Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 48

Հակոբն օրհնում է Եփրեմին և Մանասեին
   
1. Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»: Եվ նա իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին:
2. Եվ Հակոբին հայտնեցին ու ասացին. «Ահա քո որդի Հովսեփը քեզ մոտ է գալիս»: Իսրայելը հավաքեց իր ուժերն ու նստեց անկողնում:
3. Եվ Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստվածը Քանանի երկրում՝ Լուզի մեջ, երևաց ինձ և օրհնեց ինձ:
4. Եվ ասաց. “Ահա քեզ կաճեցնեմ և կբազմացնեմ, ու քեզանից բազում ազգեր կլինեն: Եվ այս երկիրը քեզանից հետո քո սերնդին կտամ որպես հավիտենական ժառանգություն”:
5. Եվ հիմա քո այս երկու որդիները, որ նախքան իմ Եգիպտոս գալը քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում, իմն են, Եփրեմը և Մանասեն Ռուբենի և Շմավոնի պես իմն են:
6. Եվ նրանցից հետո ծնված քո որդիները թող քոնը լինեն և իրենց ժառանգության մեջ իրենց եղբայրների անուններով կոչվեն:
7. Եվ Միջագետքից գալիս Քանանի երկրում, այն ճանապարհին, որ քիչ էր մնացել մինչև Եփրաթա, Ռաքելը մեռավ, և նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն Բեթլեհեմի ճանապարհին»:
8. Եվ երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»:
9. Եվ Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»: Եվ հայրն ասաց. «Խնդրեմ, մոտեցրու ինձ, որ օրհնեմ նրանց»:
10. Իսրայելի աչքերը ծերությունից տկարացել էին և չէին կարողանում տեսնել: Եվ Հովսեփը նրանց մոտեցրեց հորը, և նա համբուրեց նրանց ու իր գիրկն առավ:
11. Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի տեսնել քո երեսը, բայց ահա Աստված ինձ ցույց տվեց նաև քո սերնդին»:
12. Եվ Հովսեփը վերցրեց նրանց հոր ծնկներից և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ:
13. Եվ Հովսեփը վերցրեց նրանց երկուսին՝ Եփրեմին իր աջ ձեռքով դեպի Իսրայելի ձախ կողմը, և Մանասեին իր ձախ ձեռքով դեպի Իսրայելի աջ կողմը, ու մոտեցրեց նրան:
14. Եվ Իսրայելը մեկնեց իր աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին, որը կրտսերն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ այդպես վարվելով, չնայած որ Մանասեն անդրանիկն էր:
15. Եվ օրհնեց Հովսեփին ու ասաց. «Այն Աստվածը, որի առաջ քայլեցին իմ հայրերը՝ Աբրահամը և Իսահակը, այն Աստվածը, Ով խնամում է ինձ, որի համար կամ մինչև այսօր,
16. Այն հրեշտակը, ով ինձ ազատեց ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս տղաներին, և նրանց վրա լինի իմ ու իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունը, ու երկրի մեջ անչափ բազմանան»:
17. Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, իրեն ծանր թվաց. նա բռնեց հոր ձեռքը, որ այն հեռացնի Եփրեմի գլխից և դնի Մանասեի գլխին:
18. Եվ Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, աջ ձեռքդ սրա գլխին դիր, որովհետև անդրանիկը սա է»:
19. Բայց հայրը չցանկացավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ: Նա էլ ժողովուրդ կլինի, և նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի, ու նրա սերունդը ազգերի բազմություն կլինի»:
20. Եվ այդ օրը օրհնեց նրանց և ասաց. «Իսրայելը քեզանով պիտի օրհնի՝ ասելով. “Թող Աստված քեզ անի ինչպես Եփրեմին ու Մանասեին”»: Եվ Եփրեմին Մանասեից ավելի առաջ դասեց:
21. Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ: Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ ձեր հայրերի երկիրը կվերադարձնի:
22. Եվ քեզ մեկ բաժին ավել տվեցի, քան քո եղբայրներին, որն առա ամորհացիների ձեռքից իմ սրով ու իմ աղեղով»: