Իսահակին զոհաբերելը
1. Եվ եղավ, որ այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
2. Եվ Նա ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի ու միակ որդուն՝ Իսահակին, և գնա՛ Մորիայի երկիրը ու այնտեղ՝ այն սարերից մեկի վրա, որ Ես քեզ կասեմ, ողջակիզի՛ր նրան»:
3. Եվ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու համետեց իր էշը: Իր հետ վերցրեց երկու ծառաներին ու իր որդի Իսահակին, ողջակիզման համար փայտ կոտրեց ու գնաց այնտեղ, ուր Աստված իրեն ասել էր:
4. Եվ երրորդ օրն Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և հեռվից տեսավ այն տեղը:
5. Եվ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստեղ սպասեք, մինչև ես և տղան գնանք, երկրպագություն անենք ու ձեզ մոտ վերադառնանք»:
6. Եվ Աբրահամը վերցրեց ողջակիզման համար փայտը, դրեց իր որդու՝ Իսահակի վրա, կրակն ու դանակն իր ձեռքն առավ, և երկուսով գնացին:
7. Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ», և նա պատասխանեց. «Այստեղ եմ, որդի՛ս»: Եվ նա ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»:
8. Եվ Աբրահամն ասաց. «Աստված կհոգա Իր ողջակեզի գառան համար, որդյա՛կ»: Եվ միասին գնացին:
9. Եվ եկան այնտեղ, ուր Աստված նրան ասել էր: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, շարեց փայտերը, կապեց իր որդի Իսահակին ու նրան դրեց զոհասեղանին դրված փայտերի վրա:
10. Եվ Աբրահամը մեկնեց իր ձեռքը ու վերցրեց դանակը՝ որդուն մորթելու համար:
11. Եվ Տիրոջ հրեշտակը երկնքից ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»։
12.Եվ նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, նրան ոչինչ մի՛ արա, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծուց և Ինձ համար չխնայեցիր քո միակ որդուն»:
13. Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և նայեց. ահա իր ետևում՝ մացառուտի մեջ, մի խոյ կար՝ եղջյուրներից կախված: Եվ Աբրահամը գնաց, վերցրեց խոյին և նրան իր որդու փոխարեն ողջակեզ մատուցեց:
14. Եվ Աբրահամն այդ տեղի անունը «Տիրոջով» դրեց, որն այսօր էլ ասվում է, թե «Տերը երևում է այն լեռան վրա»:
Ավետիսը հաստատելը
15. Եվ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին
16. Եվ ասաց. «Երդվում եմ Ինձանով, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այս բանը և չխնայեցիր քո միակ որդուն,
17. Քեզ օրհնելով կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի և ծովեզերքում եղած ավազի չափ բազմացնելով՝ կբազմացնեմ: Եվ քո սերունդը կտիրի իր թշնամիների քաղաքներին:
18.Եվ երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն, որովհետև դու Իմ ձայնին ականջ դրեցիր»։
19. Եվ Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան ու միասին Բերսաբեե գնացին: Եվ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում:
Նաքորի սերունդը
20. Եվ եղավ, որ այս դեպքերից հետո Աբրահամին պատմեցին՝ ասելով. «Ահա Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքորի համար
21. Իր անդրանիկին՝ Հուսին, նրա եղբայր Բուզին, Արամի հայր Կամուելին,
22. Քաղադին, Ասավին, Փաղդասին, Հետլափին և Բաթուելին»։
23. Եվ Բաթուելը ծնեց Ռեբեկային. Այս ութ որդիներին Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքորի համար։
24. Եվ նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: