Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 15

Աստված Աբրամին ժառանգ է խոստանում, Աբրամի հավատը
   
1. Այս դեպքերից հետո տեսիլքի մեջ Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, Ես վահան եմ քեզ համար, քո վարձատրությունն անչափ մեծ է»:
2. Եվ Աբրամն ասաց. «Ո՛վ Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ անժառանգ եմ մնացել, և իմ տան տնօրինողն ահա դամասկացի Եղիազարն է»:
3. Եվ ավելացրեց. «Քանի որ ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»:
4. Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա չի լինի քո ժառանգը, այլ նա, ով դուրս կգա քո մեջքից»:
5. Եվ Նա դուրս բերեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին և եթե կարող ես, համրի՛ր աստղերը»: Եվ ասաց. «Այդպես կլինի քո սերունդը»:
6. Եվ նա հավատաց Տիրոջը, և Տերը դա արդարություն համարեց նրա համար:
7. Եվ ասաց նրան. «Ե՛ս եմ Տերը, որ դուրս բերեցի քեզ քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»:
8. Եվ նա ասաց. «Ո՛վ Տեր, ես ինչպե՞ս իմանամ, որ կժառանգեմ այն»:
9. Եվ Նա ասաց նրան. «Ինձ համար վերցրո՛ւ մի երեք տարեկան երինջ, երեք տարեկան այծ, երեք տարեկան խոյ, մի տատրակ և մի աղավնու ձագ»:
10. Եվ նա այս բոլորը բերեց Նրա համար, կտրեց նրանց մեջտեղից և ամեն մի կտորը մյուսի դիմաց դրեց, բայց թռչունները չկտրեց:
11. Եվ կտրած մարմինների վրա գիշատիչ թռչուններ իջան, բայց Աբրամը քշեց նրանց:
12. Եվ երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրան մի մեծ խավար ու սարսափ պատեց:
13. Եվ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդը մի երկրում, որն իրենը չէ, պանդուխտ պիտի լինի և ծառայություն պիտի անի, և նրանց չորս հարյուր տարի պիտի չարչարեն:
14. Բայց Ես պիտի դատեմ այն ազգին, որին կծառայեն, և հետո մեծ ունեցվածքով նրանք դուրս պիտի գան:
15. Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ պիտի գնաս և պիտի թաղվես՝ խոր ծերության հասնելով:
16. Եվ երբ հասնեն իրենց չորրորդ սերնդին, կվերադառնան այստեղ, որովհետև դեռ չի եկել ամորհացիների անօրենությունների վերջը»:
17. Եվ երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ինչպես հնոցի մեծ ծուխ և մի կրակի բոց անցան այն կտորների միջով:

   
Աստծո ուխտը Աբրամի հետ
   
18. Այդ օրը Տերն Աբրամի հետ ուխտ հաստատեց՝ ասելով. «Քո սերունդներին տվի այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը.
19. Կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին,
20. Քետացիներին, փերեզացիներին, ռափայիմներին,
21. Ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներինը և հեբուսացիներին: Թող նրանք վերցնեն իրենց բաժինը»: