Գիրք` 25. Առակներ

Գլուխ 25

   
1․ Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկամները:
2․ Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երեւում է նրա հրամանները պատուելու մէջ: 
3․ Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը: 
4․ Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, եւ կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից: 
5․ Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, եւ նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ:
6․ Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, մի՛ մօտեցիր մեծամեծների տեղերին,
7․ որովհետեւ լաւ է, որ մէկը քեզ ասի՝ «Արի՛ վեր, ինձ մօտ», քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ:
8․ Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ մի՛ նետուիր, որ յետոյ չզղջաս: Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս տուր, մի՛ արհամարհիր: 
9․ Գուցէ բարեկամդ քեզ նախատի,
10․ եւ դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, եւ մահուան պէս ծանր լինի քեզ համար: Շնորհն ու բարեկամութիւնն ազատ են. քո սրտի մէջ հաստատի՛ր դրանք եւ չես նախատուի, այլ հաշտ ու խաղաղ կ՚անցնի կեանքդ: 
11․ Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի:
12․ Պայծառ շարուած սարդիոն եւ ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար:
13․ Ինչպէս ամռան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց յոյսը կապել են նրա հետ:
14․ Սուտ խոստումներով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրեւների:
15․ Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները: 
16․ Երբ մեղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս եւ փսխես:
17․ Քո ոտքով շատ մի՛ յաճախիր բարեկամիդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ եւ քեզ ատի:
18․ Սրած սուսեր եւ սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկամի մասին:
19․ Չարի ճանապարհները եւ անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում:
20․ Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարմնին հասած ցաւերից տրտմում է սիրտը: Ինչպէս ցեցը վնասում է հագուստին, եւ որդը՝ փայտին, այնպէս էլ տրտմութիւնն է վնասակար մարդու սրտին: 
21․ Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու, 
22․ քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի: 
23․ Հիւսիսային քամին ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն: 
24․ Լաւ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել մի տան մէջ:
25․ Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը:
26․ Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու առաջ: 
27․ Ինչպէս որ լաւ չէ շատ մեղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել միայն պատուական խօսքերը: 
28․ Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի: