Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 45

Հովսեփն իրեն հայտնում է եղբայրներին և հորը բերում Եգիպտոս
   
1. Եվ Հովսեփը չկարողացավ զսպել իրեն իր մոտ բոլոր կանգնածների առջև և աղաղակեց. «Հեռացրե՛ք բոլորին այստեղից»: Եվ երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, նա իրեն հայտնեց իր եղբայրներին:
2. Նա բարձրաձայն լաց եղավ, և եգիպտացիներն ու փարավոնի տունը լսեցին:
3. Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ: Իմ հայրը դեռ ո՞ղջ է»: Եվ եղբայրները չէին կարողանում պատասխանել նրան, որովհետև նրա առաջ ապշած էին մնացել:
4. Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ», և նրանք մոտեցան: Նա ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որին դուք վաճառեցիք Եգիպտոս տանելու համար:
5. Եվ հիմա մի՛ վշտացեք և մի՛ տխրեք, որ ինձ վաճառեցիք այստեղ, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեզ ողջ պահելու համար:
6. Որովհետև երկրում այժմ սովի երկրորդ տարին է, և դեռևս հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու:
7. Եվ Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից, որպեսզի երկրի վրա ձեզ համար սերունդ պահի և փրկի ձեզ մեծ ազատությամբ:
8. Եվ արդ, ոչ թե դուք ինձ ուղարկեցիք այստեղ, այլ՝ Աստված, Ով ինձ փարավոնի հայր, նրա ամբողջ տանը տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան դարձրեց:
9. Շտապ գնացեք իմ հոր մոտ և ասացեք նրան. “Այսպես է ասում քո որդի Հովսեփը. Աստված ինձ ամբողջ Եգիպտոսի տերը դարձրեց: Ինձ մոտ իջի՛ր և մի՛ ուշացիր:
10. Դու կբնակվես Գեսեմի երկրում, որպեսզի ինձ մոտիկ լինես, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, արջառները և քո ամբողջ ունեցվածքը:
11. Եվ ես քեզ կկերակրեմ այնտեղ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու: Միգուցե կարիքի մեջ ընկնեք դու, քո տունը և քո բոլոր ունեցածը”:
12. Եվ ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խոսողը:
13. Պատմեցե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի ու ձեր բոլոր տեսածների մասին և շտապ նրան այստեղ բերեք»:
14. Եվ փարվեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղավ, Բենիամինն էլ նրա պարանոցին ընկած լաց եղավ:
15. Համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց փարված՝ լաց եղավ: Եվ դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ:
16. Այս լուրը հասավ փարավոնի պալատ, ու իմացան, որ եկել են Հովսեփի եղբայրները: Եվ փարավոնին ու նրա ծառաներին դա հաճելի եղավ:
17. Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին, թե՝ “Այսպես արեք. բեռնե՛ք ձեր անասուններին ու Քանանի երկիրը գնացեք:
18. Եվ վերցրեք ձեր հորն ու ձեր ընտանիքներին և ինձ մոտ եկեք: Ես ձեզ կտամ Եգիպտոսի երկրի լավ հողերը, և դուք կօգտվեք երկրի լիությունից”:
19. Նաև քեզ հրաման կա, որ նրանց ասես. “Այսպես արեք. Եգիպտոսի երկրից կառքեր առեք ձեր երեխաների ու ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորը ու եկե՛ք:
20. Եվ ձեր աչքը թող չմնա ձեր իրերի վրա, որովհետև Եգիպտոսի ամբողջ երկրի բարիքը ձերը կլինի”»:
21. Եվ Իսրայելի որդիներն այդպես արեցին: Եվ փարավոնի խոսքի համաձայն՝ Հովսեփը նրանց կառքեր ու ճանապարհի համար պաշար տվեց:
22. Նրանցից յուրաքանչյուրին նոր հանդերձներ տվեց, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ ու հինգ ձեռք նոր հանդերձներ:
23. Եվ ճանապարհի համար իր հորն այս բաներն ուղարկեց. տասը էշ՝ բեռնված Եգիպտոսի բարիքներով, տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով:
24. Եվ ուղարկեց իր եղբայրներին, ու նրանք գնացին: Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ճանապարհին չվիճե՛ք»:
25. Եվ նրանք Եգիպտոսից ելան ու դեպի Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ գնացին:
26. Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռևս ողջ է և իշխում է ամբողջ Եգիպտոսի վրա»: Եվ նրա սիրտը ճմլվեց, որովհետև չհավատաց նրանց:
27. Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ ասել էր իրենց: Եվ երբ տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը՝ իրեն տանելու համար, այնժամ կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին:
28. Եվ Իսրայելն ասաց. «Բավ է ինձ, որ իմ որդին՝ Հովսեփը, դեռևս ողջ է: Գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»: