ԾՈՅԼԻ ՄԱՍԻՆ
1. Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թքի նրա վրայ:
2. Ծոյլը հաւասար է աղբի եւ թրիքի. ամէն ոք, ով այն վերցնի, թափ կը տայ իր ձեռքը:
ՎԱՏԱԲԱՐՈՅ ԶԱՒԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3. Անդաստիարակ որդու ծնունդը հօր ամօթն է, իսկ դստեր ծնունդը՝ նրա նուաստացումը:
4. Ողջախոհ դուստրն իր ամուսինը կ՚ունենայ, իսկ անամօթը տրտմութիւն է ծնողների համար:
5. Անառակը ամօթով կը թողնի իր հօրն ու մօրը 560 եւ երկուսից էլ կ՚անարգուի:
6.Տարադէպ պատմութիւնը նոյնն է, ինչ որ երաժշտութիւնը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստութիւն է ամէն ժամանակ:
7. Յիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի
8. եւ քնածին խոր քնից արթնացնողի:
ՅԻՄԱՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է
9. Ով պատմում է յիմարին, նոյնն է թէ պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»:
10. Լա՛ց եղիր նաեւ տխմարի վրայ, քանզի նրա համար չքացաւ իմաստութիւնը:
11. Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրայ, քանզի նա գտաւ իր հանգիստը, իսկ յիմարի համար ապրելը մահից վատ է:
12. Մեռելի վրայ սուգը եօթն օր է,
13. իսկ անմիտ եւ ամբարիշտ մարդու համար՝ իր կեանքի բոլոր օրերին:
14. Անզգամի հետ շատ մի՛ խօսիր եւ անմիտ մարդու մօտ մի՛ գնա:
15. Զգո՛յշ եղիր նրանից, որպէսզի տանջանք չկրես եւ նրանից հեռանալիս կեղտով չշաղախուես,
16. այլ զատուի՛ր նրանից, եւ հանգիստ կը գտնես ու չես ձանձրանայ նրա անմտութիւնից:
17. Կապարից աւելի ծանր ի՞նչ կայ, եւ ի՞նչ է նրա անունը, եթէ ոչ՝ յիմար:
18. Աւելի դիւրին է տանել աւազը, աղը եւ շիկացած երկաթը 561, քան անմիտ մարդուն:
19. Ինչպէս փայտէ պահանգով ամրացուած շինուածքը ցնցումներից չի խախտւում, այդպէս էլ անխախտ է մնում իմացութեան խորհրդով հաստատուած սիրտը:
20. Իմաստութեան խորհրդով հաստատուած սիրտը վախի ժամանակ չի վհատուի:
21. Ինչպէս բարձրաւանդակի վրայ գտնուող յարդը եւ աւազաշաղախ քարաշէն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանայ,
22. այնպէս էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկայ ամէն տեսակ երկիւղի առաջ:
ԲԱՐԵԿԱՄԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
24. Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, եւ ով սիրտն է խոցում, զգացմունքներ է յարուցում:
25. Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց, եւ ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամութիւնը:
26. Թէ սուր էլ քաշես բարեկամի վրայ, անյոյս մի՛ եղիր, քանզի դարձ կայ:
27. Թէ բարեկամի վրայ բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտութիւն կայ, միայն թէ դա չլինի նախատինք, ամբարտաւանութիւն, գաղտնիք յայտնել եւ նենգ վիրաւորանք:
28. Ամէն տեսակ բարեկամ փախչում է սրանցից: Մերձաւորի մօտ հաւատարմութի՛ւն ունեցիր նրա աղքատութեան ժամանակ, որպէսզի նրա հարստութեան օրօք ուրախ լինես 562:
29. Նեղութեան ժամանակ մօ՛տ եղիր նրան, որպէսզի դու էլ ժառանգես նրա ժառանգութիւնից:
30. Ինչպէս հնոցում կրակից առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպէս էլ արիւնահեղութիւնից առաջ՝ բամբասանքը:
31. Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել եւ նրա երեսից չեմ թաքնուի, թէկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով
32. մինչդեռ ամէն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից:
33. Ո՞վ ինձ կը տար պահապան իմ բերանի վրայ եւ խորագիտութեան կնիք՝ իմ շուրթերին, որպէսզի չխորտակուեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: