Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 24

ԳՈՎՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
   
1. Իմաստութիւնը կը գովի իրեն եւ պիտի պարծենայ իր ժողովրդի մէջ:
2. Բարձրեալի տաճարում պիտի բացի իր բերանը եւ նրա զօրութեան առջեւ պիտի պարծենայ.
5. «Ես դուրս ելայ Բարձրեալի բերանից եւ մշուշի նման ծածկեցի երկիրը:
7. Ես բնակուեցի բարձունքներում, եւ իմ Աթոռը ամպի սեան մէջ է:
8. Միայն ես պտտուեցի երկնքի ծիրով մէկ, գնացի անդունդների խորքերը,
9. իշխեցի ծովի ալիքներին,
10. բոլոր երկրներին եւ բոլոր ժողովուրդներին ու ազգերին:
11. Այս բոլորի մէջ հանգիստ փնտռեցի եւ այն երկիրը, ուր ես հանդարտուեմ:
12. Այն ժամանակ բոլորի Արարիչը պատուիրեց ինձ, եւ նա, ով ստեղծեց ինձ, ցոյց տուեց իմ խաղաղութեան խորանը:
13. Նա ասաց. «Դու բնակուի՛ր Յակոբի տոհմի մէջ եւ Իսրայէլի մէջ ժառանգութի՛ւն ստացիր»:
14. Սկզբից, յաւիտենութիւնից առաջ Տէրն ստեղծեց ինձ, եւ ես յաւիտեան չեմ նուազելու:
15. Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջեւ, ապա հաստատուեցի Սիոնի մէջ, Տէրը նոյնպէս բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, եւ իմ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ է:
16. Ես արմատաւորուեցի փառաւոր ժողովրդի մէջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգութեան մէջ:
17. Բարձրացայ Լիբանանի նոճու պէս եւ Ահերմոնի լեռների դափնու նման:
18. Բարձրացայ ինչպէս արմաւենին Ենգադիում եւ ինչպէս վարդենու տունկը Երիքովի մէջ:
19. Բարձրացայ դաշտի վայելուչ ձիթենու պէս, բարձրացայ սօսու նման:
20. Բուրեցի իբրեւ կինամոն եւ խնկի ծառ,
21. իբրեւ քաղբան, խունկ, ստաշխ եւ իբրեւ կնդրուկի անուշ հոտ վրանում:
22. Բեւեկնի նման արձակեցի իմ ոստերը, եւ իմ ոստերը փառքի եւ շնորհների ոստեր են:

23. Ես իբրեւ այգի 567 շնորհներ եմ բխում, եւ իմ ծաղիկները փառքի եւ հարստութեան պտուղներ են:
26. Մօտեցէ՛ք ինձ ամէնքդ, որ ցանկանում էք ինձ, եւ ճաշակեցէ՛ք իմ արմատներից,
27. քանզի իմ յիշատակը մեղրից քաղցր է, եւ իմ ժառանգութիւնը աւելի քաղցր է, քան մեղրի խորիսխը:
29. Ովքեր ուտեն ինձ, տակաւին պիտի քաղցած մնան, եւ ովքեր ըմպեն ինձ, տակաւին պիտի ծարաւեն:
30. Ով ինձ լսի, չի ամաչի, եւ ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»:
32. Այս ամէնը բարձրեալ Աստծու ուխտի Գիրքն է եւ Օրէնքը,
33. որ մեզ պատուիրեց Մովսէսը իբրեւ Յակոբի ժողովուրդների ժառանգութիւն:
34. Նա իմաստութիւնը հեղում է Փիսոն գետի նման
35. եւ ինչպէս Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին:
36. Նա գիտութիւնը լցնում է Եփրատի նման եւ ինչպէս Յորդանանը՝ հնձի օրերին:
37. Նա խրատը սփռում է իբրեւ լոյս եւ տարածում ինչպէս Գեհոնը՝ բերքահաւաքի օրերին:
38. Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս,
39. քանզի նրա խոհամտութիւնը ծովից անհուն է, եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից աւելի:
41. Ես իբրեւ ջրմուղ ելայ գետից եւ իբրեւ վտակ ելայ դրախտից:
42. Ասացի՝ ջրեմ պարտէզը եւ ջրեմ ածուն:
43. Եւ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձաւ եւ ինձ համար գետը՝ ծով:
44. Տակաւին ես գիտութիւնը պիտի լուսաւորեմ ինչպէս առաւօտ եւ նրա լոյսը պիտի տարածեմ մինչեւ հեռաստանները:
46. Եւ տակաւին ուսմունքը պիտի սփռեմ իբրեւ մարգարէութիւն եւ այն յաւիտեանս պիտի թողնեմ ազգերի մէջ:
47. Տեսէ՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փնտռում են այն: