Գիրք` 7. Դատաւորք

Գլուխ 13

1. Եւ յաւելին որդիքն Իսրայէլի առնել չա՛ր առաջի Տեառն. և մատնեա՛ց զնոսա Տէր ‘ի ձեռս այլազգեացն ամս քառասուն։
2. Եւ եղև այր մի ‘ի Սարաա՛ ‘ի ցեղէ՛ Դանայ, և անուն նորա Մանովէ. և կին նորա ամո՛ւլ էր՝ և ո՛չ ծնանէր։
3. Եւ երևեցա՛ւ հրեշտակ Տեառն կնոջն, և ասէ ցնա. Ահաւադիկ դու ամո՛ւլ ես՝ և ո՛չ է քո ծնեալ, և յղասցիս և ծնցիս որդի՛։
4. Արդ՝ զգո՛յշ լեր՝ գուցէ՛ ըմպիցես գինի և օղի. և մի՛ ուտիցես զամենայն անսուրբ.
5. զի ահա յղասցիս դու և ծնցիս որդի՛, և երկաթ մի՛ ելցէ ‘ի գլուխ նորա. զի ուխտաւո՛ր Աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ. և նա՛ սկսցի փրկել զԻսրայէլ ‘ի ձեռաց Փղշտացւոցն։
6. Եւ եմուտ կինն և ասէ ցայր իւր, եթէ ա՛յր Աստուծոյ եկն առ իս, և տեսիլ նորա իբրև զտեսիլ հրեշտակի Աստուծոյ երևելի՛ յոյժ. և հարցի ցնա՝ թէ ուստի՛ ես, և զանուն իւր ո՛չ պատմեաց ինձ։
7. Եւ ասէ ցիս. Ահա յղասցիս դու, և ծնցիս որդի. և արդ՝ մի՛ ըմպիցես գինի և օղի, և մի՛ ուտիցես զամենայն անսուրբ. զի ուխտաւո՛ր Աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ մինչև ցօր մահուան իւրոյ։
8. Եւ աղաչեա՛ց Մանովէ զՏէր՝ և ասէ. Յի՛ս Տէր. այրն Աստուծոյ զոր առաքեցեր առ մեզ, եկեսցէ՛ դարձեալ առ մեզ և լուսաւորեսցէ՛ զմեզ, թէ զի՞նչ արասցուք մանկանն որ ծնանիցի։
9. Եւ լուաւ Աստուած ձայնի Մանովէ։ Եւ եկն հրեշտակն Աստուծոյ մի՛ւս անգամ առ կին նորա մինչդեռ նստէ՛ր յանդի. և Մանովէ այր նորա չէ՛ր առ նմա։
10. Եւ փութացաւ կինն՝ և ընթացաւ պատմեաց առն իւրում, և ասէ ցնա. Ահա երևեցա՛ւ ինձ այրն որ եկն առ իս յաւուր յայնմիկ։
11. Եւ յարեաւ գնաց Մանովէ զհետ կնոջ իւրոյ, և եկն առ այրն, և ասէ ցնա. Եթէ դո՞ւ իցես այրն որ խօսիցիս ընդ կնոջն։ Եւ ասէ հրեշտակն. Ե՛ս եմ։
12. Եւ ասէ Մանովէ. Արդ գալով չափ բանին քոյոյ, զի՞նչ լինիցին իրաւունք մանկանն՝ և գործք նորա։
13. Եւ ասէ հրեշտակն ցՄանովէ. Յամենայնէ զոր ասացի կնոջդ՝ զգո՛յշ լինիցի.
14. յամենայնէ որ ելանէ յորթոյ՝ մի՛ կերիցէ, և գինի և օղի մի՛ արբցէ, և զամենայն անսուրբ մի՛ կերիցէ. յամենայնէ՛ զոր պատուիրեցի նմա զգո՛յշ լինիցի։
15. Եւ ասէ Մանովէ ցհրեշտակն. Թո՛ղ բռնադատեսցուք զքեզ, և արասցուք առաջի քո ո՛ւլ մի յայծեաց։
16. Եւ ասէ հրեշտակն Տեառն ցՄանովէ. Եթէ բռնադատեսցես զիս՝ ո՛չ կերայց ‘ի հացից քոց, և եթէ արասցես ողջակէզ՝ Տեառն մատուսցես զնա. զի ո՛չ գիտաց Մանովէ թէ հրեշտակ Տեառն իցէ։
17. Եւ ասէ Մանովէ ցհրեշտակն Տեառն. Զի՞նչ անուն է քեզ, զի յորժամ եկեսցէ բանն քո՝ փառաւորեսցո՛ւք զքեզ։
18.Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Զի՞ հարցանես զանուանէ իմմէ, և նա է՛ սքանչելի։
19. Եւ ա՛ռ Մանովէ զուլն այծեաց զզոհն, և մատոյց ‘ի վերայ վիմին՝ Տեառն սքանչելարարի. և Մանովէ և կին նորա հայէին։
20. Եւ եղև ընդ ամբառնալ բոցոյն ‘ի վերուստ ‘ի սեղանոյն յերկինս, ամբարձաւ հրեշտակն Տեառն բոցով սեղանոյն. և Մանովէ և կին նորա հայէին. և անկան ‘ի վերայ երեսաց իւրեանց յերկիր։
21. Եւ ո՛չ ևս յաւել երևել հրեշտակն Տեառն Մանովէ և կնոջ նորա. յայնժամ գիտաց Մանովէ թէ հրեշտա՛կ Տեառն է։
22. Եւ ասէ Մանովէ ցկինն իւր. Մահո՛ւ մեռանիցիմք զի զԱստուած տեսաք։
23. Եւ ասէ ցնա կին նորա. Եթէ կամեցեալ էր Տեառն սպանանել զմեզ, ո՛չ ընդունէր ‘ի ձեռաց մերոց զողջակէզն և զզոհն. և ո՛չ լուսաւորէ՛ր մեզ զայն ամենայն ընդ ժամանակս ժամանակս, և ո՛չ լսելի առնէր մեզ զայն։
24. Եւ ծնա՛ւ կինն որդի, և կոչեաց զանուն նորա Սամփսոն. և աճեա՛ց մանուկն, և օրհնեաց զնա Տէր։
25. Եւ սկսաւ Հոգի Տեառն շրջե՛լ ընդ նմա ‘ի բանակին Դանայ, ‘ի մէջ Սարաա, և ‘ի մէջ Եսթաւուլայ։