Հանգստյան օրը
1. Այսպիսով ստեղծվեցին երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը:
2. Եվ Աստված յոթերորդ օրն ավարտեց արարչագործությունը և յոթերորդ օրը հանգստացավ Իր արած բոլոր գործերից:
3. Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից, որ ստեղծեց և արեց:
Եդեմի պարտեզը
4. Ահա այսպես առաջացան երկինքն ու երկիրը, նրանց ստեղծման ժամանակ, այն օրը, երբ Տեր Աստված արարեց երկիրն ու երկինքը:
5 .Եվ երկրի վրա դեռևս չկային դաշտի բոլոր տնկիները, և դեռևս չէին բուսնել դաշտի բոլոր բույսերը, որովհետև Տեր Աստված երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար, որ մշակեր հողը:
6. Այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում երկրի ամբողջ երեսը:
7. Եվ Տեր Աստված երկրի հողից ստեղծեց մարդուն, նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ:
8. Եվ Տեր Աստված արևելյան կողմում` Եդեմում, մի պարտեզ տնկեց և այնտեղ դրեց Իր ստեղծած մարդուն։
9. Եվ Տեր Աստված երկրից աճեցրեց ակնահաճ ու քաղցրահամ ամեն տեսակի ծառեր և պարտեզի մեջտեղում տնկեց Կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը:
10. Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, որ հետո բաժանվում էր, ու սկիզբ էին առնում չորս գետեր:
11. Մեկի անունը Փիսոն է. այն անցնում է Եվիլայի ամբողջ երկրով, ուր ոսկի կա:
12. Եվ այդ երկրի ոսկին ազնիվ է: Այնտեղ սուտակ և դահանակ կա:
13. Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է. այն անցնում է Քուշի ամբողջ երկրով:
14. Եվ երրորդ գետի անունը Տիգրիս է. այն հոսում է դեպի Ասորեստան: Եվ չորրորդ գետը Եփրատն է:
15. Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի ու պահպանի այն:
16. Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից կարող ես ուտել,
17. Սակայն բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, մահով պիտի մեռնես»:
Կնոջը ստեղծելը
18. Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան նման և իրեն հարմար մի օգնական ստեղծեմ»:
19. Եվ Տեր Աստված հողից ստեղծեց դաշտի բոլոր կենդանիներին ու երկնքի թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե ինչ անուններ կտա դրանց: Եվ Ադամը ինչ անուն որ դրեց ամեն շնչավոր կենդանու վրա, այդ եղավ նրա անունը:
20. Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց:
21. Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, ու նա քնեց: Եվ վերցրեց նրա կողոսկրերից մեկը և նրա տեղը մսով պատեց:
22. Եվ Տեր Աստված Ադամից վերցրած այն կողոսկրից մի կին ստեղծեց և նրան բերեց Ադամի մոտ:
23. Եվ Ադամն ասաց. «Ահա սա ոսկոր է իմ ոսկորից և մարմին՝ իմ մարմնից: Թող սրան կին կոչեն, որովհետև նա մարդուց ստեղծվեց»:
24. Դրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և նրանք մեկ մարմին կլինեն:
25. Եվ նրանք երկուսը՝ Ադամը և իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: