Երեմիայի մարգարեության մեկնություն 30:24

Ա. Լոպուխին

«Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ Նա չկատարի և չիրագործի Իր սրտի մտադրությունները։ Վերջին օրերին պիտի հասկանաք դա»։ (Սինոդական թարգմ.) [24]
   
    Հատուկ նշումներ: Իր գրքի այս բաժնում Երեմիան երեք կետ է նշում.

    1) Իսրայելն ի վերջո դարձի կգա դեպի Աստված,
    2) գերության և ցրման երկրներից ժողովուրդը կրկին կհավաքվի Պաղեստինում,
    3) այստեղից Աստծո զորությունը կտարածվի բոլոր ազգերի վրա, որոնք թշնամություն էին անում հրեաների հետ: Այս կանխատեսումները, որոնք արվել են նաև այլ մարգարեների կողմից  (Ես. 9:1–7, 11:1–16, Եզեկ. 16:53–63, Դան. 2:44, 45, Ամովս 9:1315, Զաք. 8:7–8 և այլն), որոշ մեկնիչներ առնչում են ոչ թե հրեա ժողովրդին, այլ քրիստոնեական Եկեղեցուն, մյուսներն էլ՝ այս բազում բարիքները, որոնք այստեղ մարգարեն խոստանում է իր ժողովրդին, խորհրդանշական կերպով են հասկանում՝ նրանց մեջ հատկապես հոգևոր օրհնություններն ու վերջին դատաստանից հետո ճշմարիտ հավատացյալների համար նոր կյանքում լինելիք երանությունն են տեսնում, որոնք պետք է գան, երբ նոր երկինք և նոր երկիր լինի:

    Երեմիայի և մյուս մարգարեների մարգարեությունների նման ընկալման հետ համաձայնել հնարավոր չէ հետևյալ պատճառներով.

    1) Բոլորը խոստովանում են, որ Մովսեսի ժամանակներից ի վեր մարգարեների կողմից Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքները իսկապես վերաբերվել են հրեաներին և նրանց հետ էլ կատարվել են: Ուստի ծայրաստիճան անհամապատասխան կլիներ Իսրայելին չառնչել նաև այն խոստումները, որոնք հետևում են սպառնալիքներին, և որոնք, ըստ մարգարեների, պետք է անխափան կերպով կատարվեն:

    2) Ապագա օրհնությունները ստանալու համար հիմնական պայմանն Իսրայելի դարձն է դեպի Աստված: Բայց ի՞նչ իմաստ կունենար այս պահանջը, եթե Հուդա և Իսրայել ասելով՝ նկատի ունենանք քրիստոնեական Եկեղեցին: Ավելին, եթե Հուդա և Իսրայել ասելով նկատի ունենք միայն քրիստոնյաների ընտրյալ հասարակությունը՝ ներառելով նաև հավատացյալ հրեաներին (և այդպես մտածելը անհրաժեշտություն է, քանի որ միայն անունով քրիստոնյաները, որոնք, իհարկե, Եկեղեցում մեծամասնությունն են կազմում, չեն կարող ստանալ այս օրհնությունները), ապա այս ընտրյալների ի՞նչ նոր դարձի մասին կարող են խոսել մարգարեները: Ընդհանուր առմամբ, ընտրյալ քրիստոնյաների այս համայնքը համարվում է արդեն դարձի եկած։  Ընդհակառակը, հրեա ժողովուրդը՝ որպես ամբողջություն, իրոք, դեռ պետք է դառնա դեպի ճշմարիտ ճանապարհը, և, ուրեմն, մարգարեների մոտ խոսքը հենց նրա մասին է:

    3) Մարգարեների մոտ, իհարկե, հեթանոսները չեն վտարվում փրկության տիրույթից, բայց միևնույն ժամանակ հստակ տարբերակում է դրվում Իսրայելի և հեթանոսների միջև: Այս տարբերակումը կվերանա, եթե Իսրայելի ապագա վեհացումը նախանշող մարգարեություններում և՛ հրեաների, և՛ հեթանոսների նկատմամբ եղած վերաբերմունքը դիտենք բացարձակ հավասար աստիճանի վրա։  Այսպիսով՝ մարգարեության ոգուն միանգամայն համապատասխան է, այստեղ Իսրայելի հետագա դարձի ցուցումը տեսնելը, ընդ որում, երբ Իսրայելը առանցքային տեղ է զբաղեցնելու Քրիստոսի եկեղեցում (հմմտ. Հռովմ. 11:15, 11:25):  Նույն կերպ էլ  չի կարելի զուտ հոգևոր իմաստով մեկնաբանել Իսրայելին սպասվող օրհնությունների մասին մարգարեությունները և հասկանալ դրանք որպես ապագայի, երկնային կյանքի օրհնություններին վերաբերող: Ի վերջո, Երեմիան, ինչպես և մյուս մարգարեները, գիտեն նաև այս վերջին օրհնությունները, խոսում են դրանց մասին, բայց դա չի խանգարում նրանց խոսել մասնավորապես նյութական օրհնությունների մասին, որոնք, ակնհայտորեն, նրանք հասկանում են ուղղակի, տառացի իմաստով  (Եզեկ. 36:25–27, 29, 3337 գլուխներում):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------

[24](Էջմիածին թարգմ.) Տիրոջ բարկութիւնն ու զայրոյթը կը գան ու յետ չեն շրջուի, մինչեւ որ նա կատարի իր սրտի կամքը: Վերջին օրերին դուք կը հասկանաք դա»:
(Արարատ թարգմ.) Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։
(Գրաբար) եկեսցէ՝ եւ մի դարձցի բարկութիւն սրտմտութեան Տեառն՝ մինչեւ արասցէ եւ կատարեսցէ զյաւժարութիւն սրտի իւրոյ ի վախճանի աւուրց։ Եւ ծանիջիք զայն։