Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 33

Հակոբն ու Եսավը հաշտվում են:
   
1. Եվ Հակոբը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ Եսավին, որ գալիս էր իր չորս հարյուր մարդկանցով: Նա առանձնացրեց իր զավակներին ու բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև:
2. Առջևից ուղարկեց աղախիններին իրենց զավակներով, ապա Լիային իր զավակներով և վերջում՝ Ռաքելին ու Հովսեփին:
3. Եվ ինքը բոլորից առաջ անցավ ու մինչև եղբոր մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց:
4. Եվ Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց, ընկավ նրա պարանոցով, համբուրեց նրան, և լաց եղան:
5. Եվ Եսավը բարձրացրեց իր աչքերը, տեսավ կանանց ու զավակներին և հարցրեց. «Սրանք ովքե՞ր են»: Եվ նա պատասխանեց. «Իմ զավակներն են, որոնց Աստված պարգևել է քո ծառային»:
6. Եվ աղախիններն ու նրանց զավակները մոտեցան ու խոնարհվեցին նրա առաջ:
7. Եվ Լիան ու իր զավակները մոտեցան և խոնարհվեցին, և վերջում Հովսեփն ու Ռաքելը մոտեցան ու խոնարհվեցին:
8. Եվ Եսավը հարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»: Եվ Հակոբը պատասխանեց. « Իմ տիրոջ առջև շնորհ գտնելու համար է»:
9. Եվ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր, քոնը թող քեզ լինի»:
10. Եվ Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրում եմ, եթե քո առջև շնորհ գտա, ընդունի՛ր ընծաս իմ ձեռքից հենց միայն այն պատճառով, որ երբ տեսա քո երեսը, ասես թե Աստծո երեսը տեսա, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ:
11. Ընդունիր խնդրեմ քեզ բերած ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, ու ես ամեն ինչ ունեմ»: Եվ Հակոբը ստիպեց նրան, ու նա էլ ընդունեց:
12. Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առջևից»:
13. Եվ Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակներս փոքր են, և իմ հոտերն ու արջառները պիտի ծնեն: Եվ եթե մեկ օրվա մեջ նրանց արագ տանենք, ապա հոտերը կսատկեն:
14. Ուրեմն թող իմ տերը իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ, կամաց-կամաց կգամ ինձնից առաջ գնացող իմ անասունների և իմ երեխաների ընթացքով, մինչև հասնեմ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»:
15. Եվ Եսավն ասաց. «Թող քեզ մոտ թողնեմ իմ մարդկանցից»: Եվ նա պատասխանեց. «Ինչո՞ւ համար, թող իմ տիրոջ առջև շնորհ գտնեմ»:
16. Այսպես այդ օրը Եսավն իր ճանապարհով վերադարձավ Սեիր:
17. Եվ Հակոբը գնաց Սոկքոթ, որտեղ իր համար տուն ու իր հոտերի համար փարախներ շինեց: Այդ պատճառով այդ տեղը Սոկքոթ կոչեց:
   
Հակոբը բնակվում է Սյուքեմում
   
18. Եվ Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում և բնակվեց քաղաքի դիմաց:
19. Եվ այն արտի կալվածքը, որտեղ խփել էր իր վրանը, հարյուր կեսիթայով գնել էր Սյուքեմի հայր Եմորից:
20. Եվ այնտեղ մի զոհասեղան շինեց ու անունը Էլ-Էլոհե-Իսրայել դրեց: