ՓՈԽԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
1. Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին:
2. Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները:
3. Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը:
4. Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին:
5. Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին:
6. Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ՚ասի եւ կը գանգատուի ժամանակից:
7. Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան.
8. իսկ եթէ չկարողանայ, կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը թշնամի կը դարձնի իրեն:
9. Սա էլ անէծք եւ բամբասանք կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ՚անարգի նրան:
10. Արդ, շատերը նման չարութեան պատճառով երես են թեքում եւ զգուշանում զուր տեղը զրկուել ունեցուածքից:
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11. Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր եւ նրան մի՛ ուշացրու ողորմութիւնդ:
12. Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան:
13. Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի քարի տակ ի կորուստ:
14. Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի:
15. Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից,
16. թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի:
ԵՐԱՇԽԱՒՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19. Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան:
20. Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար:
22. Մեղաւորը վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին:
24. Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման:
25. Հզօր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ:
26. Իր շահին հետամուտ մեղաւորը, որը երաշխաւոր է դառնում, դատաստանի մէջ կ՚ընկնի:
27. Պաշտպա՛ն եղիր մերձաւորին ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես:
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ
28. Մարդու կեանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է եւ տունն է, ուր նա ծածկում է իր ամօթը:
29. Լաւ է աղքատի ապրուստը իր գերանապատ յարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը:
30. Գո՛հ եղիր թէ՛ շատից եւ թէ՛ քչից:
31. Թշուառ կեանք է տնից տուն փոխադրուելը. ուր պանդխտես՝ չես կարող բանալ բերանդ:
32. Հաց եւ ջուր կը տաս՝ շնորհակալութիւն չես ստանայ, եւ դեռ աւելին՝ այսպիսի բաներ կը լսես.
33. «Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր եւ, ինչ որ քո ձեռքին կայ, կերակրի՛ր ինձ:
34. Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատուաւոր մարդ է հիւր եկել, իմ եղբայրը հիւր է եկել, տունը պէտք է ինձ»:
35. Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգուած ծառայ է եւ կրում է փոխատուի նախատինքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: