Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 28

Հակոբը փախչում է Խառան
   
1. Եվ Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանի դուստրերից քեզ համար կին չառնես:
2. Վե՛ր կաց, գնա՛ Փադան-արամ (Միջագետք)՝ քո մոր հայր Բաթուելի տուն և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ համար կին առ:
3. Եվ թող ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի, և քեզանից բազմաթիվ ժողովուրդներ լինեն:
4. Եվ թող քեզ ու քո սերնդին տա Աբրահամի օրհնությունը, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»:
5. Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին, ու նա գնաց Փադան-արամ (Միջագետք)՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ:
6. Եվ երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին և նրան ուղարկեց Փադան-արամ (Միջագետք)՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց, որ Քանանի դուստրերից իր համար կին չառնի,
7. Եվ Հակոբն էլ, հնազանդվելով իր հորն ու մորը, գնաց Փադան-արամ (Միջագետք),
8. Նաև տեսնելով, որ Քանանի աջիկները հաճելի չեն իր հոր՝ Իսահակի աչքին,
9. Այնժամ Եսավը գնաց Իսմայելի մոտ և իր կանանցից զատ՝ իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի դստերը՝ Նաբեոթի քրոջը:
   
Երկնքի սանդուղքը
   
10. Եվ Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ ու գնաց դեպի Խառան:
11. Եվ մի տեղ հասավ ու գիշերեց այնտեղ, որովհետև արեգակը մայր էր մտել: Վերցրեց այնտեղի քարերից, դրեց գլխի տակ ու այնտեղ պառկեց:
12. Եվ երազ տեսավ. ահա մի սանդուղք, որ հաստատված էր երկրի վրա, իսկ մյուս ծայրը երկինք էր հասնում: Եվ ահա Աստծո հրեշտակները նրանով բարձրանում ու ցած էին իջնում:
13. Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա: Նա ասաց. «Ե՛ս եմ Տերը, քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը: Այդ երկիրը, որի վրա պառկած ես, քեզ ու քո սերնդին եմ տալու:
14. Եվ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի ու կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ: Եվ երկրի բոլոր ազգերը քեզանով ու քո սերնդով պիտի օրհնվեն:
15. Եվ ահա Ես քեզ հետ եմ: Ամեն տեղ, ուր էլ որ գնաս, կպահպանեմ քեզ ու այս երկիրը քեզ կվերադարձնեմ, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև չանեմ այն ամենը, ինչ որ քեզ ասել եմ»:
16. Եվ Հակոբն արթնացավ քնից ու ասաց. «Հիրավի, Տերն այստեղ է, և ես չգիտեի»:
17. Եվ վախեցավ ու ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը: Սա այլ բան չէ, եթե ոչ Աստծո տունը, և սա է երկնքի դուռը»:
18. Եվ Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, այն կանգնեցրեց որպես հուշաքար և նրա գլխին յուղ լցրեց:
19. Եվ այդ տեղը Բեթել կոչեց, որը մինչ այդ Լուզ էր կոչվում:
20. Եվ Հակոբն ուխտ արեց ու ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի, պահպանի ինձ այս ճանապարհին, որ ես գնում եմ, ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա,
21. Եվ ես խաղաղությամբ իմ հոր տուն վերադառնամ, ապա թող Տերն ինձ համար Աստված լինի:
22. Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշաքար, թող Աստծո տուն լինի: Եվ այն ամենից, ինչ որ Դու ինձ տաս, ես Քեզ տասանորդ կտամ»: