Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 43

ՏԷՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՃԱՐ
   
1. Նա ինձ դուրս բերեց եւ հանեց այն դռան մօտ, որ արեւելք էր նայում:
2. Եւ ահա Իսրայէլի Աստծու փառքը գալիս էր արեւելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմութեան ձայնի արձագանքի պէս: Գետինը, չորս կողմից, լուսաւորուեց փառքի լոյսով:
3. Եւ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ, երբ քաղաքն օծելու 888 էի մտնում: Իմ տեսած կառքի տեսիլքն էլ նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ Քոբար գետի մօտ: Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի:
4. Տիրոջ փառքը արեւելք նայող դռնով տաճար մտաւ:
5. Հոգին ինձ բարձրացրեց ու տարաւ ներքին գաւիթը: Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով: Ես էլ կանգնած էի այնտեղ:
6. Ահա մի ձայն այն տաճարից խօսում էր ինձ հետ:
7. Մի մարդ կար մօտս, որ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահաւորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է յաւիտեան ապրելու անունս Իսրայէլի մէջ: Իսրայէլի տան զաւակներն այլեւս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկութեամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանութիւններով,
8. երբ շեմս դնեմ նրանց շեմերի, սեմս՝ նրանց սեմերի մօտ: Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջեւ, իրենց կատարած անօրէնութեամբ պղծել են իմ սուրբ անունը: Խորտակելու եմ նրանց իմ բարկութեամբ եւ սպանելով:
9. Գոնէ հիմա թող իրենց պոռնկութիւնը, իրենց իշխանների սպանութիւնն ինձնից հեռու պահեն: Եւ ես յաւիտեան բնակութիւն կը հաստատեմ նրանց մէջ:
10. Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, Իսրայէլի տանը ցո՛յց տուր այդ տաճարը, ու թող յետ կանգնեն իրենց մեղքերից: Ցո՛յց տուր դրա պատկերը, ձեւն ու յօրինուածքը:
11. Եւ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամէն ինչի համար: Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցուածքը, ելքը, մուտքն ու կահաւորանքը: Դրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, կանոնները ցո՛յց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ: Ու թող պահեն իմ բոլոր օրէնքներն ու պատուիրանները, կատարեն դրանք:
12. Լերան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները սրբութիւն սրբոց են: Այս է տաճարի օրէնքը»:
   
ԶՈՀԱՍԵՂԱՆԸ
   
13. Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրութիւնը, մի կանգուն ու չորս մատ՝ խորութիւնը, մի կանգուն՝ լայնութիւնը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնուող պսակը:
14. Եւ այս է զոհասեղանի բարձրութիւնը. փորուածքի սկզբից մինչեւ մեծ քաւութիւնը՝ 889 ներսից երկու կանգուն, մի կանգուն լայնութեամբ, փոքր քաւութիւնից մինչեւ մեծ քաւութիւնը՝ չորս կանգուն, մի կանգուն լայնութեամբ:
15. Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչեւ եղջիւրները՝ մէկ կանգուն,
16. զոհասեղանը չորս կողմերից՝ տասներկուական կանգուն, լայնութեամբ ու երկարութեամբ քառակուսի:
17. Քաւութիւնը տասնչորս կանգուն երկարութեամբ էր, տասնչորս կանգուն լայնութեամբ, չորս կողմերից էլ հաւասար. նրան շրջապատող եզրերը՝ կէս կանգուն, շրջանակը՝ մէկ կանգուն: Աստիճաններն էլ արեւելեան էին:
   
ԶՈՀԱՍԵՂԱՆԻ ՕԾՈՒՄԸ
   
18. Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. «Զոհասեղանը գործածելու օրուայ հրահանգները սրանք են. նրա վրայ ողջակէզ մատուցել, շուրջը արիւն ցօղել:
19. Սադոկի որդուց սերած ղեւտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կը մօտենան, - ասում է Տէր Աստուած, - մեղքերի քաւութեան համար նախիրից մի զուարակ կը տաս ողջակիզելու:
20. Թող վերցնեն սրա արիւնից, դնեն զոհասեղանի չորս եղջիւրներին, քաւութեան չորս անկիւններին էլ, ցանեն յատակի շուրջը ու դրանով սրբագործեն:
21. Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզուող զուարակը եւ այրեն տաճարում առանձնացուած մի տեղում, սրբարանից դուրս:
22. Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն՝ իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպէս որ զուարակով սրբագործեցին:
23. Քաւութիւնը սրբագործելը վերջացնելուց յետոյ թող նախիրներից առանց արատի մի զուարակ մատուցեն, հօտից էլ՝ առանց արատի մի խոյ. դրանք մատուցեն Տիրոջ առաջ,
24. քահանաները դրանց վրայ աղ ցանեն ու տանեն ողջակիզելու Տիրոջ համար:
25. Թող եօթը օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զուարակ, հօտերից՝ առանց արատի մի խոյ,
26. ու եօթը օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն: Թող մաքրեն նաեւ իրենց ձեռքերը:
27. Երբ օրերն աւարտուեն, եւ երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրայ անեն ձեր ողջակէզը, եւ դա թող լինի ձեր փրկութեան համար: Ես էլ կ՚ընդունեմ ձեզ»», - ասում է Տէր Աստուածը: