ՀՈՂԱԲԱԺԻՆՆԵՐ
1. «Եւ երբ ձեր մէջ հողի, իբրեւ ժառանգութեան, համար վիճակ գցէք ու բաժանէք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու էք սուրբ նուէրը՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ, այնպէս որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ նուիրագործուած լինի:
2. Դրանից սրբարանինն է լինելու հինգ հարիւրական ձողաչափ՝ չորս կողմերից, բաց տարածութիւնների շուրջն էլ՝ յիսունական կանգուն:
3. Այս տարածքից չափուելու է քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, տասը հազար ձողաչափ լայնութեամբ մի բաժին. այնտեղ է լինելու սրբութիւն սրբոցը:
4. Նուիրուած հողից բաժին է լինելու նաեւ այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նաեւ նրանց, ովքեր մօտենում են ինձ պաշտամունք մատուցելու: Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացուած լինելու՝
5. երկարութիւնը քսանհինգ հազար ձողաչափ, լայնութիւնը՝ տասը հազար: Ղեւտացիների համար էլ, որոնք ծառայութիւն են անում տաճարում, քաղաքում բնակութեան համար կալուածք է լինելու:
6. Բնակութեան համար քաղաքին տալու ես հինգ հազար ձողաչափ լայնութեամբ եւ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ տարածութիւն՝ ըստ Իսրայէլի ամբողջ տնից սրբարանին տրուած երախայրիքների»:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԼՈՒԱԾՔԸ
7. Առաջնորդին էլ է տրուելու հող քաղաքի նստավայրում, սրբարանի դիմաց, քաղաքի բնակավայրերի դէմ-յանդիման, ծովի կողմը, ծովից էլ՝ դէպի արեւելք. երկարութիւնը՝ ըստ մէկ բաժնի սահմանների դէպի ծովակողմը, լայնութիւնը՝ ըստ հողի մէկ բաժնի սահմանների դէպի արեւելք:
8. Եւ դա նրա համար լինելու է իր կալուածքն Իսրայէլում: Եւ իշխանները չեն բռնանալու այլեւս իսրայէլացիների՝ իմ ժողովրդի վրայ. բաժանուած հողն էլ Իսրայէլի տունն է ժառանգելու սերնդից սերունդ»:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
9. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Բաւական է ձեզ, ո՛վ իշխաններդ Իսրայէլի: Արդ, հեռո՛ւ վանեցէք անիրաւութիւնն ու զրկանքը, օրէնքով ու արդարութեա՛մբ վարուեցէք, հեռո՛ւ տարէք բռնութիւնն իմ ժողովրդից», - ասում է Տէր Աստուած: -
10. «Արդա՛ր չափով չափեցէք. ձեր կշեռքը թող լինի արդար, չափը՝ արդար, կապիճը 890՝ արդար:
11. Կապիճը թող նոյնը լինի՝ տալիս թէ առնելիս: Գրիւի 891 մէկ տասներորդը մէկ կապիճ կը լինի. մէկ տասներորդ գրիւը՝ կապիճը, իր կշռով հաւասար կը լինի մէկ արդուի 892:
12. Քսան դանգը 893, հաւասար կը լինի մէկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մէկ մնասին 894:
13. Եւ սա կը լինի այն նուէրը, որ դուք կը բաժանէք. գրիւի մէկ վեցերորդ մաս ցորեն, արդուի մէկ վեցերորդ մաս գարի:
14. Ձէթի վերաբերեալ հրահանգն այս է. մի քսեստ՝ 895 մէկ տասներորդ սափոր իւղ (քանի որ տասը քսեստը մէկ սափոր է):
15. Տասը ոչխարից մէկը նուէր կը լինի Իսրայէլի բոլոր հօտերից՝ ձեր քաւութեան եւ փրկութեան զոհերի ու ողջակէզների համար», - ասում է Տէր Աստուած: -
16. «Երկրիդ ամբողջ ժողովուրդը պէտք է տայ այս նուէրները Իսրայէլի առաջնորդներին:
17. Առաջնորդի ձեռքով պէտք է կատարուեն ողջակէզները, զոհերն ու սպանդը՝ տօներին, ամսագլուխներին, շաբաթներին: Եւ Իսրայէլի այդ տան բոլոր տօներին նա պէտք է մատուցի զոհերն ու ողջակէզները՝ մեղքերի համար ու փրկութեան, սրբագործելու համար Իսրայէլի այդ տունը»:
ՍՐԲԱՐԱՆԻ ՍՐԲԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԸ
(Ելք 12.1-20, Ղեւտ. 23.33-43)
18. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Առաջին ամսին, ամսուայ առաջին օրը, նախրից առանց արատի մի զուարակ կ՚առնէք՝ սրբարանը սրբագործելու համար:
19. Քահանան կ՚առնի սրբագործման արիւնից, կը ցանի տան սեմերին, տաճարի չորս անկիւններին, զոհասեղանի վրայ, ներքին գաւթի դռան սեմերին:
20. Այսպէս կ՚անի ամսուայ եօթներորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար եւ պարզամտօրէն մեղանչածներից:
21. Առաջին ամսին, ամսուայ տասնչորսերորդ օրը, ձեզ համար զատկի օր կը լինի. եօթը օր բաղարջ կ՚ուտէք:
22. Առաջնորդն այդ օրը իր ու իր տան համար, երկրի ամբողջ ժողովրդի համար արջառներից մի զուարակ կը զոհաբերի մեղքերի թողութեան համար:
23. Տօնի եօթը օրերին ողջակէզներ կը մատուցեն Տիրոջը. եօթը զուարակ, առանց արատի եօթը խոյ՝ եօթը օր շարունակ, օր օրի, մեղքերի քաւութեան համար՝ այծերից էլ մէկ նոխազ օր օրի:
24. Զոհ մատուցուող իւրաքանչիւր զուարակի եւ խոյի հետ պէտք է բերել մէկ քսեստ ազնիւ ալիւր եւ մէկ քսեստ իւղ՝ հաց պատրաստելու համար:
25. Երրորդ ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, այն եօթը օրերի պէս տօն կը կատարեն մեղքերի քաւութեան համար՝ նոյնպիսի ողջակէզներով, ազնիւ ալիւրով ու ձէթով»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: