Հուդայի որդիները
1. Եվ եղավ, որ այդ ժամանակ Հուդան գնաց իր եղբայրների մոտից և եկավ Իրաս անունով մի ոդողոմացի մարդու մոտ:
2. Եվ այնտեղ Հուդան տեսավ Շավա անունով մի քանանացու աղջկա, առավ նրան ու մտավ նրա մոտ:
3. Եվ նա հղիացավ, մի որդի ծնեց ու նրա անունը Էր դրեց:
4. Եվ դարձյալ հղիացավ ու որդի ծնեց և նրա անունը Օնան դրեց:
5. Եվ դարձյալ մի որդի ծնեց ու նրա անունը Սելոմ դրեց: Եվ երբ նա ծնվեց, Հուդան Քիզիբում էր:
6. Եվ Հուդան իր առաջնեկ որդու՝ Էրի համար կին առավ՝ անունը Թամար:
7. Եվ Հուդայի առաջնեկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերն առավ նրա հոգին:
Օնանի մեղքը
8. Եվ Հուդան ասաց Օնանին. «Մտիր քո եղբոր կնոջ մոտ, նրա հանդեպ կատարիր տագրությանդ պարտքը և սերունդ թող եղբորդ համար»:
9. Եվ Օնանն իմանալով, որ սերունդն իրենը չի լինելու, երբ իր եղբոր կնոջ մոտ էր մտնում, սերմը գետնին էր թափում, որ իր եղբորը սերունդ չտա:
10. Եվ այս բանը չար երևաց Տիրոջ աչքին, ուստի նրա հոգին էլ առավ:
Հուդայի ազգապղծությունը
11. Եվ Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որպես որբևայրի նստիր քո հոր տանը, մինչև մեծանա իմ Սելոմ որդին», որովհետև մտածեց. «Գուցե սա էլ մեռնի իր եղբայրների պես»: Եվ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը:
12. Եվ շատ օրեր անց մեռավ Շավայի դուստրը՝ Հուդայի կինը: Եվ Հուդան սգից դուրս գալուց հետո իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր հոտերը խուզողների մոտ:
13. Եվ հայտնեցին Թամարին. «Ահա քո սկեսրայրը դեպի Թամնա է գնում՝ իր ոչխարները խուզելու»:
14. Նա իր վրայից հանեց որբևայրության հանդերձները, ծածկվեց ու փաթաթվեց քողով ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքի մոտ, որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն նրան կնության չտվին:
15. Եվ Հուդան տեսավ նրան ու կարծեց, թե պոռնիկ է, որովհետև դեմքը ծածկված էր:
16. Եվ ճանապարհին մոտեցավ նրան ու ասաց. «Թող քեզ մոտ մտնեմ», որովհետև չգիտեր, որ նա իր հարսն է: Եվ նա ասաց. «Ինձ ի՞նչ կտաս, որ ինձ մոտ մտնես»:
17. Նա էլ ասաց. «Իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»: Եվ նա ասաց. «Արդյոք գրավ կտաս մինչև ուղարկելդ»:
18. Եվ Հուդան հարցրեց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»: Եվ նա պատասխանեց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»: Նա էլ տվեց ու մտավ նրա մոտ: Եվ Թամարը հղիացավ նրանից:
19. Եվ վեր կացավ, գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ որբևայրության իր հանդերձները:
20. Եվ Հուդան իր բարեկամ Ոդողոմացու ձեռքով ուղարկեց ուլը, որպեսզի այն կնոջ ձեռքից վերցնի գրավը, բայց նա չգտավ նրան:
21. Եվ այնտեղի մարդկանց հարցրեց. «Ո՞ւր է այն պոռնիկ կինը, որ նստած էր Ենայիմի ճանապարհին»: Եվ նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»:
22. Եվ նա վերադարձավ Հուդայի մոտ ու ասաց. «Ես չգտա նրան, ու այնտեղի մարդիկ էլ ասացին, թե այստեղ պոռնիկ չի եղել»:
23. Եվ Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե չխայտառակվենք: Ահա ես ուլն ուղարկեցի, բայց դու չգտար նրան»:
24. Եվ եղավ, որ երեք ամիս անց Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը պոռնկացել է, և նաև պոռնկությունից հղիացել է»: Այնժամ Հուդան ասաց. «Դո՛ւրս բերեք նրան, նա պետք է այրվի»:
25. Եվ մինչ նրան դուրս էին հանում, նա գրավներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղիացել եմ սրանց տիրոջից»: Նաև ասաց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՞ւմ են պատկանում այս կնիքը, ժապավենը և գավազանը»:
26. Եվ Հուդան ճանաչեց ու ասաց. «Նա ինձանից արդար գտնվեց, որովհետև ես նրան չտվեցի իմ որդի Սելոմին»: Եվ այլևս նրա մոտ չմտավ:
27. Եկավ նրա ծնելու ժամանակը, և ահա նրա արգանդում երկվորյակներ էին:
28. Եվ եղավ, որ ծնելիս նրանցից մեկը մեկնեց իր ձեռքը, և մանկաբարձն առավ ու նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջ սա դուրս եկավ»:
29. Եվ հենց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս ելավ նրա եղբայրը: Եվ մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ ճեղքեցիր պատնեշը, թող այդ քեզ վրա լինի»: Այդ պատճառով նրա անունը Փարես դրեցին:
30. Եվ հետո դուրս ելավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը Զարա դրեցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: