1․ Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան:
2․ Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք: Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում:
3․ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը:
4․ Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից: Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում, [անիրավների] կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ:
5․ Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց [անիրավ] մարդուն
կորստի է մատնում անիրաւութիւնը:
6․ Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից:
7․ Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց [անօրէնների] սնափառութիւնը պիտի կորչի:
8․ Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն [անիրավը] պիտի մատնուի կորստի:
9․ Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան:
10․ Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ [անիրավների] կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում:
11․ Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի [անիրավների] բերանով:
12․ Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում:
13․ Նենգամիտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը:
14․ Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերեւների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի:
15․ Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշութեան ձայնը:
16․ Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը: Ծոյլերը կարօտ պիտի մնան մեծութեան, բայց ժրաջանները կը հասնեն մեծութեան:
17․ Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը:
18․ [Անօրենը] անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է:
19․ Արդար որդին ծնւում է կեանքի համար, [անիրավը]՝ հալածանքի ու մահուան:
20․ Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան:
21․ Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի մնայ: Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ:
22․ Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար:
23․ Արդարների ցանկութիւնը կատարւում է ամենայն բարութեամբ, բայց [անիրավի] յոյսը պիտի կորչի:
24․ Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց մնում են կարօտեալ:
25․ Ամէն օրհնուած մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով:
26․ Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի:
27․ Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան:
28․ Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի:
29․ Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին:
30․ Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան:
31․ Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ [անիրավի] կեանքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: