Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 43

Հակոբի որդիները Բենիամինի հետ գնում են Եգիպտոս
   
1. Եվ սովը սաստկացավ այդ երկրում:
2. Եվ երբ կերան վերջացրին Եգիպտոսից բերած պաշարը, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք և դարձյալ մեզ համար մի քիչ պարեն գնեք»:
3. Եվ Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը մեզ հաստատապես ասաց. “Իմ երեսը չեք տեսնի, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”:
4. Եթե մեր եղբորը մեզ հետ ուղարկես, կգնանք ու քեզ համար պարեն կգնենք:
5. Բայց եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չեք տեսնի, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»:
6. Եվ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ ինձ չարիք պատճառեցիք՝ այն մարդուն հայտնելով, թե ուրիշ եղբայր էլ ունեք»:
7. Եվ նրանք պատասխանեցին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”: Եվ մենք պատասխանեցինք իր այդ հարցերին: Մի՞թե կարող էինք կարծել, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»:
8. Եվ Հուդան իր հորը՝ Իսրայելին ասաց. «Տղային ուղարկիր ինձ հետ, և մենք վեր կենանք գնանք, որպեսզի ողջ մնանք ու չմեռնենք թե՛ մենք, թե՛ դու և թե՛ մեր երեխաները:
9. Ես երաշխավոր կլինեմ նրա համար, ու իմ ձեռքից կպահանջես նրան: Եվ եթե նրան քեզ մոտ չբերեմ ու չկանգնեցնեմ քո առջև, թող հավիտյան քո հանդեպ մեղավոր լինեմ:
10. Քանզի եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»:
11. Եվ նրանց հայրը՝ Իսրայելը, ասաց. «Եթե այդպես է, հիմա այսպես արեք. լցրեք ձեր անոթները մեր երկրի ընտիր բարիքներով և այն մարդու համար ընծա տարեք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ, զմուռս, պիստակ և նուշ:
12. Կրկնապատիկ դրամ վերցրեք, ու վերադարձրեք ձեր պարկերի բերաններում ետ եկած դրամը: Գուցե սխալմունք է եղել:
13. Եվ վերցրե՛ք ձեր եղբորը ու դարձյալ այն մարդու մոտ գնացեք:
14. Ամենակարող Աստված թող ձեզ շնորհ տա այն մարդու առջև, և նա արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին: Իսկ եթե ես անզավակ եմ լինելու, թող անզավակ մնամ»:
15. Եվ մարդիկ առան այս ընծաներն ու կրկնապատիկ դրամ, վերցրին Բենիամինին, իջան Եգիպտոս և կանգնեցին Հովսեփի առջև:
16. Երբ Հովսեփը նրանց հետ տեսավ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տուն տար, անասուն մորթիր և կերակուր պատրաստիր, որովհետև կեսօրին նրանք ինձ հետ պիտի ճաշեն»:
17. Եվ այդ մարդն արեց, ինչպես պատվիրեց Հովսեփը և այդ մարդկանց Հովսեփի տուն տարավ:
18. Եվ երբ իրենց Հովսեփի տուն էին տանում, մարդիկ վախեցան, ու միմյանց ասացին. «Մեզ տանում են նախորդ անգամ մեր պարկերում վերադարձած դրամների համար, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ծառաներ դարձնեն ու վերցնեն մեր էշերը»:
19. Եվ մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռանը խոսեցին նրա հետ
20. Եվ ասացին. «Ո՜հ, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք պարեն գնելու,
21. Եվ երբ իջևանեցինք, բացեցինք մեր պարկերը ու տեսանք, որ յուրաքանչյուրիս դրամը իր պարկի բերանում էր, մեր դրամը՝ ըստ իր կշռի: Եվ ահա այն մեր ձեռքով վերադարձնում ենք:
22. Մենք ուրիշ դրամ ենք բերել պարեն գնելու համար և չգիտենք, թե ով էր մեր դրամը մեր պարկերի մեջ դրել»:
23. Եվ նա պատասխանեց. «Հանգի՛ստ եղեք և մի՛ վախեցեք: Ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում: Ես ստացել եմ ձեր դրամը»: Եվ Շմավոնին դուրս հանեց ու բերեց նրանց մոտ:
24. Եվ այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տուն, ջուր տվեց և նրանք լվացին իրենց ոտքերը, և նրանց գրաստներին էլ կեր տվեց:
25. Նրանք պատրաստեցին ընծաները մինչ կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացան, որ այնտեղ էին հաց ուտելու:
26. Հովսեփը տուն եկավ, և նրանք իրենց ձեռքերի ընծաները տանը մատուցեցին նրան ու մինչև գետին գլուխ խոնարհեցին:
27. Հովսեփը հարցրեց նրանց որպիսությունը և ասաց. «Ո՞ղջ է ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռևս կենդանի՞ է»:
28. Եվ պատասխանեցին. «Քո ծառան՝ մեր հայրը, ողջ է, դեռևս կենդանի է»: Եվ մինչև գետին գլուխ խոնարհեցին:
29. Եվ Հովսեփը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ իր մոր որդուն՝ իր եղբայր Բենիամինին և ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»: Ապա դառնալով Բենիամինին՝ ասաց. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»:
30. Եվ Հովսեփն իսկույն դուրս եկավ, որովհետև գալարվեցին աղիքներն իր եղբոր համար և տեղ էր փնտրում, որ լաց լինի: Եվ մտավ ներքին սենյակն ու այնտեղ լաց եղավ:
31. Ապա լվաց իր երեսն ու զսպելով իրեն՝ դուրս եկավ: Եվ ասաց. «Հա՛ց բերեք»:
32. Եվ իրեն առանձին բերեցին, նրանց՝ առանձին և այն եգիպտացիների համար, որ իր հետ ուտում էին, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ հաց չէին ուտում, քանի որ նրանք պիղծ էին եգիպտացիների համար:
33. Եվ նստեցին նրա առջև անդրանիկը՝ ըստ իր անդրանկության և կրտսերը՝ ըստ իր կրտսերության: Եվ մարդիկ, միմյանց նայելով, զարմանում էին:
34. Եվ նա իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, սակայն Բենիամինի բաժինը՝ մյուսների բաժնից հինգ անգամ ավելի: Եվ արբեցին ու նրա հետ միասին գինովցան: