Հակոբը Բեթելում
1. Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, գնա Բեթել ու բնակվիր այնտեղ: Եվ այնտեղ մի զոհասեղան շինիր Աստծո համար, որ երևաց քեզ քո եղբայր Եսավի երեսից փախչելու ժամանակ»:
2. Եվ Հակոբն իր ընտանիքին ու իր հետ եղող բոլոր մարդկանց ասաց. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածներին, մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր հանդերձները:
3. Եվ վեր կենանք ու գնանք Բեթել: Ես այնտեղ զոհասեղան կշինեմ այն Աստծո համար, Ով լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ քայլած ճանապարհներին»:
4. Եվ իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածներն ու իրենց օղերը, որ կային իրենց ականջներին, տվեցին Հակոբին: Եվ Հակոբը թաղեց դրանք Սյուքեմի մոտ՝ բևեկնու տակ:
5. Եվ Ճանապարհ ընկան: Աստծո երկյուղը պատեց իրենց շուրջն եղող քաղաքներին, և չընկան Հակոբի որդիների ետևից:
6. Եվ Հակոբն իր ամբողջ ժողովրդի հետ եկավ Լուզ, այսինքն Բեթել, որ Քանանի երկրում է:
7. Եվ այդտեղ մի զոհասեղան շինեց ու այդ տեղը Էլ-Բեթել կոչեց, որովհետև այդտեղ Աստված երևացել էր իրեն Եսավի երեսից փախչելու ժամանակ:
8. Եվ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ ու թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը կոչվեց Ալոն-բախութ:
9. Եվ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա գալիս էր Միջագետքից, և օրհնեց նրան:
10. Եվ Աստված ասաց նրան. «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չի լինի, այլ քո անունը Իսրայել կլինի»: Եվ նրա անունը Իսրայել դրեց:
11. Եվ Աստված ասաց նրան. «Ես եմ ամենակարող Աստվածը, աճի՛ր և շատացի՛ր: Թող քեզանից ազգ և ազգերի բազմություններ լինեն, և քո երանքից թագավորներ դուրս գան:
12. Եվ այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»:
13. Եվ Աստված վեր բարձրացավ նրա մոտից, այն տեղից, որտեղ խոսեց նրա հետ:
14. Եվ Հակոբը մի հուշաքար կանգնեցրեց այդ տեղում, ուր Աստված խոսել էր իր հետ, մի քարարձան, որի վրա գինի հեղեց և նրա վրա յուղ թափեց:
15. Եվ Հակոբն այդ տեղը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Բեթել կոչեց:
Ռաքելի և Իսահակի մահը
16. Եվ Բեթելից ճանապարհ ընկան: Քիչ էր մնացել, որ հասնեին Եփրաթա, Ռաքելը ծնեց և ծնելիս մեծ տառապանք ունեցավ:
17. Եվ մինչ այդ ցավերի մեջ էր, մանկաբարձն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև սա դարձյալ որդի է քեզ համար»:
18. Եվ հոգին ավանդելիս (քանի որ նա մեռավ) նրա անունը Բենոնի դրեց, սակայն հայրը նրան Բենիամին կոչեց:
19. Եվ Ռաքելը մեռավ ու թաղվեց Եփրաթայի ճանապարհին՝ Բեթլեհեմում:
20. Եվ Հակոբը նրա գերեզմանի վրա մի հուշաքար կանգնեցրեց, որը մինչ այսօր Ռաքելի շիրմաքարն է:
21. Եվ Իսրայելը ճանապարհվեց ու իր վրանը խփեց Միդդալ-եդերից այն կողմ:
Հակոբի որդիները
22. Եվ Իսրայելը բնակվեց այդ երկրում: Եվ եղավ, որ Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելն իմացավ այդ մասին:
Հակոբի որդիները տասներկուսն էին:
23. Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, ապա՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը և Զաբուղոնը:
24. Ռաքելի որդիներն էին Հովսեփը և Բենիամինը:
25. Եվ Ռաքելի աղախին Բաղղայի որդիներն էին Դանը և Նեփթաղիմը:
26. Եվ Լիայի աղախին Զեղփայի որդիներն էին Գադը և Ասերը: Սրանք էին Հակոբի որդիները, որ Միջագետքում ծնվեցին նրա համար:
27. Եվ Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը՝ Քեբրոն, որտեղ պանդխտությամբ բնակվել են Աբրահամն ու Իսահակը:
28. Եվ Իսահակի կյանքի օրերը հարյուր ութսուն տարի եղան:
29. Եվ Իսահակը՝ ծերացած ու կյանքից հագեցած, ավանդեց իր հոգին և մեռավ՝ միանալով իր ժողովրդին: Եվ նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: