Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 31

ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ
   
1․ 577 Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անուրջները թեւաւորում են անզգամներին:
2․ Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից:
3․ Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը դէմքի դիմաց, այնպէս էլ՝ երազներ տեսնելը:
4․ Պիղծ բանից մաքուր բան չի լինի, եւ սուտ բանից՝ ստոյգ բան:
5․ Ունայն են այն գուշակութիւնները, նշաններն ու երազները,
6․ որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթէ դրանք Բարձրեալից չեն առաքուած:
7․ Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրայ յոյս դնողները խոտորուեցին:
8․ Օրէնքը գործադրւում է առանց խաբէութեան, եւ իմաստութիւնը հաւատարիմ շուրթերի վրայ մարդու կատարելութիւնն է:
   
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ
   
9․ Ճանապարհորդող մարդը շատ բան իմացաւ, եւ բազմափորձ մարդը խելամտօրէն է պատմում:
10․ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կը մեծացնի իր գիտելիքը:
12․ Շատ բան տեսայ իմ պանդխտութեան ժամանակ, եւ իմ իմաստութիւնն աւելին է, քան իմ խօսքը:
13․ Շատ անգամ մահու չափ վտանգուեցի եւ փրկուեցի իմ փորձառութեամբ:
   
ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ
   
14․ Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց յոյսն իրենց փրկարարի վրայ է:
15․ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մէկից երկիւղի կասկած չի ունենայ,
16․ ոչ ոքից չի վախենայ, քանզի նրա յոյսը Տէրն է:
17․ Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին:
18․ Ո՞ւմ է ապաւինում նա, եւ ո՞վ է նրա նեցուկը:
19․ Տիրոջ աչքն իր սիրելիների վրայ է, Նա նրանց զօրութեան պաշտպանն է, ուժի ամրութիւնն է, ապաստան է խորշակից եւ հովանի՝ միջօրէի տապից:
20․ Պահպանութիւն է գայթակղութիւնից եւ ապահովութիւն գլորումից. վեհացնում է հոգին, լուսաւորում աչքը, մարդկանց տալիս է բժշկութիւն, օրհնութիւն եւ կեանք:
   
ՃՇՄԱՐԻՏ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ
   
21․ Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհուած է. հաճելի չէ անօրէնների մատուցած զոհը:
23․ Բարձրեալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերութիւնները եւ ոչ էլ դրանց շատութեամբ է քաւութիւն տալիս մեղքերին:
24․ Ով զոհ է մատուցում օտարների ունեցուածքից, նոյնն է, թէ որդուն զոհում է իր հօր առաջ:
25․ Կարօտեալների հացը աղքատների կեանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են:
26․ Ով զրկում է մերձաւորին կերակրից, նա սպանում է նրան:
27․ Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արիւնը:
28․ Մէկը շինում է, եւ միւսն՝ աւերում. ի՞նչ օգուտ կայ դրանից, բացի տանջանքից:
29․ Մէկն աղօթում է, եւ միւսն՝ անիծում. ո՞ւմ ձայնը կը լսի Տէրը:
30․ Ով որ մաքրւում է մեռելին դիպչելուց եւ դարձեալ հպւում է նրան, ի՞նչ օգուտ ունեցաւ իր լուացուելուց:
31․ Ինչպէս այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում եւ դարձեալ գնում ու նոյն բանն է անում, ո՞վ կը լսի նրա աղօթքը, եւ ի՞նչ օգուտ ունեցաւ նա իր խոնարհուելուց: