ԺԼԱՏԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ
1. Երանի այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով եւ խոցուած չէ մեղքի յարուցած տրտմութեամբ:
2. Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, եւ ով չի կորցրել իր յոյսը:
3. Հարստութիւնը բարիք չէ ժլատ մարդու համար, եւ չկամ մարդու ինչի՞ն է պէտք իր ունեցուածքը:
4. Ով հաւաքում է իրեն զրկելով, նա հաւաքում է այլոց համար, եւ նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն:
5. Ով չար է իր անձի հանդէպ, ո՞ւմ համար բարի կը լինի. նա ուրախ չի լինի նոյնիսկ իր բարիքների մէջ:
6. Աւելի չար մարդ չկայ, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, եւ դա նրա չարութեան հատուցումն է:
7. Թէկուզեւ բարիք անի՝ պատահաբար կ՚անի, եւ յետոյ յիշելով՝ դարձեալ իր չարութիւնը կ՚անի:
8. Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է եւ անտեսում մարդկանց:
9. Ագահի աչքը քչով չի յագենայ, եւ չար անօրէնութիւնը չորացնում է հոգին:
10. Չար աչքը նախանձոտ է նոյնիսկ իր հացին եւ կարօտ է իր սեղանին:
ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
11. Որդեա՛կ, ըստ քո ունեցուածքի բարութի՛ւն արա եւ Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր:
12. Յիշի՛ր, որ մահը չի ուշանայ, եւ գերեզմանի ուխտը 553 քեզ յայտնի չէ:
13. Մինչեւ վախճանուելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողութեան եւ տո՛ւր նրան:
14. Քեզ մի՛ զրկիր լաւ օրից, եւ բարի ցանկութեան մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից:
15. Արդեօ՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, եւ մի՞թէ զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցուելու:
16. Տո՛ւր եւ վերցրո՛ւ եւ ուրախացրո՛ւ քո հոգին,
17. քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։
18. Ամէն մարմին շորի նման մաշւում է, քանզի յաւիտենութիւնից ի վեր օրէնք է, թէ՝ «Մահով պիտի մեռնես»:
19. Ինչպէս սաղարթախիտ ծառի դալար տերեւը մերթ թափւում է եւ մերթ բուսնում, այնպէս էլ մարմնի եւ արեան տեսակն է. մէկը վախճանւում է, միւսը՝ ծնւում:
20. Ամէն գործ, որ ենթակայ է փտելու, վերանում է, եւ այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնայ:
22. Երանի՜ այն մարդուն, որ կը վախճանուի իմաստութեամբ, կը խօսի իր բանականութեամբ եւ իր մտքով կը թափանցի նրա գաղտնիքների մէջ:
23. Հետամո՛ւտ եղիր նրան իբրեւ որսորդ եւ դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին:
24. Ով կը կանգնի նրա պատուհանների դէմ, նա ունկնդիր կը լինի նաեւ նրա դռների մօտ,
25. ով իջեւան հաստատի նրա տան մօտ, նա ցից կը խփի նրա պատերին
26. եւ իր վրանը կը կանգնեցնի նրա հովանու տակ, կը հանգստանայ բարիքի բնակարանում, իր զաւակներին կը դնի նրա հովանու տակ եւ նրա ճիւղերի ներքոյ:
27. Նրանով կը պատսպարուի խորշակից եւ կը հանգստանայ նրա փառքի մէջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: