1. Որդեակ` եթէ լինիցիս երաշխաւոր բարեկամի քում, մատնեցեր զանձն քո թշնամւոյ:
2. Զի որոգայթ բուռն են առն շրթունք իւր, եւ ըմբռնի բանիւ բերանոյ իւրոյ:
3. Արդ` արա որդեակ զորինչ ես պատուիրեմ քեզ` եւ կեցցես. զի անկար ի ձեռս չարաց վասն բարեկամի քոյ: Արդ պնդեա եւ մի լքանիր. յորդորեա եւ զբարեկամն զոր առեր յերաշխի:
4. Մի տար քուն աչաց, եւ մի նինջ արտեւանաց քոց:
5. Զի ապրեսցիս որպէս զայծեամն ի հաղբից, եւ իբրեւ զհաւ ի ծուղակաց:
6. Երթ առ մրջիւն ով վատ, եւ նախանձեա ընդ ճանապարհս նորա. եւ լեր իմաստնագոյն եւս քան զնա:
7. Զի նորա ոչ գոյ հողագործութիւն, եւ ոչ հարկադիր, եւ ոչ ընդ տերամբք է:
8. Եւ պատրաստէ ամարանի զկերակուր, եւ բազում համբարս դնէ ի հունձս: Կամ երթ առ մեղուն եւ ուսիր` զիա՞րդ գործաւն է. եւ գործ նորա որպէս պարկեշտութեամբ գործի. զորոյ զվաստակն թագաւորք եւ տնանկք ի բժշկութիւն մատուցանեն: Ցանկալի է ամենեցուն եւ մեծարոյ. զի թէպէտ տկար է զաւրութեամբ, պատուեաց զիմաստութիւն` եւ յարգեցաւ:
9. Մինչչեւ յե՞րբ յորսայսեալ կաս ով վատ, կամ ե՞րբ ի քնոյ զարթիցես:
10. Փոքր մի ննջիցե՞ս. փոքր մի նստիցի՞ս. փոքր մի նիրհիցե՞ս. փոքր մի հանգուցանիցե՞ս զձեռն քո ի վերայ լանջաց:
11. Ապա հասանիցէ ի վերայ քո իբրեւ զչար ուղեւոր տնանկութիւն, եւ կարաւտութիւն իբրեւ զժիր սուրհանդակ: Ապա թէ անդանդաղ լինիցիս, հասանիցէ իբրեւ զաղբեւր ամառն քո, եւ կարաւտութիւն իբրեւ այր մի չար ինքնահալած:
12. Այր անաւրէն եւ անզգամ գնայ զճանապարհս թեւրս:
13. Քանզի նոյն ինքն ակնարկէ ակամբ, եւ նշանակէ ոտամբ, եւ ուսուցանէ նշանացի մատամբք:
14. Սիրտ խոտորեալ նիւթէ զչարիս. յամենայն ժամանակի այնպիսին խռովութիւնս առնէ քաղաքի:
15. Վասն այնորիկ յանկարծակի հասցէ նմա կորուստ իւր. հաշումն` եւ մաշումն առանց բժշկութեան:
16. Զի խնդայ ընդ ամենայն զոր ատեայ Տէր. եւ խորտակի վասն պղծութեան անձին իւրոյ:
17. Աչք թշնամանողի` լեզու անիրաւ, ձեռք` որ հեղուն զարիւն արդար:
18. Սիրտ` որ նիւթէ զխորհուրդս չարութեան: ոտք` որ փութան գործել զչարիս, սատակեսցին:
19. Բորբոքէ զստութիւն վկայ անիրաւ, եւ արկանէ գրգռութիւն ի մէջ եղբարց:
20. Որդեակ` պահեա զաւրէնս հաւր քոյ, եւ մի մերժեր զխրատ մաւր քոյ:
21. Ընկալ զնոսա յանձին եւ ի գլուխ քո հանապազ. եւ արկ իբրեւ մանեակ ի պարանոց քո.
22. Յորժամ շրջիցիս` ընդ քեզ տարջիր, եւ ընդ քեզ եղիցի. յորժամ ննջիցես` պահեսցէ զքեզ. եւ յորժամ յառնիցես` խաւսակից իցէ քեզ:
23. Զի ճրագ է պատուիրան աւրինացն` եւ լոյս, եւ ճանապարհ կենաց` յանդիմանութիւն եւ խրատ:
24. Պահել զքեզ յառնակին կնոջէ. եւ ի չարախաւսութենէ աւտար լեզուէ:
25. Որդեակ` մի յաղթեսցէ քեզ ցանկութիւն գեղոյ. եւ մի ըմբռնիցիս աչաւք քովք. եւ մի յափշտակիցիս արտեւանամբք նորա:
26. Զի գինք կնոջ պոռնկի` որչափ նկանակի միոջ հացի: քանզի կին չար` զարանց պատուականաց զհոգիս որսայ:
27. Ծրարիցէ՞ ոք հուր ի գոգ` եւ զհանդերձսն ոչ այրիցէ:
28. Կամ գնայցէ՞ ոք ի վերայ կայծականց հրոյ, եւ զոտս իւր ոչ խարշիցէ:
29. Նոյնպէս եւ որ մտանէ առ առնակին` առանց պատժի ոչ լիցի: եւ ոչ արդարասցի ամենայն որ մերձենայ առ նա:
30. Ոչինչ են զարմանք եթէ ըմբռնեսցի ոք ի գողութեան. գողանայ` զի լցուսցէ զանձն իւր քաղցեալ:
31. ապա թէ ըմբռնեսցի, եւթնպատիկ տուժեսցի. եւ զամենայն ինչս իւր տուեալ ապրեցուցանէ զանձն:
32. Իսկ որ շնայն` առ պակասութեան մտաց, կորուստ անձին իւրում ստանայ:
33. Ցաւս եւ անարգանս կրէ. եւ նախատինք նորա մի կորիցեն յաւիտեան:
34. Լի է նախանձու սրտմտութիւն առն նորա. եւ ոչ խնայեսցէ յաւուր դատաստանի:
35. Ոչ փոխանակեսցէ եւ ոչ ընդ միոյ իրիք փրկանաց զթշնամութիւն. եւ ոչ վճարիցի բազում կաշառաւք
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: