ԶԳՈՒՇԱՆԱԼ ՄԵՂՔԻՑ
1․ Որդեա՛կ, եթէ մեղք գործեցիր, այլեւս մի՛ արա եւ աղօթի՛ր հին մեղքերի համար:
2․ Փախի՛ր մեղքերից, ինչպէս օձից. եթէ մօտենաս կը խայթի քեզ:
3․ Մեղքի ժանիքները առիւծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները:
4․ Ամէն տեսակ անօրէնութիւն նման է երկսայրի սրի. նրա տուած վէրքերին բժշկութիւն չկայ:
5․ Արհաւիրքն ու թշնամանքը աւերում են հարստութիւնը. այդպէս էլ կ՚աւերուի ամբարտաւանների տունը:
6․ Խոնարհների խնդրուածքները հասնում են մինչեւ Տիրոջ ականջները, եւ նրա արդարութիւնը փութով կը հասնի:
7․ Ով որ ատի յանդիմանութիւնը, նա կը լինի մեղաւորների շաւիղների մէջ, եւ ով որ երկիւղ է կրում Տիրոջից, սրտով նրան կը դառնայ:
8․ Լեզուով հզօրը հեռուից է ճանաչւում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը:
9․ Ով իր տունը կառուցում է այլոց ունեցուածքով, նման է նրան, որ քարեր է հաւաքում ձմռանը:
10․ Անօրէնների խումբը նման է դիզուած վուշի, եւ նրանց վախճանը կրակի բոցի մէջ է:
11․ Մեղաւորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրուած, բայց վերջը դժոխքի խորխորատն է:
12․ Ով պահում է օրէնքը, իշխում է իր մտքերին,
13․ եւ Տիրոջ երկիւղի վերջը իմաստութիւնն է:
14․ Ով խորագէտ չէ, չի սովորի:
15․ Բայց խորագիտութիւն էլ կայ, որ շատացնում է դառնութիւնը:
ԻՄԱՍՏՈՒՆԻ ԵՒ ՅԻՄԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
16․ Իմաստունի գիտութիւնը հեղեղի նման կը սաստկանայ, եւ նրա խորհուրդները ակնաղբիւրի նման են:
17․ Տգէտի փորը նման է ծակոտկէն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնայ:
18․ Եթէ գիտունը իմաստուն խօսք լսի, կը գովի այն եւ կ՚աւելացնի այն, մինչդեռ թեթեւամիտը լսեց ու նրան հաճելի չթուաց այն եւ նետեց իր թիկունքի յետեւը:
19․ Տխմարի խօսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրայ այն շնորհ է ստանում:
20․ Իմաստունների խօսքերը փընտռուելու են ժողովրդի մէջ, եւ դրանց մասին խորհելու են իրենց սրտում:
21․ Աւերուած տան նման է յիմարի իմաստութիւնը, եւ տխմար մարդու գիտութիւնը անմիտ խօսք է:
22․ Անմիտների համար խրատը ոտնակապ է եւ աջ ձեռքի ձեռնակապ:
23․ Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագէտ մարդը հազիւ ժպտում է հանդարտ:
24․ Գիտունի համար խրատը նման է ոսկեղէն զարդի եւ աջ բազկի ապարանջանի:
25․ Տխմարի ոտքը արագ դիմում է դէպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից:
26․ Անմիտը դռան արանքից է տան մէջ նայում, իսկ բարեկրօն մարդը մնում է դրսում:
27․ Մարդու համար անվայել բան է դռան մօտ ականջ դնելը,
իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից:
28․ Շատախօս օտար բերանները պատմում են, ինչ որ լսել են, իսկ իմաստունների խօսքերը կշռադատուած են:
29․ Յիմարների սիրտը իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում:
30․ Ամբարիշտը սատանային անիծելիս՝ ինքն իր հոգին է անիծում:
31․ Բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակուի, ատելի կը լինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: