Գիրք` 25. Առակք Սողոմոնի

Գլուխ 20

   
1. Անառակ է գինի` եւ թշնամանաւղ արբեցութիւն. եւ ամենայն որ խառնակի ընդ նոսա` չէ իմաստուն:

2. Ոչինչ է պակաս պատուհաս թագաւորի ի ցասմանէ առիւծու. եւ որ բարկացուցանէ զնա` վնաս առնէ անձին իւրում:

3. Փառք են առն խոտորել ի հայհոյութեանց. իսկ ամենայն անզգամ ընդ այնպիսին շաղի:

4. Թէպէտ եւ նախատի վատ` ոչ ամաչէ. նոյնպէս եւ որ առնու ցորեան` փոխ ամարանի:

5. Ջուր` խոր է խորհուրդ սրտի առն. եւ այր իմաստուն քամէ զնա:

6. Մեծ է մարդ եւ պատուական` այր ողորմած. բայց զայր հաւատարիմ գործ է գտանել:

7. Որ շրջի անարատ յարդարութեան, երանելի որդիս թողու զկնի իւր:

8. Յորժամ թագաւոր արդար նստիցի յաթոռ. ոչ դառնայցէ ընդդէմ աչաց նորա ամենայն չարագործ:

9. Ո՞վ պարծեսցի սիրտ սուրբ ունել. կամ ո՞վ համարձակիցի` եթէ սուրբ իցէ ի մեղաց:

10. Կշիռ մեծ եւ փոքր, եւ չափ կրկին պիղծ են առաջի Աստուծոյ երկոքեան: եւ խափանեսցին նոքա, եւ որ առնենն զնոսա. նա եւ ի գնացս իսկ իւր խափանեսցի այր:

11. Երիտասարդ որ ի սրբութեան է` ուղիղ են ճանապարհք նորա:

12. Ունկն լսէ եւ ակն տեսանէ. Տեառն գործուած են երկոքեան:

13. Մի սիրեր զչար խաւսել` զի մի սատակեսցիս. բաց զաչս քո, եւ յագեաց հացիւ:

14. Զչարն չար ասէ` որոյ զնոյն ստացեալ ունիցի. եւ մատուցեալ յառաջ ապա նովիմբ պարծի:

15. Է ոսկի եւ բազմութիւն անդոց. եւ անաւթ պատուական` շրթունք գիտութեան:

16. Զերծ զհանդերձ նորա զի երաշխաւոր եղեւ աւտարի. եւ ի հիւրութեան գրաւեաց զնա:

17. Քաղցրացաւ առն հաց ստութեան, եւ լցցի բերան նորա կոպճով:

18. Խորհուրդք մտաւք պատրաստեսցին, եւ պատերազմ իմաստութեամբ մղեսցի:

19. Որ յայտնէ զխորհուրդս` գնայ նենգութեամբ. եւ ընդ պատրողին շրթամբք իւրովք` մի խառնակեսցիս:

20. Որ հայհոյէ զհայր կամ զմայր` շիջցի լոյս նորա. եւ բիբք աչաց նորա զխաւար տեսցեն:

21. Մասն փութացեալ յառաջնումն, ի վախճանի ոչ աւրհնեսցի:

22. Մի ասիցես թէ առից վրէժ ի թշնամւոյն. այլ համբեր Տեառն, զի քեզ աւգնական լիցի:

23. Պիղծ է առաջի Տեառն` չափ կրկին. եւ կշիռ նենգութեան ոչ է բարւոք առաջի նորա:

24. Ի Տեառնէ ուղղին գնացք առն. եւ մահկանացուն` զիա՞րդ խելամուտ լիցի ճանապարհաց իւրոց:

25. Որոգայթ է առն վաղվաղել եւ յիւրոց ընչից խոստանալ: թերեւս յետ ուխտելոյն զղջումն լինիցի:

26. Ցրումն ամպարշտաց` թագաւոր իմաստուն. եւ արկանէ զնոքաւք անիւ:

27. Լոյս Տեառն շունչ մարդկան, եւ որ քննէ զշտեմարանս սրտի:

28. Ողորմութիւն եւ ճշմարտութիւն պահապան թագաւորի. եւ պատեսցեն արդարութեամբ զաթոռ նորա:

29. Զարդ երիտասարդաց իմաստութիւն. եւ փառք ծերոց ալիք:

30. Վէրք եւ հարուածք պատահեն չարաց. եւ տանջանք ի շտեմարանս որովայնի: