Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 27

ԽՐԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
   
1․ Շատերը մեղանչում են կայքի 571 համար, եւ ով ուզում է շատացնել այն, դէմքը շրջում է:
2․ Ինչպէս իրար կից քարերի միջեւ ցից է խփւում,
3․ այնպէս էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու եւ գնելու միջեւ:
4․ Եթէ մէկը նախանձախնդրութեամբ հաստատակամ չէ Տիրոջ երկիւղի մէջ, արագ կը կործանուի նրա տունը:
5․ Մաղելիս մաղի մէջ աղբն է մնում, ինչպէս մարդու կղկղանքը՝ նրա մտքերի մէջ:
6․ Բրուտի անօթները փորձւում են կրակի մէջ, իսկ մարդը փորձւում է իր խորհուրդների մէջ:
7․ Ծառերի մշակութիւնը երեւում է նրա պտղից, ինչպէս խօսքից՝ մարդու սրտի խորհուրդները:
8․ Մի՛ գովիր մարդուն նրա խօսելուց առաջ. այսպէս են փորձում մարդկանց:
9․ Եթէ արդարութեան յետեւից գնաս, կը հասնես նրան, եւ այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ:
10․ Թռչունները հանգստանում են իրենց նմանների մօտ, եւ ճշմարտութիւնը վերադառնում է իրեն փնտռողների մօտ:
11․ Ինչպէս առիւծն է դարանակալ որսին, այնպէս էլ մեղքը՝ անիրաւութիւն անողին:
12․ Բարեպաշտի զրոյցը յարատեւ իմաստութիւն է, իսկ անզգամը լուսնի պէս այլափոխւում է:
13․ Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մէջ ես, բայց տեւապէ՛ս մնա խելացիների հետ:
14․ Յիմարների զրոյցները ձանձրալի են, եւ ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն:
15․ Շատ երդուողի խօսքից ցցւում են լսողի մազերը, իսկ նրանց վեճը ականջ է խլացնում։
16․ Ամբարտաւանների վէճն արիւնահեղութիւնն է, եւ նրանց բամբասանքը ձանձրալի է լսել:
17․ Ով յայտնում է գաղտնիքները, կորցնում է հաւատարմութիւնը եւ չի գտնի բարեկամ իր հոգու համար:
18․ Երկա՛ր մնա բարեկամի մօտ եւ հաւատարի՛մ եղիր նրան.
19․ իսկ եթէ յայտնես նրա գաղտնիքները, չես գնայ նրա յետեւից:
20․ Ինչպէս մարդ կորցնում է իր թշնամուն, այնպէս կորցնում է մերձաւորի սէրը:
21․ Ինչպէս թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում եւ էլ չես կարող բռնել, այնպէս էլ չես բռնի մերձաւորին, որին բաց ես թողնում:
22․ Մի՛ գնա նրա յետեւից, քանզի նա հեռացաւ եւ այծեամի պէս փրկուեց որոգայթից:
23․ Վէրքը կարելի է կապել, եւ հայհոյանքից յետոյ հաշտութիւն կայ:
24․ Ով յայտնում է գաղտնիքները, նա կորցնում է հաշտութեան յոյսը:
   
ԵՐԿԱԿԻ ԼԵԶՈՒ
   
25․ Ով ակնարկում է աչքով, չարիք է նիւթում, եւ ով տեսնում է այն, թող հեռու մնայ նրանից:
26․ Քո աչքի առջեւ նա կը քաղցրացնի իր բերանը, կը զարմանայ քո խօսքի վրայ, իսկ յետոյ կը ծռի իր բերանը եւ քո խօսքը գայթակղութեան առարկայ կը դարձնի:
27․ Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպէս չեմ ատել, ինչպէս նրան. Տէրը նոյնպէս ատելու է նրան:
28․ Ով քարը երկինք 572 է նետում, այն իր գլխին կ՚ընկնի. նենգաւոր մարդու հարուածները բացում են վէրքերը:
29․ Ով հոր փորի, նրա մէջ կ՚ընկնի, եւ ով որոգայթ լարի, կը բռնուի նրա մէջ:
30․ Ով չարութիւն անի, կը գլորուի նրա մէջ եւ չի էլ իմանայ, թէ այն որտեղից հասաւ իրեն:
31․ Ամբարտաւանների ծաղրն ու նախատինքը, նաեւ վրէժխնդրութիւնը առիւծի նման դարանակալ է նրանց:
32․ Որոգայթով կը բռնուեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծութիւնը պիտի մաշի նրանց:
33․ Ոխը եւ բարկութիւնը նոյնպէս գարշելի են, եւ մեղաւոր մարդը ամուր կառչում է նրանցից: