ՊԱՏԳԱՄ ԹԱԳԱՒՈՐԻՆ
1․ Իմ խօսքերն ասուած են Աստծու կողմից, իբրեւ թագաւորին ուղղուած պատգամ, որով նրան խրատել է իր մայրը:
2․ Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են, անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛. դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես. դէ ինչ, որդեա՛կ, իմ ուխտերի զաւակն ես:
3․ Քո հարստութիւնը մի՛ տուր կանանց եւ ոչ էլ քո միտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների. մտածուա՛ծ գործիր ամէն բան եւ խոհեմութեա՛մբ խմիր գինի:
4․ Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5․ որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը եւ չկարողանան տկարին ուղիղ դատել:
6․ Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին, գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին,
7․ թող խմեն ու մոռանան իրենց աղքատութիւնը եւ թող չյիշեն իրենց ցաւերը:
8․ Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին,
9․ քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին:
ԱՌԱՔԻՆԻ ԿԻՆԸ
10․ Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից:
11․ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի:
12․ Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ:
13․ Բուրդ եւ կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում
14․ եւ, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռուից ժողովում է գանձերը:
15․ Նա ոտքի է ելնում արշալոյսին, տնեցիներին կերակուր է տալիս եւ գործի է դնում նաժիշտներին:
16․ Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը:
17․ Իր մէջքին պինդ գօտի կապած՝ նա թեւերը մխրճում է գործի մէջ
18․ եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը, եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը:
19․ Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած՝ նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում:
20․ Նրա ձեռքը բաց է աղքատների համար, եւ նա բաժին է տալիս խեղճերին:
21․ Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ, չի մտահոգւում տան համար, որովհետեւ գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին:
22․ Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար եւ իր համար՝ ծածկոցներ:
23․ Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ:
24․ Կինը կտաւ է գործում ու վաճառում, եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին:
25․ Ուժ ու վայելչութիւն զգեցած՝ նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին:
26․ Նա չափով եւ իմաստութեամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզուին:
27․ Պարկեշտ են նրա տան ճանապարհները, եւ նա դատարկապորտութեամբ հաց չի կերել:
28․ Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում:
29․ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով. «Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից:
30․ Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ եւ ոչ էլ սին գեղեցկութիւն»: Արդարեւ, իմաստուն եւ
բարեպաշտ կինը պիտի օրհնուի:
31․ Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: