Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 9

Նոր աշխարհի օրենքները
   
1. Եվ Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց. «Աճեք, բազմացեք և լցրեք երկիրը:
2. Թող ձեր ահն ու երկյուղը լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա: Նրանք երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների հետ ձեզ են տրվել:
3. Ամեն շարժվող կենդանի թող ձեզ համար կերակուր լինի, բանջարի ու խոտի պես ամեն ինչ ձեզ տվի:
4. Միայն միսը, որն իր մեջ կենդանություն ունի, այսինքն միսն իր արյունով չուտեք:
5. Ձեր արյունը պիտի պահանջեմ ձեր կյանքի համար, ամեն կենդանուց պիտի պահանջեմ: Եվ մարդու ձեռքից՝ իր ընկերոջ ձեռքից, մարդու կյանքը պիտի պահանջեմ:
6. Ով մարդու արյուն թափի, թող նրա արյունը մարդու ձեռքով թափվի, որովհետև Աստծո պատկերով ստեղծեց մարդուն:
7. Եվ դուք աճե՛ք ու շատացե՛ք, բազմացեք երկրի վրա ու նրա մեջ շատացեք»:
   
Ուխտը և ծիածանը
   
8. Եվ Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին.
9․ «Ահա Ես Իմ ուխտն եմ հաստատում ձեզ և ձեզանից հետո ձեր սերունդների հետ,
10․ Ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի և թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի, տապանից բոլոր դուրս եկածների, երկրի բոլոր անասունների հետ
11. Իմ ուխտն եմ հաստատում, որ այլևս ոչ մի մարմին չի վերանա ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար»:
12. Եվ Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ Ես դնում եմ Իմ ու ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական սերունդների համար:
13. Իմ աղեղը կդնեմ ամպի մեջ, և այն ուխտի նշան կլինի Իմ ու երկրի միջև:
14. Եվ երբ Ես երկրի վրա ամպ բերեմ, ու ամպի մեջ երևա աղեղը,
15. Այն ժամանակ Ես կհիշեմ Իմ ուխտը, որ հաստատել եմ Իմ ու ձեր միջև և ամեն տեսակ մարմին ունեցող շնչավորների միջև: Եվ ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ որևէ մարմին կործանելու համար:
16. Եվ աղեղն ամպի մեջ կլինի, և Ես կտեսնեմ այն ու կհիշեմ այն հավիտենական ուխտը Աստծո և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ կան երկրի վրա»:
17. Եվ Աստված ասաց Նոյին. «Սա է այն ուխտի նշանը, որ Ես հաստատեցի Իմ ու ամեն մարմնի միջև, որ կան երկրի վրա»:
   
Գինի
   
18. Եվ Նոյի տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը, և Քամը Քանանի հայրն էր:
19. Այս երեքը Նոյի որդիներն էին, և և մարդիկ, նրանցից սերվելով, տարածվեցին ամբողջ երկրի վրա:
20. Եվ Նոյն սկսեց մշակել հողը ու մի այգի տնկեց:
21.Եվ խմեց գինուց, արբեց ու իր վրանի մեջ մերկ էր:
22. Եվ Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը ու դուրս գալով՝ պատմեց իր երկու եղբայրներին:
23. Եվ Սեմն ու Հաբեթը վերցրին հանդերձը, դրեցին իրենց ուսերի վրա ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հորը: Նրանք երեսները ետ դարձրին և չտեսան իրենց հոր մերկությունը:
   
Նոյի անեծքը և Նոյի օրհնությունը
   
24. Երբ Նոյը սթափվեց գինովությունից և իմացավ, թե ինչ էր արել իր կրտսեր որդին,
25. Ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի իր եղբայրներին»:
26. Նաև ասաց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, և Քանանը նրա ծառան լինի:
27. Թող Աստված ընդարձակի Հաբեթին, նա բնակվի Սեմի վրաններում, և Քանանը նրա ծառան լինի»:
28. Եվ Նոյը ջրհեղեղից հետո ապրեց երեք հարյուր հիսուն տարի:
29. Եվ Նոյի կյանքի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ: