Իսահակի ծնունդը
1. Եվ Տերն այցելեց Սառային, ինչպէս որ ասել էր, և Տերն արեց այնպես, ինչպէս Սառային խոստացել էր:
2. Եվ Սառան հղիացավ և Աբրահամի ծերության օրերին մի որդի ծնեց այն նույն ժամանակ, որ Աստված նրան ասել էր:
3. Եվ Աբրահամը Սառայի իր համար ծնած որդու անունը Իսահակ կոչեց:
4. Եվ ինչպես Աստված պատվիրել էր, Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ նա ութ օրական էր:
5. Եվ Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը:
6. Եվ Սառան ասաց. «Աստված ինձ ուրախություն տվեց, ամեն ոք, ով լսի իմ մասին, կուրախանա»:
7. Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան որդիներ կսնուցի, քանզի նրա ծեր հասակում իր համար որդի ծնեցի»:
Հագարը և Իսմայելը հեռացվում են
8. Եվ մանուկն աճեց ու կաթից կտրվեց, և Աբրահամը Իսահակի կաթից կտրվելու օրը մեծ խնջույք արեց:
9. Եվ Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, ում նա ծնեց Աբրահամի համար, ծաղրող էր:
10. Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնուն և նրա որդուն, որովհետև այս աղախնու որդին պետք չէ, որ ժառանգ լինի իմ որդի Իսահակի հետ»:
11. Եվ այս խոսքը շատ ծանր թվաց Աբրահամին իր որդու պատճառով:
12. Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չլինի քո տղայի և աղախնու համար: Ինչ որ քեզ ասել է Սառան, լսի՛ր նրան, որովհետև Իսահակով է քեզ համար սերունդ կոչվելու:
13. Եվ աղախնու որդուց էլ ազգ պիտի ստեղծեմ, որովհետև նա քո սերունդն է»:
14. Եվ Աբրահամն առավոտ կանուխ վեր կացավ, հաց և մեկ տիկ ջուր վերցրեց, դրեց Հագարի ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց: Եվ նա գնաց ու մոլորված շրջում էր Բերսաբեի անապատում:
15. Եվ տիկի ջուրը վերջացավ, ու տղային թողեց մացառներից մեկի տակ:
16. Եվ գնաց, դեմ հանդիման նստեց մի նետընկեց հեռավորության վրա ու ասաց. «Թող չտեսնեմ իմ տղայի մահը»: Եվ դեմ դիմաց նստած՝ աղաղակեց ու լաց եղավ:
17. Եվ Աստված լսեց տղայի ձայնը, և Աստծո հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, քեզ ի՞նչ եղավ: Մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, ուր գտնվում է:
18. Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային և բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև Ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»:
19. Եվ Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ: Գնաց, տիկը լցրեց ջրով և խմեցրեց տղային:
20. Եվ Աստված տղայի հետ էր, նա մեծացավ, բնակվեց անապատում և աղեղնավոր դարձավ:
21. Եվ բնակվում էր Փառանի անապատում: Եվ մայրը նրա համար Եգիպտոսից մի կին առավ:
Աբրահամի ուխտը Աբիմելեքի հետ
22. Եվ եղավ, որ այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ և ասացին. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես:
23. Եվ հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, որ նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քեզ արած իմ երախտիքի համեմատ պիտի անես ինձ և այն երկրին, որում բնակվում ես»:
24. Եվ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»:
25. Եվ Աբրահամը հանդիմանեց Աբիմելեքին մի ջրհորի համար, որն Աբիմելեքի ծառաները բռնությամբ վերցրել էին:
26. Եվ Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, և դու էլ իմաց չես տվել, և ես էլ մինչև այսօր չէի լսել»:
27. Եվ Աբրահամը վերցրեց ոչխարներ ու արջառներ և տվեց Աբիմելեքին, և միասին ուխտ արեցին:
28. Եվ Աբրահամը ոչխարներից յոթ հատ էգ գառներ առանձնացրեց:
29. Եվ Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ի՞նչի համար են այդ յոթ գառները, որոնց առանձնացրիր»:
30. Եվ նա ասաց. «Ընդունի՛ր իմ ձեռքից այս յոթ էգ գառները որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այս ջրհորը»:
31. Դրա համար այդ վայրը Բերսաբեե կոչեց, որովհետև երկուսն էլ այդ տեղում երդում տվեցին:
32.Եվ Բերսաբեեում ուխտ արեցին: Եվ վեր կացան Աբիմելեքն ու նրա սպարապետ Փիքողը ու վերադարձան փղշտացիների երկիրը:
33. Եվ Աբրահամը ծառեր տնկեց Բերսաբեեում և այնտեղ հավիտենական Տեր Աստծո անունը կանչեց:
34. Եվ Աբրահամը շատ օրեր պանդուխտ եղավ փղշտացիների երկրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: