1. Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին:
2. Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում:
3. Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց:
4. Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին:
5. Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար:
6. Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին:
7. Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը.
8. նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը:
9. Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը:
10. Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց:
11. Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը: Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»:
12. Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին:
13. Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից:
14. Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է:
16. Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է:
17. Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են:
18. Մարդու ողորմածութիւնը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման:
19. Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին:
20. Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր:
ԿՈՉ ՏԻՐՈՋԸ ԴԱՌՆԱԼՈՒ
21. Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ:
22. Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ:
23. Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը:
25. Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան:
26. Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը: Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը:
27. Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը,
28. նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը:
29. Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ:
30. Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում:
31. Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: