ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԳՈՄԵՐԸ ԵՒ ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԻՍՐԱՅԷԼԸ
1․ «Ձեր եղբօրն ասացէ՛ք՝ «Իմ ժողովո՛ւրդ», եւ ձեր քրոջը՝ «Ողորմած»:
2․ Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ,
եւ ես նրա ամուսինը չեմ: Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնից եւ շնութիւնը՝ իր ստինքների միջից,
3․ որովհետեւ նրան կը մերկացնեմ եւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը. նրան անբնակ կը դարձնեմ, կը վերածեմ անջուր հողի եւ կը սպանեմ նրան ծարաւից:
4․ Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,
5․ քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրը եւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների յետեւից, որոնք կը տան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը,
իմ գինին ու իմ ձէթը եւ ամէն ինչ, որ պէտք է ինձ»:
6․ Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները, կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի:
7․ Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա»:
8․ Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին:
9․ Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ՚առնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը, որ չծածկի իր մերկութիւնը:
10․ Եւ արդ, կը պարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից:
11․ Կը խափանեմ նրա բոլոր ուրախութիւնները, նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները եւ նրա բոլոր տօնախմբութիւնները:
12․ Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները». նրան որպէս վկայութիւն կը դնեմ, կ՚ուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները:
13․ «Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ եւ մոռացել էր ինձ», - ասում է Տէրը:
ՏԻՐՈՋ ՍԷՐԸ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԷՊ
14․ «Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ 683 , կը խօսեմ նրա սրտի հետ,
15․ ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը եւ կը բացեմ նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին:
16․ Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ:
17․ Կը վերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները:
18․ Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը, սուրն ու ճակատամարտը կը վերացնեմ երկրից եւ կը բնակեցնեմ քեզ յոյսով:
19․ Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով, ողորմութեամբ եւ գթութեամբ:
20․ Քեզ կը նշանեմ ինձ հաւատով, եւ դու կը ճանաչես Տիրոջը:
21․ Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ՚ունկնդրեմ երկնքին,երկինքը կ՚ունկնդրի երկրին,
22․ երկիրը կ՚ունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին, եւ նրանք կ՚ունկնդրեն Յեզրայէլին:
23․ Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ՚ասեմ ինձ օտար ժողովրդին՝
24․ «Իմ ժողովուրդն ես դու», եւ նա կ՚ասի՝ «իմ Տէր Աստուածն ես դու»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: