Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 34

Սյուքեմի կոտորածը
   
1. Եվ Դինան՝ Լիայի դուստրը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին:
2. Եվ այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ, պառկեց նրա հետ և պղծեց նրան:
3. Եվ նա հոգով կապվեց Հակոբի դուստր Դինայի հետ, սիրեց նրան և աղջկա հետ խոսեց քաղցրությամբ:
4. Եվ Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ՝ ասելով. «Այդ աղջկան ինձ համար կնության առ»:
5. Եվ Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր դստերը՝ Դինային: Նրա որդիները հոտերի հետ դաշտում էին, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը:
6. Եվ Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ:
7. Եվ Հակոբի որդիները եկան դաշտից: Եվ երբ իմացան, նրանք սրտմտեցին ու խիստ բարկացան, որ Սյուքեմը, Հակոբի դստեր հետ պառկելով, Իսրայելի մեջ անզգամություն է արել, և որ այդպիսի բան չպետք է լիներ:
8. Եվ Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր աղջկան: Խնդրեմ նրան կնության տվեք որդուս:
9. Խնամություն արեք մեզ հետ, ձեր աղջիկներին տվեք մեզ և մեր աղջիկներին առեք ձեզ համար:
10. Եվ բնակվեք մեզ հետ: Այս երկիրը ձեր առջև կինի: Բնակվեք այստեղ, առևտուր արեք և այստեղ կալվածքներ ձեռք բերեք»:
11. Եվ Սյուքեմն աղջկա հորն ու նրա եղբայրներին ասաց. «Թող ձեր առջև շնորհ գտնեմ, և ինչ որ ինձ ասեք, կտամ:
12. Մեծ օժիտ և պարգևներ ուզեք, և ես կտամ, ինչպես որ ինձ ասեք, միայն թե աղջկան ինձ կնության տվեք»:
13. Եվ Հակոբի որդիները Սյուքեմին և նրա հայր Եմորին պատասխանեցին խորամանկությամբ, որովհետև նա պղծել էր իրենց քրոջը՝ Դինային
14. Եվ ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, ով անթլփատ է, որովհետև դա նախատինք է մեզ համար:
15. Կհամաձայնվենք, եթե նմանվեք մեզ՝ ձեր բոլոր արուներին թլփատելով
16. Այն ժամանակ մեր աղջիկներին կտանք ձեզ, և մենք էլ կառնենք ձեր աղջիկներին: Եվ կբնակվենք ձեզ հետ ու կլինենք մեկ ժողովուրդ:
17. Բայց եթե չլսեք մեզ ու չթլփատվեք, այնժամ կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»:
18. Նրանց խոսքը հաճելի թվաց Եմորին ու Եմորի որդի Սյուքեմին:
19. Եվ այդ պատանին չուշացրեց անել այդ բանը, քանի որ հավանել էր Հակոբի դստերը, և նաև նա իր հոր տան մեջ ամենապատվելին էր:
20. Եվ Եմորն ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դռների մոտ և խոսեցին իրենց քաղաքի մարդկանց հետ՝ ասելով.
21. «Այս մարդիկ խաղաղ են մեզ հետ, ուստի թող բնակվեն այս երկրում և առևտուր անեն: Ահա երկիրն ընդարձակ է նրանց առջև: Եկեք նրանց աղջիկներին մեզ համար կին առնենք և մեր աղջիկներին տանք նրանց:
22. Սակայն այս մարդիկ համաձայն են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել, եթե թլփատվեն մեր բոլոր արուները, ինչպես որ իրենք են:
23. Մի՞թե մերը չեն լինի նրանց հոտերը, նրանց ունեցվածքը, բոլոր անասունները, միայն թե համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»:
24. Եվ քաղաքի դռներից բոլոր անցնողներն անսացին Եմորին ու նրա որդի Սյուքեմին: Եվ ամեն մի արու, որ անցնում էր նրա քաղաքի դռներով, թլփատվեց:
25. Եվ երրորդ օրը, մինչ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրները՝ Շմավոնը և Ղևին, յուրաքանչյուրն առավ իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին:
26. Եվ Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին և Սյուքեմի տանից վերցրին Դինային ու դուրս եկան:
27. Եվ Հակոբի որդիները եկան այդ սպանվածների վրա ու կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը:
28. Իրենց հետ առան նրանց հոտերը, արջառները, էշերը, և ինչ որ կար քաղաքում ու դաշտում:
29. Եվ նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց մանուկներին ու կանանց գերեվարեցին ու կողոպտեցին, ինչ որ գտան տներում:
30. Եվ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք: Մենք սակավաթիվ ենք. ահա նրանք կհարձակվեն ինձ վրա, կհարվածեն և կոչնչացնեն ինձ ու իմ տունը»:
31. Եվ նրանք ասացին. «Հապա ինչո՞ւ պետք է մեր քրոջ հետ պոռնիկ կնոջ պես վարվեր»: