Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում:
Այդ ժամանակ մոտեցավ Նրան Զեբեդեոսի որդիների մայրը` իր որդիներով հանդերձ, երկրպագեց և Նրանից ինչ-որ բան էր խնդրում:
Մարկոսն ասում է. «Նրա հետ գնում էին Զեբեդեոսի որդիներ Հակոբոսն ու Հովհաննեսը և ասացին Նրան. «Ուսուցի՛չ, կամենում ենք, որ ինչ որ խնդրենք Քեզնից, անես մեզ համար» (Մարկ. 10։35), իսկ այստեղ [ասվում է], թե նրանց մայրը մոտեցավ: Հակասություն չկա այստեղ, այլ կարծիք կա, թե երկուսն էլ տեղի են ունեցել, կամ էլ` որ թե՛ նրանք, թե՛ նրանց մայրն ասացին [այս խոսքը]: Կամ էլ իրենք մտադրվեցին խնդրել, բայց ամաչում էին խոսել, ուստի մորը դրդեցին [դա անելու]` իրենց խնդրանքի համար պատսպարան դարձնելով, որպեսզի, ինչպես իրենք էին կարծում, նրա միջոցով ավելի [հեշտությամբ] համոզեին Փրկչին` [Նրա հետ իրենց մոր] մտերիմ լինելու պատճառով, որովհետև ասում են, թե նա Քրիստոսի մանկաբարձն էր: Եվ սա առանձին էին անում, որովհետև կամ ամաչում էին` մարդկային ախտից բռնված լինելով, կամ էլ որպեսզի այսպիսի խնդրանքն ուրիշներին հայտնի չդառնար: [Նրանց մայրը] Աստվածածնի մայր Աննայի` ուրիշ ամուսնուց ծնված դուստրն է` Սաղոմե անունով 1054, ով ամուսնանալով Զեբեդեոսի հետ` ծնեց Որոտման որդիներին: Սակայն ուրիշներ էլ ասում են, թե նա Աստվածահայր անվանված Հովսեփի դուստրն է 1055: Այսպես է, թե այնպես, սակայն մերձավոր էր, այդ պատճառով էլ համարձակվեց [նման խնդրանքով դիմել] որդիների հետ, որոնց [Տերը] սիրում էր, որովհետև մեր Տիրոջ հետ էին մեծացել: Եվ թեպետ [այսպիսի խնդրանքով դիմեցին], սակայն պատշաճ պատիվն ընծայեցին` երկրպագեցին, որովհետև թեև կատարելապես չէին հասկանում Նրա ով լինելը, սակայն սրբերից մեկն էին համարում թե Նրա վարդապետության և թե հրաշքների պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան
20-28. Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
Հիսուսի կանխագուշակությունը կարելի է համարել նիսան 4-ի, մարտի 27-ի երկուշաբթի օրվա գլխավոր դիպվածը: Առաքյալներն ամբողջ օրն անցկացրին այդ ծանր տպավորությամբ խոսեցին ու խոսակցեցին իրար հետ, հարցրեցին ու լսեցին ր, վերջապես, մի ներքին համոզման եկան, թե Հիսուսի մտքինը Աստծո կամքն է և, ուրեմն, պիտի կատարվի: Այն երեկո, հավանաբար, մնացին գիշերելու Դովը կամ Դովկ փոքր քաղաքում (այժմ՝ Այն-էլ-Տուք), որ ժամանակին կառուցել էր Աբուբայի որդի Պտղոմեոսը, փեսան մեծ քահանայապետ Շմավոն Մակարեի Ա. Մակ. 16:15: Մարդկային բնությանը խորթ չէ մի ծայրահեղ մտածումից մյուս ծայրահեղ մտածումին անցնելը, և դրա օրիանակը կտեսնենք առաքյալների վրա: Նրանք, ովքեր նախորդ օրը ջանում էին փրկել Հիսուսին մահվան վտանգից, երկրորդ օրը հաշտվելով մահվան գաղափարի հետ, սկսում են մտածել, թե ով պիտի լինի իրենց միջից Հիսուսին փոխարինողը և Ավետարանի գործի շարունակության գլխավորողը: Այս պարագան բավական է հաստատելու այն, որ Հիսուս իր առաքյալնեից և ոչ մեկին գլխավորություն և առաջնություն չէր տվել, և Փիլիպպյան Կեսիարիա քաղաքի մոտակայքումՊետրոսի հետ կայացած խոսակցությունը բնավ Պետրոսին գլխավորություն տալու իմաստը չուներ (Մատթ. 16:17-19): Զեբեդիոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը ենթադրեցին, թե իրենք ավելի իրավունք ունեն Հիսուսի հաջորդները և ընկերների մեջ գլխավորները լինելու, որովհետև իրենց մայրը՝ Սողոմեն, Հիսուսի մոր՝ Մարիամի հետ մորա քեռորդիներ էին (Ղուկ. 1:5-25), և իրենք էլ Հիսուսի հետ երկրորդ աստիճանի արյունակից եղբայրներ՝ քեռթոռնյակներ էին,և ազգակցական իրավունքով ժառանգներ լինելը հավանական էին համարում: Երեքշաբթի, նիսան 5 և մարտի 28-ի առավոտյան, երբ բոլորը դեռ մի տեղ հավաքված էին, երկու եղբայրները, մոր հետ միասին, առանձին Հիսուսինեն ներկայանում: Զեբեդյան եղբայրների մայրը՝ Սողոմեն, Հիսուսին հետևող այն կանանցից մեկն էր (Ղուկ. 8:1-3), ովքեր ամենուրեք Հիսուսի հետ էին և հոգում էին նրա կարիքները:
Իրոք,ամենքը ամեն տեղ միասին չէին կարող լինել, բայց դժվար չէր ենթադրել,որ Սողոմեն այդ ժամանակ Հիսուսի մոտ գտնվողներից մեկն էր, կամ Սողոմեն մոտակա Զատկի առթիվ Գալիլիայից Երուսաղեմ էր եկել և լսելով, որ Հիսուս այդ կողմերում է, եկել էր նրան տեսնելու:
Մայրն իր զավակների հետ, արտաքին պատվասիրական դրսևորումներից դրդված, ինչը հատուկ է բոլոր խնդրանք ներկայացնողներին, մոտենում է Հիսուսին «Երկիրպագանէր եւ խնդրէր ինչ ի նմանէ»: Հիսուս տեսնելով,որ Սողոմեն աղերսով է մոտենում, թույլ է տալիս խոսելու և հարցնում է. «Զի՞նչ կամիս»: Բնական է, որ Սողոմեն չի ասում «քանի որ քո մահը ստույգ է, իմ տղաներին քեզ հաջորդ նշանակիր», այլ նույնը դարձվածքով է հասկացնում. «դու, Տեր, երկնքի արքայության ավետիսը բերեցիր մեզ և երկնային Արքայության գործը երկրի վրա հաստատեցիր: Դու ես այդ գործի տերն ու մեծը, անմիջական օգնականների կարիք ունես: Խնդրում եմ իմ այս երկու զավակներին, որ նաև քո ազգականներն ու սիրելիներն են, քեզ օգնականներ նշանակես, որ անմիջապես քեզանից հետո լինեն Ավետարանի գործի գլխավորները, մեկը՝ աջ կողմդ, մյուսը՝ ձախ կողմդ, քեզ մոտ առաջին տեղերը գրավեն»: Հիսուս մի պահ լռեց և երկու եղբայրները համարձակություն ստացան կրկնելու մոր առաջարկը. «Աղաչում ենք մեր առաջարկը չմերժես և մեզ կիրավունք շնորհես, որ քո հաստատած Երկնքի արքայության մեջ քո աջ ու ձախ կողմից առաջին տեղերը մերը լինեն: Եվ քանի որ քո ազգականներն ենք, ուրիշների համեմատ, ավելի արտոնյալ լինենք»:
Մեկ օր առաջ Հիսուս հայտնապես ասել էր,որ Երկնքի արքայությունը նեղությունների և չարչարանքների արքայություն է և իր փառքը մահվան ու խաչի փառք է,որով էլ Զեբեդյան եղբայրները իր արքայության և իր փառքի մեջ երկրորդը լինել ուզելով՝ բոլորովին այլ բան ուզած կլինեին, քան ինչ-որ իրենց մտքով պատկերացնում էին: Ուստի Հիսուս պատասխանում է. «Տեսնում եմ, որ դուք չեք հասկանում, թե ինչ եք խնդրում՝ իմ արքայության և փառքի մեջ առաջնություն փնտրելով: Քանի որ այս կերպ նեղությունների ու չարչարանքների, խաչի ու մահվան առաջնություն եք խնդրում: Ես բաժակ ունեմ խմելու, սակայն այն նեղությունների ու չարչարանքների բաժակ է.ես մկրտություն ունեմ, որով պիտի լվացվեմ, բայց այն խաչի և արյան մկրտություն է: Կարո՞ղ եք դուք էլ այդ բաժակը խմել, կարո՞ղ եք դուք էլ այդ մկրտությամբ լվացվել»: Հակոբոսն ու հովհաննեսը համարձակ պատասխանում են «Այո՛,կարող ենք»:
Հիսուս զգացնել չի տալիս, թե իրենց հանձնառությունը անհեռատեսության հետևանք է, Հիսուսի առաջարկը չմերժելու սնապարծ արիություն, որպեսզի չերևա, թե իրենք իրենց բերանով սեփական առաջարկից հրաժարվեցին: ուստի, առանց հանդիմանության դիտողություն անելու, անդրադառնալով գործի էությանը, պատասխանում է. «Եթե նույնիսկ իմ չարչարանաց բաժակն էլ խմեք և իմ արյան մկրտությամբ լվացվեք, միևնույն է, առաջնություն կամ արտոնություն տալու խոստում ինձնից սպասել չեք կարող: Այն Երկնքի Արքայության մեջ, ուր իմ երկնային փառավորությունը իր լրումն է ստանակու փառքի առավելությունը շնորհելը ինձնից կախում չունի, իմ աջս և սախս՝ գլխավոր տեղերը գրավելըինձնից արվելիք շնորհ չէ, և ոչ էլ ազգակցական հարաբերություններով որոշվելիք բան. Այդ շնորհը Երկնավոր Հայրը պիտի պարգևի նրանց, համար ինքն ի սկզբանե պատրաստել է »: Այսպես նրբորեն, բայց և ճարտար կերպով Հիսուս մերժեց Զեբեդյան եղբայրների և իրենց մոր սնափառ առաջարկը՝ միաժամանակ հայտնելով, որ եթե կա առաջնություն, այն ոչ թե երկրի վրա հաստատծ Երկնային Արքայության, այսինքն՝ ավետարանով հաստատված եկեղեցու մեջ է, այլ հանդերձյալ աշխարհի արքայության մեջ, որ Աստծուց պիտի շնորհվի առավելագույն արդյունքի դիմաց:
Թեև մայրն ու զավակներն առանձին էին մոտեցել Հիսուսին, եղելությունը ծածուկ չէր կարող մնալ: Իմանալով իրենց երկու ընկերների ձեռնարկած քայլի մասին՝ մյուս տասն առաքյալները զայրացան, մեղադրեցին ու հանդիմանեցին նրանց, գուցե և Հիսուսից էլ սրտնեղեցին՝ տեղյակ չլինելով, որ Նա բացարձակ մերժումով է պատասխանել զեբեդյան եղբայրներին: Հիսուս, չուզելով, որ առաքյալների մեջ երկպառակության և գժտության առիթ լինի, բոլորին միասին իր մոտ կանչեց՝ անհրաժեշտ բացատրություն տալու համար. «Դուք գիտեք, որ աշխարհում ամեն իշխանության կամ թագավորության մեջ կան իշխողներ, որոնք հրամաններ են արձակում և ուրիշներ՝ որ իշխողների աջակիցներնու օգնականներն են: Բայց իմ քարոզած արքայության և Երկնային իշխանության մեջ այդպես չէ: Հետևաբար, ձեր մեջ իշխողներ չպիտի լինեն: Ձեզ համար, իմ կողմից հաստատված կարգի համաձայն, ձեր միջի մեծը նա է, ով բոլորի սպասավորն է, առաջինը՝ նա, ով բալարի ծառան է: Ձեզանից ով ուզում է մեծը լինել, թող մյուսներին սպասավորություն անի, ով ուզում է առաջինը լինել, թող մյուսներին ծառայի: Ես, որ եկել եմ աշխարհ որպես Երկնային Արքայության տեր ու իշխան, երբեք չեմ ուզել, որ ուրիշները ինձ սպասավորեն, այլ միշտ ինքս եմ ուրիշներին սպասավորել, մինչև իսկ պատրաստ եմ եղել իմ անձը և կյանքը տալու՝ մարդկանց հոգևոր փրկության համար, ինչպես ձեզ արդեն բացատրել եմ՝ իմ մահվան խորհուրդն ու նպատակը հայտնելով: Դուք պիտի որ մտածեիք այդ խորհուրդի շուրջ, այլ ոչ թե այդ առթիվ մեծը լինելու թեկնածություններ կամ նախանձ ստեղծեիք»:
Ավետարանիչները Եփրայիմից Երիքով մի քանի օր տևած ճամփորդության ընթացքում այլ պարագաներ չեն հիշատակում, և պատմածներն էլ բավական են հաստատել, որ այդ օրերին բոլոր մտածումներն ու խոսակցությունները միշտ պտտվել են Հիսուսի մոտալուտ մահվան շուրջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: