Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:4

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

4-7․ «Եվ Իմ ձեռքը պիտի երկարեմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա. պիտի վերացնեմ այս վայրից Բահաղի մնացորդները, քրմերի անունը՝ քահանաների հետ»։ [4] «Եվ նրանց, որոնք տանիքների վրա երկրպագում են երկնային զորքին, և այն երկրպագողներին, որոնք երդվում են Տիրոջով և երդվում են իրենց թագավորով», «Եվ նրանց, որոնք հեռացել են Տիրոջից, չեն փնտրել Տիրոջը և չեն հարցրել Նրա մասին»։ «Լո՛ւռ մնա Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերն արդեն պատրաստել է զոհաբերությունը, որոշել է՝ ում կանչի»։ (Սինոդական թարգ․)
   
   Ընդհանուր կերպով աշխարհում դրսևորվող Աստծու բարկության և դատաստանի մասին խոսելուց հետո մարգարեն ավելի կոնկրետ ու որոշակի արտահայտում է այն միտքը, որ դրանց պատժիչ գործողությունների առաջին ու գլխավոր առարկան Հուդան է և, առաջին հերթին՝ Երուսաղեմն իր բնակիչներով: «Այլաբանորեն ասվածն այժմ բացատրում և ուղղակիորեն ասում է, որ աստվածային բարկությունը պիտի հասնի Հուդայի ցեղին և Երուսաղեմին: Ասում է, որ Իր ձեռքը պիտի երկարի նրա վրա, կարծես բռնելով, հարվածելով և ենթարկելով նրանց, ովքեր շուտով պիտի գան ու ավերածություններ գործեն ...» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի): Երուսաղեմի բնակիչները, թեև նրանք ընդգրկվում են «Հուդա» հասկացության մեջ, այնուամենայնիվ իրենց գերակշռող մեղքերի պատճառով հիշատակվում են առանձնահատուկ կերպով: Երուսաղեմը, լինելով հրեաների ազգային և պետական կյանքի նախկին կենտրոնը և ունենալով երկրի վրա ճշմարիտ Աստծու միակ տաճարը, որտեղ Տեր Աստված խոստացավ հավիտյան բնակվել և ընդունել ոչ միայն Իր ժողովրդի, այլև այլազգիների աղոթքները (Գ Թագ. 8:41-42, 9:3, Բ Մնաց. 7:15-16), անօրեն թագավորների օրոք ոչ միայն դադարեց լինել աստվածապետական սկզբունքներով ճշմարիտ հավատքի և կյանքի կենտրոն, այլև ողջ երկրում դարձավ կռապաշտության ամեն տեսակ պղծությունների կենտրոն և օջախ: Այդ իսկ պատճառով մարգարեն հատկապես պատժով է սպառնում Երուսաղեմի բնակիչներին:

   Այնուհետև (4−6−րդ համարներում) մարգարեն մանրամասն ցույց է տալիս պատժի ձևը, որի ընթացքում բացահայտում և թվարկում է մաքուր հավատքի և պաշտամունքի դեմ հրեաների մեղսագործությունների հիմնական տեսակները և նման «մեղքերի թվարկմամբ ապացուցում է պատժի արդարացիությունը» (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5, Մ., 1857, էջ 42): Ամենից առաջ պիտի վերանան «Բահաղի մնացորդները», (եբր.՝ «շէար−հաբբաալ», Վուլգաթա՝ «reliquiae Baal») կամ, ըստ սլավոներեն Աստվածաշնչի՝ «Բահաղի անունները»: Յոթանասնիցը թարգմանում է՝ «τὰ ὀνό ματα τῆσ Βαὰλ», (95, 182, 240 ձեռագրերում՝ «τῶν Βααλιμ», իսկ Հոլմսի խմբագրությամբ 22, 36, 42, 51, 62, 147, 238 ձեռագրերում՝ «τῶν Βααλειμ»):

   Ակնհայտ է, որ Յոթանասնիցը «շէար» («մնացորդ») բառի փոխարեն ընթերցել է «շեմ» («անուն»): Այս վերջին բառը նույնպես հանդիպում է նաև որոշ հրեական ձեռագրերում (ըստ Քեննիկոտի ցուցակների 1՝ 96, 150, 201): Եբրայերեն տեքստի նմանատիպ տատանումները զուգահեռներ ունեն նաև Սոփ. 1:4-ի քննարկվող հատվածի երկու այլ մարգարեական հատվածների հետ՝ Ովս. 2:18 («շեմոտ հաբբեալիմ») և Զաք. 13:2 («շեմոտ հաացաբիմ»): Այս ամենը, ինչպես նաև Յոթանասնից տեքստի հեղինակությունը, այստեղ հիմք են տալիս մասորեթական տեքստի փոխարեն նախապատվություն տալ հունարեն թարգմանության ընթերցմանը, հատկապես որ արտահայտության երկրորդ «բաալ» ձևը որոշ եբրայերեն տեքստերում ընթերցվում է հունարենի նման՝ «հաբբեալիմ» (ըստ Քեմբրիջյան հրատարակության՝ թիվ 96 և ըստ Լուկիանոսյան խմբագրության՝ թիվ 22, 36, 51 ձեռագրեր): Այնուամենայնիվ, երկու ընթերցումների դեպքում էլ արտահայտության իմաստները միմյանցից շատ չեն տարբերվում: Աստծու պատժիչ գործողությունը երկրի երեսից պիտի վերացնի աստվածամերժ սիդոնական Բահաղ կուռքին, որը սկզբում Իսրայելի թագավորություն է բերվել Աքաաբի կողմից (Գ Թագ. 16:31), ապա տարածվել նաև Հուդայում: Ոչնչացումը պիտի լինի ամբողջական և կատարյալ. կռապաշտության բոլոր հետքերը պիտի ջնջվեն այնպես, որ հիշողությունից վերանան ինչպես Բահաղի կուռքերի անունները, այնպես էլ նրա քրմերը՝ «քեմարիմ»-ները: Այստեղ «քեմարիմ» հասկացության ներքո, ինչպես Դ Թագ. 23:5-ում, ի տարբերություն «քոհանիմ»−ների (քահանաների), որոնք պատկանում էին Ղևիի ցեղին, պետք է հասկանալ, ըստ երևույթին, ոչ ղևտական ծագում ունեցող քրմական դասը («Մեկնողական Աստվածաշունչ», հ. Բ, էջ 569):

   «Այն, որ Հուդայի ժողովուրդը պիտի կործանվի պատերազմով և դառնա այնքան սակավաթիվ, որ գուցե այլևս չլինեն Բահաղի անունն արտասանողներ կամ կռապաշտության տաճարներին ծառայողներ, նա (մարգարեն) նրբորեն ակնարկում է՝ ասելով. «Կուռքերի և նրանց քրմերի անունները պիտի վերանան» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի): Այնուհետև Աստծու դատաստանը պիտի հասնի նաև նրանց, ովքեր տանիքներին պաշտում են երկնային Զորություններին» («ցեբա−հաշամայիմ», տե՛ս 5-րդ համար, ա): Այստեղ, իհարկե, խոսքը վերաբերում է հրեաներին վաղուց հայտնի (Բ Օր. 4:19), սակայն հատկապես Աքազ և առավել ևս Մանասե թագավորների օրոք Հուդայում տարածված երկնային լուսատուների բաբելոնական պաշտամունքին՝ սաբեիզմին։ Այս պաշտամունքը, չլինելով կապված տաճարի ու քրմերի հետ և կատարվելով տների տանիքների վրա, հրեաների մեջ շատ խոր արմատներ էր գցել և նույնիսկ գոյատևել Երուսաղեմի կործանումից հետո: Այն կատարում էին նաև Եգիպտոս փախած հրեաները (Երեմ. 13։13, 44:17-18):

   Այս հանցավոր պաշտամունքին զուգահեռ հիշատակվում է (տե՛ս 5-րդ համար, բ) հրեաների այն սովորությունը, ըստ որի՝ նրանք միաժամանակ երդվում էին Տիրոջով և «իրենց թագավորով» (եբր.՝ «բեմալքամ»): «Ինչ−որ մեկով երդվել» արտահայտությունը, ըստ Հին Կտակարանի, նշանակում է կատարել որոշակի պաշտամունք (Ես. 19:18, Ամոս. 8:14, Երեմ. 4:2)։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ եբրայերեն «մալքամ» բառը պետք է նշանակի «աստվածություն»: Յոթանասնիցի Լուկիանոսյան խմբագրության ձեռագրերում (թիվ 22, 36, 51, 95, 185, 238) ընթերցվում է «Μελχὸμ կամ Μολο῀χ», 62, 86, 147 ձեռագրերում՝ «ἢολχομ», իսկ Հոլմսի մոտ եղած 240-րդ ձեռագրում, ինչպես նաև Պեշիթոյում և Վուլգաթայում՝ «melchom»: Այս ամենն այստեղ, ինչպես Գ Թագ. 11:5−7 -ում, հիմք է տալիս այն նույնացնել ամոնական Մողոք աստծու հետ (տե՛ս «Մեկնողական Աստվածաշունչ», հ. Բ, էջ 418):

   Այսպիսով, Աստծու պատժին պիտի ենթարկվեն երկակի կրոնական գիտակցություն ունեցող մարդիկ, որոնց հավատքի և պաշտամունքի մեջ մի տեսակ սինկրետիզմ 2 է դրսևորվում, որը Հուդայում սկիզբ է առել Աքազի ժամանակներից (Դ Թագ. 16:3) և նույնիսկ ավելի վաղ: Վերջապես, ըստ 6−րդ համարի, Աստծու զայրույթը և դատաստանը բորբոքում են հավատուրացները, որոնք իրենց սրտով, հավատքով կամ կյանքով ուրացել են Տեր Աստծուն. «Տիրոջը չփնտրողների և Նրան կառչելու համար չանհանգստացողների ներքո, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ վատ և ամոթալի կյանք վարողներին ու անօրեն վարք սիրողներին» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 330−334)։ Կամ էլ դրանք այնպիսի մարդիկ էին, որոնք լիովին անտարբեր էին կրոնական խնդիրների հանդեպ։ Այսպիսի կրոնական անտարբերությունը երկրում տարաբնույթ ծագում ունեցող պաշտամունքների տարածման բնական հետևանքն էր, ինչպես դա եղել է Հուդայում Մանասեի օրոք: Այս կրոնական անտարբերությունն ինքնին հող նախապատրաստեց լիակատար անհավատության համար, որի մի տեսակը (տե՛ս 12−րդ համար) մարգարեն ներկայացնում է ստորև:

   Նկարագրելով հրեաների մեջ եղած տարատեսակ չարիքները՝ մարգարեն կանխատեսում է Աստծու մոտալուտ դատաստանի մասին՝ որպես իր կողմից թվարկված ազգային անօրենությունների անխուսափելի հետևանք: Որպես Աստծու ավետաբեր ու քարոզիչ, նա ինքը խորին ակնածանքով խոնարհվում է Աստծու գալիք դատաստանի վեհության ու սարսափի առաջ, և աստվածաշնչյան հեղինակների կողմից գործածվող «հաս» (լռի՛ր) ձայնարկությամբ կոչ է անում նաև ունկնդիրներին նույնպիսի ակնածանք ցուցաբերել (Դատ. 3:19, Ամոս 8:3, Ամբ. 2:20, Զաք. 2:13): «Հաս միլլենե Ադոնայ-Յահվե» (Լռի՛ր Տեր Աստծու առաջ) արտահայտությունը լիովին համընկնում է Ամբակում (Ամբ. 2:20) և Զաքարիա (Զաք. 2:13) մարգարեների ձևակերպումներին:

   «Հաս»-ի իմաստը պարզաբանում է երանելի Հերոնիմոսը՝ ասելով. «Յոթանասնիցի թարգմանած «երկյուղե՛ք» (εὐλαβεῖτε), իսկ մեզ մոտ «լռե՛ք» (silete) բառերի փոխարեն եբրայերենում հանդիպում է լռել հրամայողի բացականչական արտահայտությունը» («Ստեղծագործություններ. Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 247): Որոշ մեկնիչների (Հիտցիգ, Շվալլի, Մարտի) հետ անհրաժեշտ չէ այս բացականչության և զոհաբերության գործողության միջև անմիջական կապ տեսնել (ինչպես հռոմեական զոհաբերության ծեսում օգտագործվող «favete linguis» բացականչությունը): Ավելի շուտ, ինչպես ցույց են տալիս մարգարեական զուգահեռները՝ Զաք. 2:13 (եբր. տեքստում՝ 17) և հատկապես Ամբ. 2:20, այս բացականչությունը, որը Տիրոջ և Դատավորի առջև տածած երկյուղած սարսափի արտահայտություն է, ներկայացնում է մարգարեի անմիջական տպավորությունը Աստծու ահեղ դատաստանի հայտնության պատկերի ընդհանուր տեսիլքից և միևնույն ժամանակ ծառայում է որպես անցում դրան մանրամասն նկարագրությանը:

   Մարգարեն Աստծու դատաստանի բովանդակությունը կամ էությունը հակիրճ ներկայացնում է երեք դրույթով. ա) մոտ է Տիրոջ օրը, բ) Տերը արդեն պատրաստել է զոհաբերության մորթը («զեվախ»), գ) որոշել է, թե ում պետք է կանչի Իր մոտ («հիկդիշ կերուավ»):

   «Տիրոջ օր» («Յոմ Եհովա») արտահայտությունը, ըստ երանելի Հերոնիմոսի, նշանակում է «գերության և մեղանչած ժողովրդի հանդեպ վրեժխնդրության օր» (նույն տեղում, էջ 247): Իրապես, Հին Կտակարանի սուրբ գրքերում «Տիրոջ օր»−ը ներկայացվում է որպես Աստծու արդարության և ամենազորության հաղթանակի օր աշխարհում և որպես երկրի վրա Աստծու թագավորության հաստատման օր (Սաղմ. 96, 98:1-2, Ես. 2:12, Զաք. 14:9): Սա հենց այն պահն է, երբ Աստծու արդարությունը ոտնահարողների հանդեպ որոշակի երկայնամտություն դրսևորելուց հետո Տերը հայտնվում է որպես աշխարհի ահեղ Տիրակալ ու Դատավորը և վերականգնում է խաթարված արդարությունը՝ ահեղ պատիժներ հասցնելով չարագործներին՝ առաջին հերթին Իր ընտրյալ ժողովրդի, իսկ այնուհետև աշխարհի մյուս ազգերի մեջ (Ամոս. 5:18, Միք. 1:3, Հովել. 1:15, Աբդ. 1:15, Ամբ. 3:16, Երեմ. 30:7 և այլն):

   Մարգարեական հայտնության մեջ «Տիրոջ օրվա» պատկերացման ամենահեռավոր պահը պայծառ ապագայի մասին խորհրդածությունն է` Աստծու պատժի գործադրման հետևանքով կործանված Իսրայելի և աշխարհի ավերակների վրա աստվածապետության վերականգնումը (Ամոս. 9:8, Ովս. 2:20, Ովս. 11:9), ինչպես նաև Աստծու արքայության վերածնունդը փրկված փոքրաթիվ «մնացորդից» (տե՛ս Ես. 7:9)․ նույն կերպ է նաև Սոփոնիա մարգարեի մոտ (Սոփ. 3: 8−20): «Տիրոջ օրվա» մասին մարգարեական ուսմունքի վերջին հիմքը ամբողջ աշխարհի վրա Աստծու համընդհանուր վերջին դատաստանի անխուսափելիության կանխազգացումն է: Այս մասին առավել հստակ խոսում է, օրինակ, Մաղաքիա մարգարեն (Մաղ. 3:1-2, 4:5, եբր. տեքստում՝ 3:23), իսկ առավել հստակ՝ նորկտակարանյան գրությունները (Բ Պետ. 3։10, Ա Թես. 5:2, Բ Թես. 2:3 և այլն): Սոփոնիա մարգարեի քննարկվող հատվածում «Տիրոջ օր»−ը ներկայացվում է երկու հատկանիշներով՝ նախապատրաստված զոհաբերությամբ և հրավիրվածներով կամ զոհաբերության տոնի մասնակիցներով: Ի՞նչ է այս զոհաբերությունը և ովքեր են հրավիրվածները: Զոհաբերությունը Աստծու օրենքը խախտող չարագործների կործանումն է (Ես. 34։6, Երեմ. 46:10), իսկ կանչվածները կամ ընտրյալները Աստծու դատաստանն իրականացնողներն են, ամենայն հավանականությամբ՝ բաբելոնացիները (տե՛ս Ես.13:3, Երեմ. 25:9): «Մարգարեական խոսքը,− ասում է երանելի Թեոդորիտոսը,− բազմիցս զոհ է անվանում անօրենների կոտորածը. սա կարելի է գտնել նաև այլ մարգարեների և աստվածիմաստ Եզեկիելի մոտ:

   «Կանչվածներ կամ ընտրյալներ» է անվանում թշնամիներին: Ըստ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու՝ «զոհ է անվանում Նրա թույլտվությամբ կատարվող մեղավորների կոտորածը»: Իսկ կանչվածներ կամ ընտրյալներ է կոչում քաղդեացիներին, որոնց մասին ասում է, թե նրանք սրբագործված են ոչ թե այն պատճառով, որ սուրբ են դարձել, այլ որովհետև կանչված կամ ընտրված են Աստծու կողմից՝ Հուդան այրելու և նրա բնակիչներին անողորմաբար ոչնչացնելու համար: Նման մի բան Սուրբ Գիրքն ասում է նաև մեկ այլ տեղում: Կյուրոսի հետ կռվող պարսիկներն ու մարերը կանչված էին Նինվեի դեմ, և Աստված նրանց մասին ասում է. «Նրանք սրբագործված են, և Ես եմ առաջնորդում նրանց. հսկաները գալիս են, որպեսզի գոհացում տան Իմ բարկությանը. միասին ուրախանալով և նվաստացնելով» (Ես. 13:3): Այսպիսով, այս խոսքերում «սրբագործում» նշանակում է ոչ թե մեղքերից ազատում և Սուրբ Հոգու ընդունում, այլ նախասահմանում և որոշակի մարդկանց նշանակում՝ ինչ−որ գործ կատարելու համար» (նշված աշխատություն, էջ 336, 337): Այստեղ ի հայտ է գալիս աստվածաշնչյան հրեաների և մյուս սեմական ժողովուրդների միջև եղած ընդհանրությունը՝ սրբության և սրբագործման մասին երկակի ընկալումը, որի մասին երանելի Թեոդորիտոսն ասում է․«Ինչպես իրական սուրբն է առանձնանում և հեռանում պղծությունից, այնպես էլ նրանք, ովքեր Աստծու կողմից առանձնացված են պատիժ կրելու համար, որպես այդ նպատակին սահմանվածներ, նա կոչում է սրբագործվածներ: Այսպես էլ «զոհ» է անվանել՝ ոչ այդ բառի բուն իմաստով: Նույնպես և «անաթեմա» բառն ունի երկակի իմաստ, որովհետև դրանով նշվում է ոչ միայն Աստծուն նվիրաբերվածը, այլև Նրանից օտարվածը» (նույն տեղում, էջ 43)։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Իմ ձեռքը կ՚երկարեմ Յուդայի երկրի վրայ, Երուսաղէմի բոլոր նակիչների վրայ եւ կը վերացնեմ այդտեղից Բահաղի անունն ու քրմերի անունները՝ քահանաներով հանդերձ,
(Արարատ թարգ․) «Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ.
(Գրաբար) Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ Յուդայ եւ ի վերայ ամենայն բնակչաց Երուսաղէմի. եւ բարձից ի տեղւոջէդ յայդմանէ զանուն Բահաղու, եւ զանուն քրմացն հանդերձ քահանայիւքն,