ՏԷՐԸ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԵԳԻՊՏՈՍԻՆ
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած.
3. վա՜յ, վա՜յ ձեր օրին, քանզի մօտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ժողովուրդների վախճանը:
4. Սուր է գալու եգիպտացիների վրայ, ու խռովութիւն է լինելու Եթովպիայի կողմերում: Վիրաւորներ են ընկնելու Եգիպտոսում, եւ գերեվարելու են նրա բազմութիւնները, տապալելու՝ նրա հիմքերը:
5. Պարսիկները, կրետացիները, լիւդիացիներն ու լիբէացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաեւ նրանք, որ այնտեղ իմ ուխտի զաւակներից են, - սրով են կոտորուելու»:
6. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Խորտակուելու են եգիպտացիների պահապանները, իջնելու է նրանց ամբարտաւան զօրութիւնը, Մակդոդից մինչեւ Սուհէն սրով են ընկնելու այնտեղ», - ասում է Ամենակալ Տէրը: -
7. «Եւ աւերուելու է երկրիրը կործանուած երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ:
8. Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ կրակ գցեմ Եգիպտացիների երկրի վրայ: Խորտակուելու են նրա բոլոր օգնականները:
9. Այն օրը տագնապով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին յոյսերը: Խռովութիւն է լինելու նրանց մէջ՝ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է»:
10. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Եգիպտացիների զօրքերը կորստեան եմ մատնելու բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքով, ե՛ւ իրեն, ե՛ւ իր ազգն էլ՝ հետը:
11. Հեթանոս ազգերից չարագործներ են ուղարկուելու երկիրը կործանելու համար եւ իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրայ. երկիրը լցուելու է սպանուածներով:
12. Նրանց գետերի տեղը չոր անապատ եմ դարձնելու, երկիրը մատնելու եմ չարագործների ձեռքը, ամբողջ երկիրը այլազգիների ձեռքով մատնելու եմ կորստի, որովհետեւ դա ես՝ Տէրս եմ խօսել»:
13. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կործանելու եմ գարշելի կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների միջից մեծամեծներին, Եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլեւս չեն լինի: Սարսափ եմ գցելու Եգիպտացիների երկրի վրայ:
14. Կորստի եմ մատնելու Պաթուրէս երկիրը, կրակ եմ գցելու Տայեանի երկիրը, վրէժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից:
15. Զայրոյթս թափելու եմ եգիպտացիների Սայիս ամրոցի վրայ ու կորստի եմ մատնելու մեմփացիների զօրագնդերը:
16. Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. խռովուելով խռովուելու է Սայիսը: Դիոսպոլացիների քաղաքը ճեղքուածք է տալու, եւ ջրեր են բխելու:
17. Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են քշուելու:
18. Ցերեկը խաւարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ ես եգիպտացիների իշխանական մականը: Եւ այն ժամանակ կորչելու են նրա ամբարտաւան զօրքերը. մէգն է ծածկելու այն: Նրա դուստրերն էլ գերի են քշուելու:
19. Ես իմ դատաստանն եմ անելու Եգիպտոսում, ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
ՏԷՐԸ ԶՕՐԱՑՆՈՒՄ Է ԲԱԲԵԼԱՑԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԻ ԲԱԶՈՒԿԸ ՈՒԺԸ
20. Դարձեալ Եգիպտոսի մասին: Տասնմէկերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ եօթներորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
21. «Մարդո՛ւ որդի, ես խորտակելու եմ եգիպտացիների Փարաւոն արքայի բազուկները, եւ բուժուելու համար այլեւս չեն փաթաթուելու դրանք, ո՛չ դեղ են դնելու դրանց վրայ եւ ո՛չ էլ զօրանալու են ձեռքը սուր առնելու համար»:
22. Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես եգիպտացիների Փարաւոն արքայի դէմ եմ. խորտակելու եմ նրա հզօր, ջղոտ ու պիրկ բազուկները, գցելու եմ սուրը նրա ձեռքից:
23. Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ:
24. Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, եւ իմ սուրն էլ տալու եմ նրա ձեռքը: Եւ նա այն քաշելու է Եգիպտացիների երկրի վրայ, աւարի է մատնելու այն եւ կողոպտելու:
25. Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ Փարաւոնի բազուկները թուլանալու են: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքն ու բաց թողնեմ նրան Եգիպտացիների երկրի վրայ:
26. Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ: Ու պէտք է իմանան բոլոր եգիպտացիները, որ ես եմ Տէրը»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: