Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 22

   

1․ Եւ եղև յետ բանիցս այսոցիկ, փորձեա՛ց Աստուած զԱբրաամ՝ և ասէ ցնա. Աբրաա՛մ Աբրաա՛մ։ Եւ նա՛ ասէ. Ա՛ւասիկ եմ։
2․ Եւ ասէ ցնա. Ա՛ռ դու զորդիդ քո սիրելի զոր սիրեցեր զԻսահակ, և գնա՛ դու յերկիր բարձր, և հանցես զդա անդ յողջակէզ ի վերայ միոյ լերանց յորոց ասացից քեզ։
3․ Եւ յարեաւ Աբրաամ ընդ առաւօտն, համետեաց զէշ իւր. և ա՛ռ ընդ իւր երկուս ծառայս. և զԻսահակ զորդի իւր. և պատառեաց փայտ յողջակէզ՝ և յարեաւ գնա՛ց. և եկն ի տեղին զոր ասաց նմա Աստուած։
4․ Եւ յաւուրն երրորդի համբարձ Աբրաամ զաչս իւր  և ետես զտեղին ի հեռաստանէ։
5․ Եւ ասէ Աբրաամ ցպատանիս իւր. Նստարո՛ւք դուք այդր հանդերձ իշովդ. և ես և պատանեակդ երթիցուք մինչև ցանդր, և երկի՛ր պագցուք և դարձցուք առ ձեզ։
6․ Եւ ա՛ռ Աբրաամ զփայտ ողջակիզին, և եդ ի վերայ Իսահակայ որդւոյ իւրոյ. և առ ի ձեռն զսուրն և զհուրն. և գնացին երկոքեան ի միասին։
7․ Եւ ասէ Իսահակ ցԱբրաամ հայր իւր. Հա՛յր։ Եւ նա ասէ. Զի՞ է ո՛րդեակ։ Եւ նա ասէ. Ահա հուր՝ և ահա փայտ. ո՞ւր է ոչխար յողջակէզ։
8․ Եւ նա ասէ. Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ ո՛րդեակ։ Գնացին երկոքեան ի միասին,
9․ և եկին ի տեղին զոր ասաց նմա Աստուած։ Անդ շինեաց սեղան Աբրաամ. և ե՛դ ի վերայ զփայտն։ Եւ կապեաց զԻսահակ զորդի իւր, և եդ զնա ի սեղան ի վերայ փայտին։
10․ Եւ ձգեաց Աբրաամ զձեռն առնուլ զսուրն և զենուլ զորդին իւր։
11․ Եւ կոչեաց զնա հրեշտակ Տեառն յերկնից՝ և ասէ. Աբրաա՛մ Աբրաա՛մ։ Եւ նա ասէ ցնա. Ա՛ւասիկ եմ։
12․ Եւ ասէ. Մի՛ մխեր զձեռն քո ի պատանեակդ, և մի՛ ինչ առներ դմա. զի այժմ գիտացի թէ երկիւղա՛ծ ես դու յԱստուծոյ, և ո՛չ խնայեցեր յորդիդ քո սիրելի վասն իմ։
13․ Համբա՛րձ Աբրաամ զաչս իւր և ետես, և ահա խոյ մի կախեա՛լ կայր զծառոյն սաբեկայ զեղջերաց։ Եւ գնա՛ց Աբրաամ առ զխոյն, և եհան զնա յողջակէզ փոխանակ Իսահակայ որդւոյ իւրոյ։
14․ Եւ կոչեաց Աբրաամ զանուն տեղւոյն այնորիկ Տէր ետես. զի ասիցեն ցա՛յսօր ի լերինս յայսմիկ Տէր երևեցաւ։
15․ Եւ կոչեաց հրեշտակ Տեառն զԱբրաամ երկիցս անգամ յերկնից՝ և ասէ.
16․ Յա՛նձն իմ երդուայ՝ ասէ Տէր, փոխանակ զի արարե՛ր դու զբանդ զայդ, և ո՛չ խնայեցեր յորդիդ քո սիրելի վասն իմ.
17․ այո՛ օրհնելով օրհնեցի՛ց զքեզ, և բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո որպէս զաստեղս երկնից բազմութեամբ. և որպէս զաւազ առ ափն ծովու. և ժառանգեսցէ՛ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։
18․ Եւ օրհնեսցի՛ն ի զաւակի քում ամենայն ազգք երկրի. փոխանակ զի լուա՛ր ձայնի իմում։
19․ Դարձա՛ւ Աբրաամ առ պատանիսն իւր, և յարուցեալ գնացին ի միասին ի Ջրհորն երդման. և բնակեցաւ Աբրաամ առ Ջրհորովն երդման։
20․ Եւ եղև յետ բանիցս այսոցիկ, պատմեցաւ Աբրաամու, թէ ահա ծնաւ Մեղքա և նա՛ որդիս Նաքովրայ եղբօր քում։
21․ Զովք զանդրանիկն նորա, և զԲաւ զեղբայր նորա, և զԿամուէլ հայր Ասորւոց,
22․ և զՔասադ, և զԱզաւ, և զՓաղդաս, և զՅետդափ, և զԲաթուէլ.
23․ և Բաթուէլ ծնաւ զՌեբեկա։ Ո՛ւթ սոքա որդիք՝ զորս ծնաւ Մեղ՚քա Նաքովրայ եղբօր Աբրաամու։
24․ Եւ հա՛րճն նորին որոյ անուն էր Ռեմա, ծնաւ և նա զՏաբեկ, և զԳաամ, և զՏոքոս, և զՄովքա։