1. Լաւ է անուն բարի քան զմեծութիւն բազում. եւ քան զարծաթ եւ զոսկի շնորհ բարիք:
2. Մեծատուն եւ աղքատ միմեանց պատահիցին. երկոցունց այցելութիւն առնէ Տէր:
3. Խորագիտի տեսեալ զչարագործն պատժեալ` հաստատութեամբ խրատէ զանձն. եւ անմտաց անցեալ առ նոքաւք վնասեցան:
4. Սկիզբն իմաստութեան երկեւղ Տեառն. եւ մեծութիւն եւ փառք` եւ կեանք:
5. Տատասկ եւ որոգայթ` ի ճանապարհս թիւրաց, իսկ որ զգոյշ կայ անձին իւրում` մերժեսցի ի նոցանէ:
6. Նորոգումն երիտասարդի ըստ ճանապարհաց իւրոց. նա` եւ յորժամ ծերասցի` ոչ մերժեսցի ի նոցանէ:
7. Աղքատք տիրեսցեն մեծատանց, եւ ծառայք տերանց իւրեանց փոխ տայցեն:
8. Որ սերմանէ զանզգամութիւն` հնձեսցէ զչարիս, եւ զհարուածս գործոց իւրոց բովանդակեսցէ:
9. Զայր զուարթ եւ զառատ` սիրէ Աստուած, որ ողորմի տնանկի` ինքն կերակրեսցի, զի յիւրմէ հացէ անտի ետ տնանկի: Զյաղթութիւն եւ զպատիւ ստանայ որ տայ կաշառ, բայց զոգիս առողացն սպանանէ:
10. Հան զժանտն յատենէ` եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի զամենեսեան անարգէ:
11. Սիրէ Տէր զսիրտ սուրբ, եւ ընդունելի են նմա ամենայն անարատք: Շրթամբք հովուէ թագաւոր.
12. եւ աչք Տեառն պահեն զհանճար. եւ անգոսնէ զբանս անաւրէն:
13. Պատճառս դնէ վատ եւ ասէ` առեւծ ունի զճանապարհս, եւ զանցս հրապարակաց սպանողք:
14. Գուբ խոր է բերան անաւրինի, եւ ատեցեալն ի Տեառնէ անկցի ի նա: Են ճանապարհք չարք` առաջի առն, եւ ոչ սիրէ դառնալ ի նոցանէ. բայց դառնալ պարտ է ի թեւր եւ ի չար ճանապարհէ:
15. Անմտութիւն բորբոքեալ ի սիրտ երիտասարդի. գաւազան եւ խրատ հեռի է ի նմանէ:
16. Որ զրպարտէ զաղքատ` բազում առնէ իւր չարիս. եւ որ տայ մեծատան կարաւտութեամբ:
17. Բանից իմաստնոց մատո զունկն քո, եւ լուր բանից իմոց. եւ հաստատեա զսիրտ քո`
18. զի գիտասցես զնոսա` թէ բարի են: եւ եթէ արկցես զնոսա ի սրտի քում. եւ զուարճասցի միանգամայն ի շրթունս քո:
19. Զի եղիցի յոյս քո ի Տէր. եւ ցուցցէ քեզ զճանապարհս իւր:
20. Եւ դու գրեա զնոսա յանձին քում երեքկին. ի խորհուրդս, եւ ի գիտութիւն, եւ ի հանճար:
21. Ահաւասիկ ուսուցանեմ քեզ զբանս ճշմարիտս եւ զգիտութեան. հնազանդ լինել պատասխանի տալոյ զբանս ճշմարտութեան որոց մատչիցին առ քեզ:
22. Մի բուռն լինիցիս տնանկի, քանզի աղքատ է. եւ մի անարգիցես զտնանկն ի դրունս.
23. զի Տէր դատի զդատաստանս նորա, եւ փրկեսցէ անկապուտ զանձն քո:
24. Մի լինիր ընկեր առն բարկացողի, եւ ընդ բարեկամի զայրացողի մի բնակեր:
25. Գուցէ ուսանիցիս զճանապարհս նորա. եւ առնուցուս խեղդ ընդ անձն քո:
26. Մի տար զանձն քո յերաշխաւորութիւն` ակն առեալ երեսաց:
27. զի թէ ոչ ունիցիս ուստի հատուցանիցես` եւ առնուցուն զանկողինս որ ընդ կողիւք քովք կայցեն:
28. Մի փոխեր զսահմանս յաւիտենականս զոր եդին հարք քո:
29. Զայր շոյտ եւ զգոյշ ի գործ իւր` թագաւորաց առաջի պարտ է կացուցանել. եւ ոչ կացուցանել առաջի արանց խաւթասրտաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: