Հակոբի օրհնությունը, կտակը և մահը
1. Եվ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ պատմեմ ձեզ, թե ինչ պիտի պատահի ձեզ վերջին օրերին:
2. Հավաքվե՛ք և լսեք, ո՛վ Հակոբի որդիներ: Լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին:
3. Ո՛վ Ռուբեն, ի՛մ անդրանիկ, Դու իմ ուժն ես ու իմ զորության սկիզբը, Գերազանց պատվով և գերազանց կարողությամբ:
4. Եռացիր ջրի պես, Չես գերադասվելու, Որովհետև քո հոր անկողինը մտար, Այնժամ պղծեցիր: Անկողի՜նս մտար:
5. Շմավոն ու Ղևի եղբայրներ, Անիրավության գործիքներ են նրանց սրերը:
6. Իմ հոգին չի մտնի նրանց խորհուրդների մեջ, Իմ պատիվը չի միանա նրանց հավաքներին, Որովհետև իրենց բարկությամբ մարդ սպանեցին Եվ իրենց կամապաշտությամբ ցուլի ջիլ կտրեցին:
7. Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը, որովհետև խիստ էր, Եվ նրանց սրտմտությունը, որովհետև սաստիկ էր: Ես կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ:
8. Ո՛վ Հուդա, քո եղբայրները քեզ կգովաբանեն: Թող ձեռքդ թշնամիների պարանոցի վրա լինի, Եվ թող քո հոր որդիները քեզ երկրպագեն:
9. Առյուծի ձագ է Հուդան: Որդյա՛կ իմ, կողոպուտից ելար: Ծնկի եկավ, պառկեց առյուծի պես՝ մատակ առյուծի պես: Ո՞վ կարթնացնի նրան:
10. Չի պակասելու իշխանությունը Հուդայից, Եվ ոչ էլ օրինադիրը նրա երանքից, Մինչև որ գա Սելովը, Եվ ժողովուրդները հնազանդվեն նրան:
11. Նա իր ավանակին կկապի որթատունկին Եվ ընտիր որթատունկին՝ մատակ էշի ձագին: Իր պատմուճանը կլվա գինով Եվ հանդերձները՝ խաղողի արյամբ:
12. Գինուց կարմիր կլինեն նրա աչքերը Եվ ատամները՝ կաթից սպիտակ:
13. Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում Եվ կլինի նավահանգստում, Եվ նրա սահմանը մինչև Սիդոն կհասնի:
14. Իսաքարը մի ամրապինդ էշ է՝ պառկած գոմերի մեջտեղում:
15. Եվ երբ տեսավ, որ հանգիստը լավ է, Եվ երկիրը՝ գեղեցիկ, Իր ուսը ծռեց բեռ կրելու համար Եվ հարկատու ծառա դարձավ:
16․ Դանը կդատի իր ժողովրդին, Որպես Իսրայելի ցեղերից մեկը:
17. Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա, Մի իժ՝ շավղի վրա, Որ կխայթի ձիու գարշապարը Եվ ետևից վայր կգցի հեծյալին:
18. Քո փրկությանն եմ սպասում, Տե՛ր:
19. Գադի վրա մի գունդ կարշավի, Բայց ինքը կհարձակվի թիկունքից:
20. Ասերի հացն առատ կլինի, Եվ նա թագավորի համադամ կերակուրներ կտա:
21. Նեփթաղիմը մի ազատ եղջերու է, Որ գեղեցիկ խոսքեր է ասում:
22. Հովսեփը մի պտղատու ոստ է, Աղբյուրի մոտ տնկված մի պտղաբեր ոստ՝ Պատին տարածվող իր բողբոջներով:
23. Վշտացրին նրան, Նետաձիգ արին, Եվ ատեցին նրան աղեղնավորները:
24. Բայց նրա աղեղը զորավոր մնաց, Ամրապինդ էին նրա ձեռքի բազուկները Հակոբի հզոր Աստծո ձեռքով: Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը,
25. Քո հոր Աստծուց է, Ով օգնելու է քեզ. Եվ Ամենակարողից է, Ով օրհնելու է քեզ Ի վերուստ երկնային օրհնություններով,
Խորխորատներում պառկած անհուն անդունդների օրհնություններով, Ստինքների և արգանդի օրհնություններով:
26. Քո հոր օրհնությունները, որ առավել եղան մշտնջենական լեռների օրհնություններից Եվ բարձր՝ հավիտենական բլուրների վայելչությունից, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերադաս եղող գագաթի վրա:
27. Բենիամինը հոշոտող գայլ է. Առավոտյան որսը պիտի ուտի, Երեկոյան՝ կողոպուտը կբաժանի»:
28. Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են: Ահա այս էր, ինչ որ խոսեց հայրը նրանց հետ և օրհնեց նրանց: Եվ յուրաքանչյուրին իրեն համեմատ օրհնությունը տվեց:
29. Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին: Ինձ կամփոփեք իմ հայրերի հետ այն քարայրում, որը գտնվում է քետացի Եփրոնի արտում,
30. Այն այրի մեջ, որը Քանանի երկրում է՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում, որը այդ արտի հետ միասին Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ որպես գերեզմանի հողատարածք:
31. Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ թաղեցին Իսահակին և նրա կնոջը՝ Ռեբեկային: Եվ ես էլ այնտեղ թաղեցի Լիային:
32. Այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը գնվեցին Քետի որդիներից»:
33. Եվ Հակոբն ավարտեց իր որդիներին պատվեր տալը: Նա ոտքերը մեկնեց մահճի մեջ և ավանդեց իր հոգին՝ միանալով իր ժողովրդին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: