Հակոբը փախչում է իր ընտանիքով
1. Եվ Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը տարավ մեր հոր ամբողջ ունեցվածքը և այս հարստությունը, որ նա ունի, մեր հոր ունեցվածքից ստացավ»:
2. Եվ Հակոբը նայեց Լաբանի երեսին ու տեսավ, որ նա իր հանդեպ նախորդ օրերի նման չէր:
3. Եվ Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր դեպի քո հայրենիքը և քո ծննդավայրը, և Ես քեզ հետ կլինեմ»:
4. Եվ Հակոբը մարդ ուղարկեց ու Ռաքելին և Լիային կանչեց դաշտ՝ իր հոտերի մոտ:
5. Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր դեմքից տեսնում եմ, որ նա իմ հանդեպ առաջվա պես չէ, բայց իմ հոր Աստվածն ինձ հետ է:
6. Եվ դուք գիտեք, որ ես իմ բոլոր ուժերով ծառայել եմ ձեր հորը:
7. Սակայն ձեր հայրն ինձ խաբեց. նա իմ վարձը տասն անգամ փոխեց, բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի,
8. Որովհետև, երբ նա ասում էր, թե քո վարձը պիսակավորները պիտի լինեն, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնվում, և երբ ասում էր, թե քո վարձը բծավորները պիտի լինեն, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնվում:
9. Այսպես Աստված ձեր հոտերն առավ ու ինձ տվեց:
10 Եվ հոտերի բեղմնավորման ժամանակ երազ տեսա. աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա հոտերի հետ զուգավորվող խոյերը բծավոր, խայտախարիվև գորշախայտ էին:
11. Եվ Աստծո հրեշտակը երազի մեջ ինձ ձայն տվեց. “Հակո՛բ”: Ես ասացի. “Ահա այստեղ եմ”:
12. Եվ նա ասաց. “Աչքերդ բարձրացրու և հոտերի հետ զուգավորվող խոյերին նայիր. դրանք բծավոր, խայտախարիվ և գորշագույն են, որովհետև Ես տեսա ամեն բան, ինչ որ քեզ արեց Լաբանը:
13. Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշաքար օծեցիր և այնտեղ Ինձ ուխտ արեցիր: Արդ, վե՛ր կաց, գնա՛ այս երկրից ու վերադարձի՛ր քո ծննդավայրը”»:
14. Եվ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Դեռևս մեր հոր տանը մեզ համար բաժին ու ժառանգություն կա՞:
15. Մի՞թե մենք օտարական չհամարվեցինք նրա համար, քանի որ մեզ վաճառեց ու մեր դրամն էլ կերավ:
16. Այդ պատճառով այն ամբողջ հարստությունը, որ Աստված վերցրեց մեր հոր ձեռքից, մերն է և մեր զավակներինը: Եվ այժմ արա, ինչ որ Աստված քեզ ասել է»:
17. Եվ Հակոբը վեր կացավ, իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերին,
18. Իր հետ վերցրեց իր ձեռք բերած բոլոր անասուններն ու ունեցվածքը, նաև Փադան-արամում (Միջագետքում) իր ունեցած անասունները և շարժվեց դեպի Քանանի երկիրը իր հոր՝ Իսահակի մոտ:
19. Երբ Լաբանը տարել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը:
20. Եվ Հակոբը ծածուկ հեռացավ ասորի Լաբանի մոտից ու չհայտնեց նրան, որ հեռանում է:
21. Այսպես նա գնաց իր բոլոր ունեցվածքով, անցավ գետը և ուղղվեց դեպի Գաղաադ լեռը:
22. Եվ երրորդ օրը Լաբանին հայտնեցին, թե Հակոբը գնացել է:
23. Եվ նա վերցրեց իր եղբայրներին ու Հակոբի ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց ու Գաղաադ լեռան վրա հասավ նրան:
Հակոբը հաշտվում է Լաբանի հետ
24. Եվ Աստված գիշերվա երազում այցելեց ասորի Լաբանին և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ լավ կամ վատ չխոսես»:
25. Եվ Լաբանը հասավ Հակոբին: Հակոբը վրան էր խփել լեռան վրա, և Լաբանը ևս իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան խփեց:
26.Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Այս ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ինձանից գաղտնի հեռացար ու տարար իմ աղջիկներին գերի ընկածների պես:
27. Ինչո՞ւ թաքցրեցիր ու ինձանից ծածուկ փախար, ինչո՞ւ ինձ չհայտնեցիր, որ քեզ ճանապարհեի ուրախությամբ, երգերով, թմբուկներով ու քնարներով:
28. Եվ թույլ չտվիր, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս: Հիմարություն արեցիր:
29. Ես ձեռքիս մեջ ձեզ չարիք անելու զորություն ունեմ, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր խոսեց ինձ հետ՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ լավ կամ վատ չխոսես”:
30. Եվ արդ, դու գնում ես՝ հորդ տունը շատ կարոտած լինելով, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»:
31. Եվ Հակոբը պատասխանեց ու ասաց Լաբանին. «Որովհետև վախեցա, մտածեցի՝ գուցե քո աղջիկներին խլես ինձանից,
32. Իսկ քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի: Եվ այժմ մեր եղբայրների առջև փնտրիր. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրու քեզ», որովհետև Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք:
33. Եվ Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի և երկու աղախինների վրանները, սակայն չգտավ: Ապա դուրս եկավ Լիայի վրանից ու Ռաքելի վրանը մտավ
34. Եվ Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ ու նստեց վրան: Եվ Լաբանը փնտրեց ամբողջ վրանում, բայց չգտավ:
35. Եվ նա իր հորն ասաց. «Թող չբարկանա իմ տերը, որ չեմ կարող վեր կենալ, որովհետև կանանց հատուկ վիճակի մեջ եմ»: Եվ նա փնտրեց, բայց կուռքերը չգտավ:
36. Եվ Հակոբը բարկացավ ու վիճեց Լաբանի հետ: Նա ասաց Լաբանին. «Ո՞րն է իմ հանցանքը, ի՞նչ մեղք եմ գործել, որ իմ ետևից ես ընկել»:
37. Խառնեցիր իմ իրերը և ի՞նչ գտար քո ունեցածից, ցո՛յց տուր ու դի՛ր այստեղ՝ իմ և քո մարդկանց առաջ, և թող նրանք դատ անեն մեր երկուսի միջև:
38. Ահա քսան տարի է, որ քեզ հետ եմ: Ոչխարներդ ու այծերդ չստերջացան, ես չկերա քո հոտի խոյերից:
39. Գազաններից հոշոտվածներին չբերեցի քեզ մոտ, որովհետև ես էի հատուցում վնասը: Իմ ձեռքից էիր պահանջում թե՛ ցերեկը, թե՛ գիշերը գողացվածների համար:
40. Ցերեկը տանջվում էի շոգից, իսկ գիշերը՝ ցրտից, քունը փախել էր իմ աչքերից:
41. Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի՝ քո երկու աղջիկների համար և վեց տարի՝ քո հոտերի համար: Եվ տասն անգամ դու փոխեցիր իմ վարձը:
42. Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի երկյուղն ինձ հետ չլիներ, անպատճառ դու ինձ դատարկաձեռն կճանապարհեիր: Բայց Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր քեզ հանդիմանեց»:
43. Եվ Լաբանը պատասխանեց ու ասաց Հակոբին. «Այս աղջիկներն իմ դուստրերն են, այս որդիներն իմ որդիներն են, այս հոտերն իմ հոտերն են, և ամեն ինչ, որ տեսնում ես, իմն են: Եվ այսօր ի՞նչ անեմ իմ աղջիկներին կամ նրանց ծնած զավակներին:
44. Բայց հիմա եկ ես ու դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»:
45. Եվ Հակոբը մի քար վերցրեց ու այն կանգնեցրեց որպես հուշաքար:
46. Եվ Հակոբն իր մարդկանց ասաց. «Քարեր հավաքե՛ք»: Եվ նրանք քարեր հավաքեցին ու կուտակեցին և այդտեղ՝ քարակույտի մոտ, հաց կերան:
47. Եվ Լաբանն այդ տեղը Եկար-սահադութա կոչեց, բայց Հակոբն այն Գաղաադ կոչեց:
48. Եվ Լաբանն ասաց. «Այսօր այս քարակույտը վկա է իմ ու քո միջև»: Այդ պատճառով այն Գաղաադ կոչվեց:
49. Եվ նաև Մասփա կոչվեց, որովհետև ասաց. «Երբ մենք միմյանցից բաժանվենք, թող Տիրոջ աչքն ինձ ու քեզ վրա լինի:
50. Եթե իմ աղջիկներին վշտացնես և կամ իմ աղջիկներից բացի ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ, որ այդ բանը տեսնի, բայց տե՛ս, իմ ու քո միջև վկա է Աստված:
51. Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս քարակույտը և ահա այն հուշաքարը, որ կանգնեցրի իմ ու քո միջև:
52. Վկա է այս քարակույտը, և վկա է այս հուշաքարը, որ ես չեմ անցնի այս քարակույտից դեպի քեզ, և դու այս քարակույտից ու այս հուշաքարից չես անցնի դեպի ինձ՝ չարիք գործելու համար:
53. Աբրահամի Աստվածը, Նաքորի Աստվածը և նրանց հայրերի Աստվածը թող մեր միջև դատավոր լինի»: Եվ Հակոբն իր հայր Իսահակի երկյուղով երդում տվեց:
54. Եվ Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա ու կանչեց իր մարդկանց՝ հաց ուտելու: Եվ հաց կերան ու գիշերը մնացին լեռան վրա:
55. Եվ Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին և օրհնեց նրանց: Եվ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: