ՍՊԱՆԴԻ ՄԱՏՆՈՒԱԾ ՈՃՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ
1. Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի :
2. Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,
3. զէնքի փայլ, սուսերի շող, վիրաւորների թաւալգլոր անկում, հաշիւ չկար նրա ժողովուրդներին: Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկութեան պատճառով:
4. Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:
5. «Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը:
6. Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները եւ խայտառակ պիտի անեմ քեզ:
7. Եւ այնպէս պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի. «Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարութիւն փնտռենք քեզ համար:
8. Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն է, եւ ջրերը՝ նրա պարիսպը:
9. Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են, եւ նա երբեք փախուստի չէր մատնուի. լիբիացիները նրան օգնական դարձան:
10. Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն:
11. Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:
12. Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի, որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը:
13. Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ, քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները, եւ կրակը կը լափի քո նիգերը:
14. Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ աւելի քան աղիւսը:
15. Այնտեղ կրակը կը լափի քեզ, սուրը կը սպանի քեզ, կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը:
16. Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկաւ ջորեակը, թռաւ,
17. առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը. եւ քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին. ծագեց արեւը, գնաց եւ չիմացուեց նրա տեղը:
18. Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը, որ մնար:
19. Թարախակալուեցին քո վէրքերը, եւ քո անկումը բուժում չունի. բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը, ծափ կը զարնեն քեզ համար, քանի որ ո՞ւմ վրայ չեկաւ քո չարութիւնը մշտապէս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: