Հակոբը բնակվում է Գեսեմում
1. Եվ Հովսեփն եկավ ու հայտնեց փարավոնին. «Իմ հայրն ու եղբայրներն իրենց հոտերով, արջառներով ու ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից, և ահա նրանք Գեսեմի երկրում են»:
2. Եվ ընտրեց իր եղբայրներից հինգին ու նրանց կանգնեցրեց փարավոնի առջև:
3. Եվ փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»: Եվ նրանք փարավոնին պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, հովիվներ ենք, թե՛ մենք, թե՛ մեր հայրերը»:
4. Նաև ասացին փարավոնին. «Մենք այս երկիր ենք եկել պանդխտության, որովհետև սովի սաստկության պատճառով քո ծառաների հոտերի համար Քանանի երկրում արոտավայր չկա: Այժմ խնդրում ենք, թույլ տուր, որ ծառաներդ բնակվեն Գեսեմի երկրում»:
5. Եվ փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները քեզ մոտ են եկել:
6. Եգիպտոսի ամբողջ երկիրն առջևդ է: Քո հորն ու եղբայրներին բնակեցրու երկրի ամենալավ վայրերում: Թող նրանք բնակվեն Գեսեմի երկրում, և եթե գիտես, որ նրանց մեջ կան ունակ մարդիկ, իմ հոտերի վրա նրանց վերակացուներ կարգիր»:
Հակոբը գնում է փարավոնի մոտ
7. Եվ Հովսեփն իր հայր Հակոբին բերեց և ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբն օրհնեց փարավոնին:
8. Եվ փարավոնը հարցրեց Հակոբին. «Որքա՞ն են կյանքիդ տարիների օրերը»:
9. Եվ Հակոբն ասաց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են: Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ եղած կյանքի տարիների օրերին»:
10. Եվ Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ նրա մոտից:
11. Եվ Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի ամենաբարեբեր տեղում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը:
12. Եվ Հովսեփը կերակրում էր իր հորը, իր եղբայրներին, իր հոր տան բոլոր անդամներին՝ հաց տալով ընտանիքներին:
Սովը
13. Եվ ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը խիստ սաստկացել էր: Եվ Եգիպտոսի ու Քանանի երկրները սովի պատճառով հյուծվեցին:
14. Եվ Հովսեփը հավաքեց Եգիպտոսի ու Քանանի երկրներում եղած ամբողջ դրամը, որը ստացվել էր գնողներին վաճառված պաշարից ու այն տարավ փարավոնի պալատ:
15. Երբ Եգիպտոսի և Քանանի երկրներից դրամը վերջացավ, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հաց տուր, ինչո՞ւ մեռնենք քո առջև դրամ չունենալու պատճառով»:
16. Եվ Հովսեփն ասաց. «Եթե դրամ չկա, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների փոխարեն ձեզ հաց կտամ»:
17. Եվ նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց: Եվ այդ տարի նրանց կերակրեց հացով իրենց բոլոր անասունների փոխարեն:
18. Երբ այդ տարին ավարտվեց, հաջորդ տարի նրա մոտ եկան և ասացին նրան. «Չենք թաքցնի մեր տիրոջից, որ մեր դրամը վերջացել է: Մեր անասունները մեր տիրոջը եղան, և մեզ ոչինչ չմնաց մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից ու մեր հողից:
19. Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ և ամայանան մեր հողերը: Հացի դիմաց ստացի՛ր մեզ, և մենք մեր հողերով կծառայենք փարավոնին: Եվ սերմացու տուր, որպեսզի ապրենք և չմեռնենք, ու հողերն էլ անապատ չդառնան»:
20. Եվ Հովսեփը գնեց ամբողջ Եգիպտոսի հողերը փարավոնի համար, որովհետև ահագնացող սովի պատճառով եգիպտացիները վաճառում էին իրենց արտերը: Եվ երկիրը դարձավ փարավոնինը:
21. Եվ ժողովրդին էլ փոխադրեց քաղաքից քաղաք՝ Եգիպտոսի մի ծայրից մինչև մյուս ծայրը:
22. Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից մի որոշված բաժին ունեին և սնվում էին այդ բաժնից, որը նրանց տալիս էր փարավոնը: Այդ պատճառով քրմերն իրենց հողերը չվաճառեցին:
23. Եվ Հովսեփն ասաց ժողովրդին. «Ահա ձեզ և ձեր հողերը այսօր գնեցի փարավոնի համար: Ահա ձեզ սերմացու, սերմանե՛ք հողերը:
24. Եվ արդյունքի մեկ հինգերորդ մասը պետք է տաք փարավոնին, իսկ չորս մասը կլինի ձերը, որպեսզի այն արտի համար սերմացու և սնունդ լինի ձեր, ձեր տան անդամների և ձեր զավակների համար»:
25. Եվ ասացին. «Դու մեզ փրկեցիր: Թող մեր տիրոջ առջև շնորհ գտնենք և փարավոնի ծառաները լինենք»:
26. Եվ Հովսեփն այս օրենքը հաստատեց Եգիպտոսի երկրում, որը կա մինչև այսօր: Այն է՝ արդյունքի մեկ հինգերորդ մասը տալ փարավոնին, բացի քրմերի հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում:
Հակոբի մահը
27. Եվ Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում՝ Գեսեմում, որտեղ կալվածքներ ստացան, աճեցին և խիստ բազմացան:
28. Եվ Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի: Եվ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի:
29. Եվ մոտեցան Իսրայելի մահվան օրերը: Նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դիր երանքիս տակ և իմ հանդեպ ցույց տուր մարդասիրություն և հավատարմություն. աղաչում եմ, ինձ չթաղես Եգիպտոսում:
30. Այլ թող ես ննջեմ իմ հայրերի հետ: Տա՛ր ինձ Եգիպտոսից և ինձ նրանց գերեզմանում թաղիր»: Եվ նա ասաց. «Կանեմ, ինչպես որ պատվիրեցիր»:
31. Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ», և նա էլ երդում տվեց նրան: Եվ Իսրայելը խոնարհվեց գավազանի գլխի վրա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: