1․ Եւ էթէ յառնիցէ ի միջի քում մարգարէ կամ երազահան երազոց, եւ տացէ քեզ նշան կամ արուեստ.
2․ եւ լինիցի նշան կամ արուեստ զոր խաւսեցաւ քեզ, եւ ասիցէ. Երթիցուք եւ պաշտեսցուք զաստուածս աւտարս` զորս ոչ ճանաչիցէք:
3․ Մի լսիցէք բանից մարգարէին այնմիկ, կամ երազահանին երազոյ. զի փորձէ զձեզ տէր Աստուած ճանաչել, էթէ սիրիցէ՞ք զտէր Աստուած մեր յամենայն սրտէ ձերմէ` եւ յամենայն անձնէ ձերմէ:
4․ Զկնի տեառն Աստուծոյ ձերոյ երթիջիք, եւ ի նմանէ երկնչիջիք, եւ զպատուիրանս նորա պահեսջիք, եւ ձայնի նորա լուիջիք, եւ ի նա յաւելջիք:
5․ Եւ մարգարէն այն կամ երազահան այն երազոց` մեռցի. զի խաւսեցաւ ապստամբեցուցանել զքեզ ի տեառնէ Աստուծոյ քումմէ` որ էհան զքեզ յերկրէն Եգիպտացւոց, որ փրկեաց զքեզ յերկրէն ծառայութեան. մերժել զքեզ ի ճանապարհէն` զոր պատուիրեաց տէր Աստուած գնալ ընդ նմա. եւ բարձցես զչարն ի միջոյ քումմէ:
6․ Եւ էթէ աղաչեսցէ զքեզ եղբայր քո առ ի հաւրէ կամ առ ի մաւրէ քումմէ, կամ ուստր քո, կամ դուստր քո, կամ կին ծոցոյ քո, կամ բարեկամ անձին քո, գաղտ` եւ ասիցէ. Երթիցուք պաշտեսցուք զաստուածս աւտարս, որ ոչ ճանաչիցես դու եւ հարք քո.
7․ յաստուծոց ազգաց որ շուրջ են զձեւք, ի մերձաւորացն քոց կամ ի հեռաւորաց, ի ծագաց երկրի մինչչեւ ի ծագս երկրին:
8․ Մի հաւանեսցիս նմա, եւ մի լուիցես նմա, եւ մի խնայեսցէ ակն քո ի նմա, եւ մի գթասցես ի նա, եւ մի ծածկեսցես զնա:
9․ Պատմելով պատմեսցես զնմանէ. եւ ձեռն քո նախ լիցի ի նա սպանանել զնա, եւ ապա ձեռն ամենայն ժողովրդեանն.
10․ եւ քարկոծեսցեն զնա քարամբք եւ մեռցի: զի խնդրեաց զքեզ ապստամբեցուցանել ի տեառնէ Աստուծոյ քումմէ. որ էհան զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան:
11․ Եւ լուեալ ամենայն Իսրայէղի զարհուրեսցի. եւ ոչ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնորիկ չար ի միջի ձերում:
12․ Եւ եթէ լսիցես ի միում ի քաղաքացն` զոր տէր Աստուած քո տալոց է քեզ բնակել անդ. ասել.
13․ եթէ Ելին արք անաւրէնք ի մէնջ. եւ ապստամբեցուցին զամենայն բնակիչս քաղաքին իւրեանց. ասեն. էթէ Երթիցուք եւ պաշտեսցուք զաստուածս աւտարս` զոր ոչ գիտիցէք.
14․ եւ քննեսցես եւ հարցցես եւ յուզեսցես յոյժ. եւ ահա ստոյգ հաւաստեաւ իցէ բանն, եւ եղեալ իցէ գարշութիւնն ի ձեզ.
15․ կոտորելով կոտորեսջիք զամենայն բնակիչս երկրին այնորիկ կոտորմամբ սրոյ. եւ նզովելով նզովեսջիք զնա, եւ զամենայն ինչ որ ի նմա, եւ զանասուն նոցա ի բերան սրոյ:
16․ Եւ զամենայն կապուտ նորա ժողովեսցես յելս նորա. եւ այրեսցես հրով զքաղաքսն, եւ զամենայն աւար նորա համաւրէն առաջի տեառն Աստուծոյ քո. եւ եղիցի աւերակ յաւիտեան, եւ ոչ շինեսցի:
17․ Եւ մի կռուեսցի ձեռն քում ի նզովից նորա. զի դարձցի Տէր ի բարկութենէ սրտմտութեան իւրոյ: եւ տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ եւ բազմացուսցէ զքեզ. զոր աւրինակ երդուաւ Տէր հարցն քոց:
18․ Էթէ լուիցես ձայնի տեառն Աստուծոյ քո, պահել զամենայն պատուիրանս նորա, զոր ես քեզ պատուիրեմ քեզ այսաւր. առնել զբարին եւ զհաճոյն առաջի տեառն Աստուծոյ քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: