ են կոչում: Ահա երկրորդ անգամն է, որ նա ինձ խաբում է. նախ առավ իմ անդրանկությունը և հիմա էլ օրհնությունս առավ»: Եվ ասաց. «Ինձ համար ոչ մի օրհնություն չե՞ս պահել»:
37. Եվ Իսահակը պատասխանեց ու ասաց Եսավին. «Ահա նրան քո տերը դարձրի և իր բոլոր եղբայրներին տվեցի նրան որպես ծառաներ: Ցորենով ու գինով ապահովեցի նրան: Եվ արդ, քեզ ի՞նչ անեմ, որդի՛ս»:
38. Եվ Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, մի՞թե դու մեկ օրհնություն ունես, ինձ էլ օրհնիր, հա՛յր իմ»: Եվ Եսավը դառնապես աղաղակեց ու լաց եղավ:
39. Եվ նրա հայր Իսահակը պատասխանեց ու ասաց նրան. «Ահա քո ապրուստը թող լինի երկրի պարարտությունից և վերևից՝ երկնքի ցողից:
40. Եվ ապրես քո սրով ու ծառայես քո եղբորը: Եվ երբ լինի, որ դու ընդդիմանաս, այնժամ նրա լուծը ցած կգցես քո վզից»:
   
Եսավը ցանկանում է սպանել Հակոբին
   
41. Եվ Եսավն ատում էր Հակոբին այն օրհնության համար, որ հայրը նրան տվել էր: Եվ Եսավն ասում էր իր սրտում. «Մոտենում են իմ հոր սգո օրերը, որովհետև ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»:
42. Եվ Ռեբեկային պատմեցին իր ավագ որդու՝ Եսավի ասած խոսքերը, և նա մարդ ուղարկեց ու կանչեց իր կրտսեր որդի Հակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժխնդիր լինել ու քեզ սպանել:
43. Եվ հիմա, որդիս, լսի՛ր ինձ: Փախի՛ր իմ եղբայր Լաբանի մոտ՝ Խառան
44. Եվ որոշ ժամանակ բնակվիր նրա մոտ, մինչև անցնի եղբորդ ցասումը,
45. Մինչև անցնի եղբորդ բարկությունը քո դեմ, և նա մոռանա, թե ինչ ես արել իրեն: Իսկ հետո ես մարդ կուղարկեմ և քեզ կվերադարձնեմ այնտեղից: Ինչո՞ւ մեկ օրում երկուսիցդ զրկվեմ»:
46. Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Հոգնել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով: Եթե Հակոբն էլ այս երկրի Քետի աղջիկներից կին պիտի առնի, էլ ինչի՞ս է պետք իմ կյանքը»: