Հակոբի որդիները և նրա հարստանալը
1. Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար որդիներ չի ծնում, նախանձեց իր քույր Լիային և ասաց Հակոբին. «Ինձ որդիներ տուր, ապա թե ոչ՝ ես կմեռնեմ»:
2. Հակոբը բարկացավ Ռաքելի վրա և ասաց. «Մի՞թե ես Աստծո փոխանորդն եմ, ով զրկել է քեզ արգանդի պտղից»:
3. Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան: Մտիր նրա մոտ: Թող նա ծնի իմ ծնկների վրա, և ես նրանից որդիներ ստանամ»:
4. Եվ իր աղախին Բաղղային նրան որպես կին տվեց: Եվ Հակոբը մտավ նրա մոտ:
5. Եվ Բաղղան հղիացավ ու Հակոբի համար մի որդի ծնեց:
6. Եվ Ռաքելն ասաց. «Աստված պաշտպանեց իմ դատը, լսեց իմ ձայնը ու ինձ որդի տվեց»: Այդ պատճառով նրա անունը Դան կոչեց:
7. Եվ Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար ծնեց երկրորդ որդուն:
8. Եվ Ռաքելն ասաց. «Աստծո օգնությամբ ուժգին մարտնչեցի քրոջս դեմ ու նրան հաղթեցի»: Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց:
9. Եվ երբ Լիան տեսավ, որ դադարել է ծնել, իր աղախին Զեղփային Հակոբին որպես կին տվեց:
10. Եվ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց:
11. Եվ Լիան ասաց. «Ինձ բարեբախտություն եղավ»: Եվ նրա անունը Գադ դրեց:
12. Եվ Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար:
13. Եվ Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»: Եվ նրա անունը Ասեր դրեց:
14. Եվ եղավ, որ Ռուբենը ցորենի հնձի օրերին դաշտ գնաց, այնտեղ մանրագորներ գտավ ու բերեց իր մորը՝ Լիային: Եվ Ռաքելն ասաց Լիային. «Տո՛ւր ինձ խնդրեմ քո որդու մանրագորներից»:
15. Եվ Լիան ասաց Ռաքելին. «Քի՞չ էր, որ առար իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագորնե՞րն ես առնում»: Եվ Ռաքելն ասաց. «Այդ դեպքում այս գիշեր թող նա պառկի քեզ հետ քո որդու մանրագորների փոխարեն»:
16. Երեկոյան, երբ Հակոբը դաշտից եկավ, Լիան դուրս եկավ նրան ընդառաջ և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»: Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ:
17. Եվ Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար ծնեց հինգերորդ որդուն:
18. Եվ Լիան ասաց. «Աստված վարձատրեց ինձ, որովհետև աղախնուս տվեցի իմ ամուսնուն»: Եվ նրա անունը Իսաքար դրեց:
19. Եվ Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդուն:
20. Եվ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց: Այս անգամ ամուսինս ինձ հետ կբնակվի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»: Եվ նրա անունը Զաբուղոն դրեց:
21. Եվ հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց:
22. Եվ Աստված հիշեց Ռաքելին: Աստված լսեց նրան և բացեց նրա արգանդը:
23. Եվ նա հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»:
24. Եվ նրա անունը Հովսեփ դրեց ու ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի ևս պիտի տա»:
25. Եվ երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թույլ տուր, որ իմ բնակավայրն ու իմ երկիրը գնամ:
26. Տո՛ւր ինձ իմ կանանց ու իմ որդիներին, որոնց համար ես քեզ ծառայել եմ, որովհետև դու տեսար, թե ինչպես քեզ ծառայեցի»:
27. Եվ Լաբանն ասաց նրան. «Եթե քո առջև շնորհ գտա, աղաչում եմ քեզ, ես տեսա 1, որ հանուն քեզ՝ Տերն ինձ օրհնում է»:
28. Եվ ասաց. «Ասա՛, ի՞նչ է քո վարձը, և ես կվճարեմ»:
29. Եվ Հակոբ ասաց Լաբանին. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ և ինչպես պահեցի քո անասուններին:
30. Որովհետև նախքան իմ գալը քո ունեցածը քիչ էր, սակայն հետո դրանք աճեցին ու բազմացան: Եվ Տերն օրհնեց քեզ իմ գալուց հետո: Եվ հիմա ես ե՞րբ պիտի աշխատեմ իմ տան համար»:
31. Եվ Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»: Եվ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց եթե անես այն, ինչ քեզ կասեմ, դարձյալ կարածեցնեմ քո հոտը և կպահեմ:
32. Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ բոլոր պիսակավոր, խայտախարիվ 2, սև ոչխարներին ու խայտախարիվ և պիսակավոր այծերին: Թող դրանք իմ վարձը լինեն:
33. Եվ վաղը քո առջև կերևա իմ արդարությունը. երբ գաս ստուգելու իմ առած վարձը ու տեսնես, որ ինձ մոտ եղած բոլոր այծերը պիսակավոր և խայտախարիվ չեն լինի ու ոչխարներն էլ՝ սև, թող դրանք գողացված համարվեն ինձ մոտ»:
34. Եվ Լաբանն ասաց. «Թող լինի, ինչպես որ ասացիր»:
35. Եվ այդ օրը Հակոբն առանձնացրեց բծավոր և խայտախարիվ նոխազներին, բոլոր պիսակավոր և խայտախարիվ էգ այծերին, բոլոր սպիտակ ու սև ոչխարներին ու իր որդիների ձեռքը տվեց:
36. Եվ Հակոբը երեք օրվա ճանապարհի չափ հեռու էր Լաբանից: Եվ Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը:
37. Եվ Հակոբն իր համար սպիտակ կաղամախուց, նշենուց և սոսենուց դալար ճիպոտներ կտրեց, տեղ-տեղ քերծեց դրանց կեղևները, մինչև որ երևաց ճիպոտների մեջ եղած սպիտակը:
38. Իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք լինեն մաքիների առաջ, և նրանք զուգավորվեն:
39. Եվ մաքիները բեղմնավորվում էին ճիպոտների առաջ ու ծնում բծավոր, պիսակավոր և խայտախարիվ գառներ:
40. Եվ Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառներին: Եվ հոտերի երեսը Լաբանի հոտերի մեջ եղած բծավոր և բոլոր սև ոչխարների կողմն էր դարձնում: Նա իր հոտերն առանձնացրեց ու դրանց Լաբանի հոտերին չխառնեց:
41. Եվ ամեն անգամ, երբ գալիս էր զուգավորման շրջանը, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ավազանների մեջ՝ առողջ մաքիների առջև, որպեսզի ճիպոտների առաջ բեղմնավորվեն:
42. Բայց տկար մաքիների առաջ ճիպոտներ չէր դնում: Եվ այդպես տկարները եղան Լաբանինը, իսկ պարարտները՝ Հակոբինը:
43. Եվ Հակոբը խիստ հարստացավ, շատ հոտեր, աղախիններ, ծառաներ, ուղտեր և էշեր ունեցավ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: