Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 13

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
   
1. Ով դիպչի ձիւթին, նրանով կը շաղախուի, եւ ով շփուի ամբարտաւանի հետ, նրան կը նմանուի:
2. Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, եւ ով քեզնից հարուստ ու հզօր է, մի՛ եղիր նրա հետ:
3. Ի՞նչ յարաբերութիւն ունի կաւէ սափորը մետաղեայ կաթսայի հետ. սա հարուածում է, եւ այն փշրւում:
4. Հարուստը զրկում եւ ի՛նքն է սպառնում, աղքատը զրկւում եւ ի՛նքն է ներողութիւն խնդրում:
5. Եթէ դու նրան պէտք լինես, նա քեզ կ՚օգտագործի, իսկ եթէ պէտք չես, քեզ կը լքի:
6. Եթէ ունեւոր ես, նա քո ընկերը կը լինի, քեզ կը քամի եւ չի էլ կարեկցի:
7. Երբ քո կարիքը ունենայ, կը մոլորեցնի քեզ, կը ժպտայ երեսիդ եւ յոյս կը տայ քեզ:
8. Քեզ հետ կը խօսի ազնուութեամբ եւ կ՚ասի. «Քեզ ի՞նչ է պէտք», ու քեզ կ՚ամաչեցնի իր հիւրասիրութեամբ,
9. մինչեւ որ երկու-երեք անգամ կողոպտի եւ ապա խաբի քեզ, որից յետոյ երբ տեսնի քեզ, կ՚արհամարհի ու երես կը թեքի քեզանից:
10. Զգո՛յշ եղիր, որպէսզի չմոլորուես, եւ մի՛ նուաստացիր քո ուրախութեան մէջ:
12. Եթէ հզօրը քեզ հրաւիրի, խուսափի՛ր, եւ նա առաւել եւս պնդելով՝ կը հրաւիրի քեզ իր մօտ:
13. Շատ մէջ մի՛ ընկիր, որ չվռնդուես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացուես:
14. Մի՛ ձգտիր նրան հաւասարուել եւ մի՛ հաւատա նրա երկար խօսքերին, որովհետեւ երկար խօսքով նա քեզ կը գայթակղեցնի եւ քո երեսին ժպտալով՝ կը քննի քեզ:
15. Անողորմ է նա, ով չի չափաւորում իր խօսքը եւ չի զգուշանում տանջանքից ու կապանքներից:
16. Ուշադի՛ր եղիր եւ չափազանց զգոյշ, քանզի ամէն րոպէ կարող ես կործանուել:
19. Իւրաքանչիւր կենդանի էակ իր նմանին է սիրում, եւ իւրաքանչիւր մարդ՝ իր մերձաւորին:
20. Իւրաքանչիւր մարմին միանում է իր տեսակին, եւ իւրաքանչիւր մարդ յարում իր նմանին:
21. Ի՞նչ յարաբերութիւն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ:
22. Ի՞նչ խաղաղութիւն կարող է լինել բորենու եւ շան միջեւ, եւ ի՞նչ խաղաղութիւն՝ հարուստի եւ աղքատի միջեւ:
23. Առիւծների որսը անապատի վայրի էշերն են, այդպէս էլ հարուստների կերակուրը աղքատներն են:
24. Հպարտի համար արգահատելի է խոնարհութիւնը, այդպէս էլ հարուստի համար արգահատելի է աղքատը:
25. Եթէ հարուստը վտանգուի, բարեկամները նեցուկ կը լինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանօթներից իսկ հեռու է վանւում:
26. Սխալուելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խօսեց, եւ նրան իրաւունք տրուեց,
27. բայց երբ աղքատը խօսեց, դատափետեցին նրան. թէեւ նա խելացի խօսեց, բայց նրան տեղ չտրուեց:
28. Երբ հարուստը խօսեց, բոլորը լռեցին եւ նրա խօսքերը մինչեւ երկինք բարձրացրին:
29. Աղքատը խօսեց, եւ ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթէ նա սայթաքի, աւելի կը հրեն նրան:
30. Լաւ է այն հարստութիւնը, որի մէջ չկայ մեղք, եւ վատ է աղքատութիւնն ամբարշտի շուրթերին:
31. Թէ՛ բարիք եւ թէ՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը:
32. Բարի սրտի նշանը զուարթ դէմքն է, բայց իմաստութեան գիւտը արդիւնք է տանջալից խորհրդածութեան: