Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 7

ԱՅԼԱԶԱՆ ԽՐԱՏՆԵՐ
   
1. Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ:
2. Հեռո՛ւ մնա անիրաւութիւնից, եւ այն հեռու կը մնայ քեզնից:
3. Որդեա՛կ, մի՛ սերմանիր անիրաւութեան ակօսի մէջ, որպէսզի այն եօթնապատիկ չհնձես:
4. Տիրոջից իշխանութիւն մի՛ խնդրիր եւ թագաւորից՝ փառքի աթոռ:
5. Տիրոջ առջեւ մի՛ փորձիր արդարանալ եւ թագաւորի առջեւ ճարտարախօս մի՛ երեւար:
6. Մի՛ ձգտիր դատաւոր լինել, գուցէ չկարողանաս վերացնել անիրաւութիւնը: Գուցէ երբեւէ ակնածելով հզօրից՝ սայթաքես քո արդարութիւնից:
7. Քաղաքի բազմութեան հանդէպ մի՛ մեղանչիր եւ քեզ մի՛ նուաստացրու ամբոխի առջեւ:
8. Մեղքի վրայ մեղք մի՛ աւելացրու, որպէսզի որեւէ մէկից չմեղադրուես:
9. Մի՛ ծուլացիր քո ուխտի մէջ,
10. անփոյթ մի՛ լինիր ողորմածութիւն անելու մէջ:
11. Մի՛ ասա, թէ Տէրը կը նայի իմ բազմաթիւ զոհաբերումներին եւ բարձրեալ Աստծուն մատուցելիս՝ նա կ՚ընդունի
12. Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տէ՛րն է, որ նուաստացնում եւ բարձրացնում է նրան:
13. Քո եղբօր մասին ստեր մի՛ սերմանիր, նոյնը՝ եւ բարեկամի մասին:
14. Մի՛ ախորժիր ստեր ասել ամէն բանի մասին, քանզի յաճախակի ստելը լաւ բան չէ:
15. Մի՛ շատախօսիր ծերերի մէջ եւ մի՛ կրկնաբանիր քո աղօթքի մէջ:
16. Մի՛ ատիր աշխատանքի տքնութիւնը եւ ոչ էլ այն մշակութիւնը, որ հաստատուել է Բարձրեալի կողմից:
17. Մի՛ գտնուիր մեղաւորների բազմութեան մէջ. յիշի՛ր, որ Տիրոջ բարկութիւնը չի ուշանայ:
18. Մի՛շտ խոնարհեցրու քո անձը,
19. որովհետեւ ամբարշտի վրէժխընդրութիւնը կրակ ու որդ է:
20. Բարեկամիդ մի՛ փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբօրդ՝ Սափիրական ոսկու 551 հետ:
21. Մի՛ լքիր իմաստուն եւ բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առաւել է:
22. Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրութեամբ է աշխատում եւ՝ վարձկանին, որ քեզ նուիրուած է հոգով:
23. Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային եւ նրան չզրկի ազատութիւնից:
24. Եթէ անասուն ունես, հո՛գ տար դրանց, եւ եթէ դրանք քեզ պիտանի են, թող քեզ մօտ մնան:
25. Եթէ զաւակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկութիւնից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը:
26. Եթէ դուստրեր ունես, զգո՛յշ եղիր նրանց մարմինների համար եւ քո դէմքի լրջութիւնն անպակա՛ս արա նրանցից:
27. Ամուսնացրո՛ւ քո դստերը, եւ դու մեծ գործ արած կը լինես. տո՛ւր նրան իմաստուն մարդու:
28. Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր:
29. Քո բովանդակ հոգով պատուի՛ր հօրդ եւ մի՛ մոռացիր մօրդ երկունքը:
30. Յիշի՛ր, որ դու նրանցից ես ծնուել եւ ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տուածի փոխարէն:
31. Քո ամբողջ սրտով երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ յարգի՛ր նրա քահանաներին:
32. Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասաւորներին մի՛ անտեսիր
33. Երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին:
34. Ինչպէս հրամայուած է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը.
35. պտուղը, յանցանքների համար սահմանուածը, զոհաբերուած անասունի թիակները, սրբութեան զոհը եւ սրբազան ընծաները:
36. Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպէսզի կատարեալ լինի քեզ տրուող օրհնութիւնը:
37. Ողորմութեան շնորհը թող բաշխուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ:
38. Մի՛ խուսափիր լացողներից եւ սգա՛ սգացողների հետ
39. Մի՛ յապաղիր հիւանդին տեսութեան գնալ, եւ դա շնորհ կը համարուի քեզ համար:
40. Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ, եւ չես մեղանչի երբեք: