Եսայու մարգարեության մեկնություն 51:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ:
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 51:4
   

Ա. Լոպուխին

«Իմ արդարությունը մոտ է, Իմ փրկությունը ծագում է, և Իմ բազուկը պիտի դատի ժողովուրդներին, կղզիները կապավինեն Ինձ և հույսները կդնեն Իմ բազկի վրա»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Իմ արդարությունը մոտ է,  Իմ փրկությունը ծագում է, և Իմ բազուկը պիտի դատի ժողովուրդներին…» - Համաձայն զուգահեռներով լեցուն եբրայեցերեն խոսքի փոխաբերական իմաստի՝ այստեղ կիրառված բոլոր երեք պատկերները վերաբերում են միևնույն թեմային, հատկապես հենց ա՛յն թեմային, որը նախորդ համարում անվանվում էր նոր «դատաստան» և «համաշխարհային լույս», այսինքն՝ նկատի էր առնվում ավետարանական ուսուցումն ու օրենքը։ Այստեղ այն դիտարկվում և սահմանվում է երեք տեսանկյուններից․ մեկ որպես արդարություն՝ Աստվածային Արդարադատության բարձրագույն չափանիշ և Աստծո առջև մարդու արդարացման աղբյուր, մեկ որպես փրկություն, որը տրվել է մեզ աշխարհի Փրկչի խաչելության «արժանիքների» շնորհիվ, և, վերջապես, որպես Տիրոջ ամուր բազուկ, այսինքն՝ որպես փորձաքար կամ քար, որի վրա փորձվելու է մարդկության կրոնա-բարոյական հոգեվիճակը և որը ոմանց համար ծառայելու է որպես փրկության և արդարացման քար, իսկ մյուսների համար փորձության և գայթակղության քար է լինելու (Ղուկ․ 2։34)։ Քանի որ մարգարեական տեսիլքները սեղմված չեն մեր երկրային պատկերացումների սահմանների մեջ, ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ մարգարեն ոչ պակաս, քան 5-7 դարերի հեռավորությամբ տեղի ունենալիք իրադարձության մասին խոսում է որպես արդեն մոտ ապագայում, շուտով իրականացող մի իրադարձության մասին։ Մարգարեն այդ կերպ է վարվում նաև այլ պարագաներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեսիական ժամանակներին (Ես․ 50։8, 56։1)։ Տիրոջ ամուր բազկի մատնանշումը, հավանաբար, նաև այն իմաստն ունի, որ այդ բազուկը կարծես թե երաշխավորում է Աստվածային ծրագրերի իրականացման անփոփոխելիությունը, քանի որ Աստված ի զորու է  վերացնել այդ ճանապահին հանդիպող բոլոր խոչընդոտները և ոչնչացնել բոլոր թշնամիներին (Ես․ 40։10, 49։24-25 և այլ տեղիներ)։

   «Կղզիները կապավինեն Ինձ․․․»։ Կղզիների հանդեպ դատաստանի, նրանց արդարացման և փրկության մասին մարգարեն վերևում արդեն մանրամասնորեն խոսել է (Ես․ 41։1-ին, 5-րդ, 42։4-րդ, 10-րդ, 12-րդ, 49։1-ին համարների մեկնությունները)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ:
(Արարատ թարգ․) Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։
(Գրաբար) Արագ արագ մերձեսցի արդարութիւն իմ, եւ ելցէ իբրեւ զլոյս փրկութիւն իմ. ի բազուկ իմ հեթանոսք յուսասցին. ինձ կղզիք սպասեալ մնան, եւ ի բազուկ իմ յուսասցին: