ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ
1․ Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում: Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը:
2․ Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները:
3․ Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը,
4․ եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին:
5․ Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը:
6․ Երբ մարդը համարի, թէ աւարտել է, կը զգայ, թէ նոր է սկսել, եւ երբ դադարի պատմելուց, ապշահար կը մնայ:
ՄԱՐԴՈՒ ՈՉՆՉՈՒԹԻՒՆԸ
7․ Ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է նրա օգուտը:
8․ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը: Մարդու օրերի թիւը ինչքան էլ շատ լինի, հարիւր տարի է: Ինչպէս ջրի կաթիլը ծովի համեմատութեամբ եւ խիճը՝ աւազի, այնպէս տարիներն են սակաւ յաւիտենական օրերի համեմատ:
9․ Սրա համար է, որ Տէրը համբերատար է նրանց նկատմամբ եւ նրանց վրայ հեղում է իր ողորմութիւնը:
10․ Նա տեսաւ եւ իմացաւ նրանց կործանումը, որ դաժան էր:
11․ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտութիւնը:
12․ Մարդու ողորմութիւնն իր մերձաւորի վրայ է, իսկ Տիրոջ ողորմութիւնը՝ բովանդակ մարմնաւորի:
13․ Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում:
14․ Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները:
ՏԱԼՈՒ ԱԶՆԻՒ ՁԵՒԸ
15․ Որդեա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր եւ քո տուածներին՝ տրտմութեան խօսքեր:
16․ Միթէ ցօղը չի՞ զովացնում տօթը. այդպէս էլ լաւ խօսքն աւելի լաւ է, քան նուէրը: Շնորհալի մարդը երկուսն էլ ունի:
17․ Յիմարն ապերախտութեամբ նախատում է,
18․ եւ չարակամ մարդու նուէրը արցունք է բերում աչքերին:
ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆԸ
19․ Խօսելուց առաջ մտածի՛ր եւ դեռ չհիւանդացած՝ հո՛գ տար քո մասին.
20․ նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը եւ նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես:
21․ Մեղանչելու ժամանակ ցո՛յց տուր, որ դարձի ես գալիս:
22․ Մի՛ յապաղիր ժամանակին կատարել խոստումդ եւ մինչեւ մահ մի՛ յետաձգիր արդարացումդ:
23․ Աղօթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը:
24․ Յիշի՛ր վախճանի օրուայ ցասումը եւ վրէժխնդրութեան ժա մանակը, երբ Տէրը քեզնից կը շրջի իր երեսը:
25․ Լիութեան ժամանակ յիշի՛ր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին՝ աղքատութիւնն ու նեղութիւնը:
26․ Առաւօտից մինչեւ երեկոյ փոփոխւում է ժամանակը, եւ Տիրոջ առջեւ ամէն ինչ յարափոփոխ է:
27․ Իմաստուն մարդը ամէն ինչում զգոյշ կը լինի եւ մեղքի ժամանակ կը խուսափի բազում յանցանքներից:
28․ Ամէն խելամիտ մարդ ճանաչում է իմաստութիւնը եւ գոհութիւն կը տայ նրան, ով գտել է այն:
29․ Խելամիտ խօսքերով իրենք էլ են իմաստնանում եւ ճշմարիտ ու տեղին առակներ բերում:
30․ Որդեա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրութեանը
31․ եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի:
32․ Մի՛ ուրախացիր փափուկ կեանքով եւ մի՛ կապուիր դրա հետ:
33․ Գրաւ դրած եւ պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր 554, քանզի հարբեցող մշակը նոյնպէս հարստութեան չի հասնի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: